Oրս լցված է թատրոնով, անընդհատ ցանկանում եմ նոր դերեր խաղալ, նոր բաներ փորձել. Հարություն Սարգսյան

Ստացած մրցանակի, անցած ստեղծագործական ուղու և ապագա գործունեության մասին զրուցել ենք վերջերս կայացած «Արտավազդ» 2022 մրցանակաբաշխության հաղթողներից մեկի` տարվա «Լավագույն երիտասարդ դերասան» Հարություն Սարգսյանի հետ:

Ինչպե՞ս ձևավորվեց Ձեր դերասանական ուղու սկիզբը: Ինչու՞ ընտրեցիք հենց դերասանի մասանգիտությունը, ո՞րն էր պատճառը:

Դպրոցի ավարտական դասարանում, երբ բոլորը տարբեր առարկաներ էին պարապում, ես ոչինչ չէի պարապում, անընդհատ մտածում էի, թե ինչ պետք է դառնամ: Մի օր ընկերոջս՝ Դավիթ-Մհեր Սմբատյանի հետ որոշում ենք դիմել թատերական ինստիտուտի զրո կուրսն ու դերասան դառնալ: Հերթական պատահական խոսակցությանը հաջորդեց բուհ դիմելը, ընդունվելն ու դերասանական ուղի սկսելը: Ինստիտուտը ավարտելուց հետո խաղացել եմ երկու ներկայացում. Գոռ Մարգարյանի մոտ՝ «12» և  Մերի Մարգարյանի մոտ` «Թոքեր» ներկայացումներում, որից հետո` «Ճախրող լամպը»` Համազգայինի բեմում:

Harutyun1

Ո՞րն է եղել Ձեր խաղացած առաջին ներկայացումն ու ի՞նչ դերով էիք հանդես գալիս:

Առաջին ներկակայցումս, որը խաղացել եմ, եղել 4-րդ կուրսի դիպլոմային աշխատանքս: Այդ ժամանակ կուրսղեկս Նարինե Գրիգորյանն էր: Ներկայացումը կաբարե ժանրում էր, ընտրել էինք ժամանակակից գործ՝ «Կամ բրավո, կամ թատրոն առանց կենդանիների». մի քանի փոքրիկ պատմվածքներ էին, որոնք միացրած խաղում էինք, ես էլ կոնֆերենսիեի դերն էի տանում:

Վերջերս «Արտավազդ» մրցանակաբաշխությանը ճանաչվեցիք«Լավագույն երիտասարդ դերասան»: Ի՞նչ դժվարությունների միջով եք անցել հասնելու համար այդ տիտղոսին: Սպասելի՞ էր, թե՞ անակնկալի եկաք: Ի՞նչ էիք զգում, դա ավելի չմեծացրե՞ց պատասխանատվությունը հանդիսաստեսի առաջ:

Անկեղծ ասած` առաջին հերթին ուրախ եմ ընտանիքիս համար, որին իմ հաջողությամբ կարողացա ուրախացնել: Նույնքան երջանիկ եմ, որ կարողացա իմ թատրոնի հույսերն արդարացնել: Շատ եմ սիրում թատրոն ու այնտեղի յուրաքանչյուր մարդու, իսկ այս մրցանակն ինձ համար իմ գործի բարձր գնահատականն էր: Պատասխանատվությունն էլ, իհարկե, ավելի է մեծանում, եղածին կրկնապատկվում է:

Harutyun

Ձեր խաղացած դերերից ո՞րն է Ձեզ ավելի նման ու սիրելի, նմա՞ն եք որևէ  մեկին, թե՞ ոչ:

Ամենասիրելի կերպարս «Եվ նորից գարուն» ներկայացման Մաքի կերպարն է, որը բռնցաքամարտիկ է: Նմանություններ շատ չունենք, թերևս ակնհայտ նմանություններից մեկն այն է, որ ժամանակին ես էլ եմ բռնցքամարտով զբաղվել, սակայն կերպարս պրոֆեսիոնալ բռնցաքմարտիկ է: Ու չնայած նրան, որ նմանություններ շատ չկան, միևնույն է, ամենասիրելին սա է: Սրա շնորհիվ  ստացա մրցանակս, որի համար շնորհակալ եմ Նարինե Գրիգորյանին, որն ինձ վստահեց այդ պատասխանատու դերերից մեկը:

Իսկ կա՞ն դերեր, որոնք երազում եք խաղալ:

Կոնկրետ դերեր չկան, որոնք երազում եմ խաղալ, սակայն կցանկանայի Տիբալտ խաղալ «Ջուլիետ»-ում, բայց այդ ցանկությունն էլ է քիչ-քիչ մարում: Հիմա կոնկրետ դերի մասին չեմ երազում կամ մտածում, կենտրոնացած եմ այն բանի վրա, որ լավ դերեր խաղամ ու կարողանամ արդարցնել թե՛ ինձ, թե՛ սպասելիքները:

Harutyun3

Ինչո՞վ կամ ումո՞վ եք մոտիվացվում: Ի՞նչն է Ձեզ օգնում դառնալ ավելի լավն ու ստեղծագործել նորովի:

Ցավոք, մերօրյա Հայաստանում մշակույթը աջ ու ձախ վաճառում ու վերավաճառում են, որն ինձ վրա շատ բացասաբար է ազդում, կուզեի վերանար այդ ամենը, որովհետև դա արժեզրկում է մեր ունեցածը: Մոտիվացիաս սա է, որ ծաղկեցնեմ թատրոնն ու վերջ տանք այս առք ու վաճառքին: Այսքան սիրել ու նվիրվել թատրոնին սովորել եմ իմ կոլեգաներից ու շատ բաներ էլ շարունակում եմ սովորել:

Մարդկային ո՞ր որակներն եք կարևորում կյանքում:

Ինձ համար ամենակարևորը արդրությունն է, լինել անկեղծ, չստել, չստել հատկապես հարազատ մարդկանց, լինել հավատարիմ, սիրել աշխատանքդ ու ցանկացած պարագայում մնալ մարդ:

Harutyun2

Ինչպիսի՞ն եք առօրյայում, ի՞նչ հոբբիներ ունեք:

Օրվա մեծ մասն անցկացնում եմ թատրոնում, չեմ հագենում նրանից, օրս լցված է թատրոնով, անընդհատ ցանկանում եմ նոր դերեր խաղալ, նոր բաներ փորձել: Հավելեմ, որ երբ ազատ եմ լինում, կիթառ եմ նվագում, որը նվագել ինքնուրույն եմ սովորել:

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 510

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: