Թատրոնը դառնում է վատը, երբ բեմում չկա ազնվություն. Սամվել Թոփալյան

Ի՞նչ կարող է փոխել թատրոնը մարդու ներսում, ո՞ր ժանրի ներկայացումներն են գրավում մարդկանց, ի՞նչ է տալիս կերտած դերը դերասանին. այս և այլ հարցերի պատասխանները մեզ տվել է դերասան Սամվել Թոփալանը, որի հետ խոսել ենք թատրոնի դերի, կարևորության, կարիերայի, դրա ձևավորման և այլնի մասին:

 

Պարոն Թոփալյան, ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք զբաղվել դերասանի մասնագիտությամբ: Ո՞րն է եղել Ձեր առաջին ներկայացումը, որտե՞ղ և ե՞րբ: 

Նախապես պլանավորված չէր դերասանի մասնագիտությամբ զբաղվելս: Այնպես ստացվեց, որ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի թատերական ինստիտուստ՝ Արմեն Մազմանյանի կուրս, ու այդտեղից էլ ամեն բան սկսվեց: Առաջին ներկայացումս Գարեգին Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն» ներկայացումն էր, որը Նժդեհի նամակների և մտքերի մասին էր, ընդհանուր կոմպոզիցիա՝ բանտում գրված մտքերի և երիտասարդության շրջանի նամակների հիման վրա: Կարևոր և պետքական գործ էր, մեր օրերի համար շատ արդիական: Մեր օրերում ևս կարևոր է Գարգեին Նժդեհին ճանաչելը: Այդ ներկայացումը խաղում էինք կուրսով, որտեղ ամեն մեկս Նժդեհ էինք մարմնավորում:

Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել դերասանական ուղու ընթացքում և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել: 

Իրականում, խոչընդոտներ շատ չեն եղել: Դրանք հաղթահարելի դժվարություններ են: Օրինակ՝ դեր են առաջարկել, փորձել ես, չի ստացվել, հիասթափվել ես, բայց կողքից ոգևորել են, ու ստացել ես այն արդյունքը, որը ներկայացրել ես հանդիսատեսի դատին: Ցանկացած մասնագիտություն ունի իր դժվարություններն ու կետերը, որտեղ պետք է ջանք ու եռանդ թափել, սա եղել է, կա ու կլինի: Երբ  աշխատանքի մեջ ես, դրանք անպակաս են, կարող ես թե՛ սխալվել, թե՛ չհաջողել, որովհետև սխալվում է այն մարդը, որն աշխատում է: 

Samvel Topalyan1

Ումի՞ց եք սովորել ու ստացել արժեքավոր գիտելիքներ, որոնք շատ են պետք եկել: Եվ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը Ձեր մասնագիտության մեջ։ 

Գիտելիքներ ստացել եմ առաջին ուսուցչիցս՝ Արմեն Մազմանյանից, որը կրթել է մեզ ոչ միայն որպես մասնագետների, այլև որպես քաղաքացու՝ ձևավորելով այն իրական արժեքները, որով պետք է առաջնորդվել կյանքում, Աննա Հեքեքյանից ևս շատ բան եմ սովորել: Առանձնահատուկ տեղ ունեն Արմեն Աղասիչը, որի հետ ցավոք երկար չաշխատեցինք պրոֆեսիոնալ բեմում, Նարինե Մալյանը, որն իր ճաշակով, մտածողությամբ  այլ արժեքավոր աշխարհից է: Նրանցից շատ բան եմ սովորել, նրանք թե՛ որպես մասանգետ, թե՛ որպես մարդ դավանում են բարձր ու իրական արժեքների:

Ոգեշնչումս կարող է լինել իրարից տարբեր և շատ տարօրինակ բաներից: Օրինակ՝ պոեզիայից տող կարդամ կամ բառակապակցություն, հասկանամ դրա գեղեցկությունն ու խորությունը, ու դա իմ մեջ արթնացնի ստեղծագործելու ցանկություն, ոգեշնչանք: Վերջին ժամանակներս ինձ մոտ ոգեշնչման աղբյուրը Եղիշե Չարենցն է. մեծություն, որի նմանը համաշխարհային գրականության մեջ չկա: 

Չարենցի 125-ամյակի միջոցառմանը Չարենց էիք մարմնավորել: Պատմեք այդ մասին:

Կոնկրետ Չարենց չեմ մարմնավորել, այլ իր խենթ ու խելառ տարիները փորձել ենք իր պոեզիայի միջոցով ներկայացնել: Իմ մարմնավորումը նրա երիտասարդական տարիներն էին, նրա կիրքը, ավյունը, կնոջ հանդեպ սերը: 

Samvel Topalyan2

Կա՞ն գրական կերպարներ, որոնց կցանկանայիք մարմնավորել: 

Երբևէ չեմ ցանկացել որևէ հստակ դեր մարմնավորել: Փառք Աստծո, այսքան ժամանակ խաղացել եմ ինձ համար շատ լավը համարվող կերպարներ: 

Խաղում եք նաև «Առաքել»  ներկայացման մեջ: Ինչպե՞ս հղացավ գաղափարը, ի՞նչ արձագանքներ ունի ներկայացումը հանրության շրջանում: 

Նախապատրաստական ընթացքին ներկա չեմ եղել, միացել եմ թիմին այն ժամանակ, երբ ներկայացման հերոսի՝ Տիգրանի կերպարը մարմնավորող էր պետք, որի համար էլ ընտրեցին ինձ: Մոտ կես տարի է` արդեն խաղում ենք ու բեմից ներկայացնում մերօրյա իրականությունը: Կարծում եմ՝ հանրությունը հավանել է այն, վկայությունը՝ ներկայացումից հետո հնչող հոտնկայս ծափահարություններն ու թաց աչքերն են: 

Խաղում եք նաև մանկական ներկայացումներում: Ո՞ր հանդիսատեսն է ավելի ջերմ` մեծե՞րը, թե՞ փոքրերը:

Գիտե՞ք, ես տեսել եմ 70 տարեկան երեխայի, այսինքն մարդու, որը իր միջից չի հանել մանկական անկեղծությունն  ու պարզությունը: Երեխաների համար խաղալը շատ դժվար է և պատասխանատու. չէ՞ որ մանկության մեջ է պարզությունը, սուտը ճշմարիտից տարբերելը, դրա համար էլ մենք՝ որպես դերասան, նրանց համար շատ զգույշ պետք է աշխատենք բեմից: Երեխաների համար դերասանը պետք է ազնիվ լինի: Մեծերի դեպքում այլ է, քանի որ նրանք վերոնշյալ գիտակցությունից արդեն դուրս են եկել, և նրանց հետ բեմից խոսում ենք ավելի շատ ուղեղով: Մեծերի պահանջն այլ է, նրանք գալիս են թատրոն լիցքաթափվելու համար, իսկ փոքրերը գալիս են հրաշք տեսնելու: Բնականաբար, մանակական ներկայացումների հանդիսատեսն ավելի ջերմ է: 

Samvel Topalyan4

Ձեր խաղացած դերերից ո՞րն է եղել Ձեզ նման կամ որի՞ց եք ինչ-որ բան սովորել: Ո՞ր կերպարի հետ եք ամենից շատ ասոցացնում Ձեզ: 

Ոչ մի դերի հետ չեմ ասոցացնում ինձ, սակայն մեր մասնագիտության հետքրքրականն այն է, որ մարմնավորում ենք տարբեր մտածողություններ, բնավորություններ, սովորություններ ունեցող կերպարների, որոնցից գրեթե միշտ ինչ-որ բան սովորում ենք. նրանք ինչ-որ  բան կարողանում են մեր մտածողության մեջ թողնել կամ փոխել: Մեր հոգին էլ ժանգոտելու սովորություն ունի. երբ չենք գնահատում գեղեցիկը, լավը, մեզ տրվածը, այն ժանգոտում է, փչանում, իսկ զանազան կերպարները դերասաններին օգնում են խուսափել դրանից: 

 Ո՞ր դերն է ամենից դժվար ստացվածը կամ ո՞րն ամենից շատ էներգիա խլել այն կերտելու համար։ 

Հստակ դեր չեմ կարող նշել, քանի որ յուրքանչյուրն իր բարդությունն է ունեցել, տարբերակել չեմ կարող, թե մեկը շատ հեշտ է ստացվել, մյուսը՝ ոչ: Դերերի հետաքրքրությունն էլ այն է, որ կան դերեր, որոնք հեշտ չեն տրվում ու դրա ստացման համար ջանք ու եռանդ է պահանջում: Այնպես, որ յուրաքանչյուր կերպար ունեցել է իր դժվարությունը, որ ստիպել է պրպտել ու նախատեսվածից ավելի շատ ժամանակ տրամադրել: 

Հիմնականում դրական կերպարներ եք խաղում։ Բացասական կերպար խաղացե՞լ եք, թե՞ ոչ: Ո՞րն եք նախընտրում: 

Եղել են նաև բացասական դերեր: Անկեղծ ասած` բացասականներն ավելի ձգող են, քանի որ ունեն արտահայտման վառ երանգներ, իսկ դա դերասանին հետաքրքրում է: Կարճ ասած՝ բացասական դերի ցայտունությունը գրավիչ է: 

Samvel Topalyan5

Ավելի շատ կատակերգակա՞ն, թե՞ ողբերգական դերերն եք նախընտրում։ Ճի՞շտ է, որ մարդկանց հուզելն ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը։

Շատ կարևոր է և պետք է, որ դերասանը տարբեր ժանրերում դրսևորվի: Կատակերգությունն ու ողբերգությունը բարակ թելով են առանձանում. մի քայլ այս կողմ` այս կամ այն իրավիճակը կատակերգություն է, մյուսում՝ ողբերգություն: Այդ բարակ թելի վրայով ենք քայլում թե՛ կատակերգական, թե՛ ողբերգական դերեր կերտելիս: Կարևորն այն է, որ մեր արածի շնորհիվ ինչ-որ մեկի ներսում մի բան շարժվի կամ փոխվի. չէ՞ որ թատրոնի դերը հարցեր բարձրացնելն է, ոչ թե պատասխաններ տալը:    

Խաղընկերներից ու՞մ հետ է ամենից հեշտ ստացվել համատեղ աշխատանքը։ 

Որևէ մեկի անունը տալ չեմ կարող, սակայն, բնականաբար, եղել են մարդիկ, որոնց հետ աշխատելն ավելի հեշտ է եղել, և, բարեբախտաբար, նման մարդիկ շատ են եղել: Աշխատանքը հեշտանում է միայն այն ժամանակ, երբ խաղընկերդ մարդկային բարձր արժեքների տեր մարդ է:

Ձեր մասնագիտության մեջ Ձեզ համար ի՞նչն է ամենակարևորը։ 

Ամենակարևորը անկեղծությունն ու ներքին ազնվությունն է, քանի որ մենք գործում ենք մարդու համար, մարդու մասին, ու եթե մեր արածը անկեղծ չեղավ, սուտ կդառնա ամեն ինչը: Մենք բեմից խոսում ենք բարձր արժեքների մասին, եթե դա ազնվորեն չմատուցենք, սուտ կդառնա: Թատրոնը դառնում է վատը, երբ բեմում չկա ազնվություն:

Samvel Topalyan6

Գնու՞մ եք թատրոն որպես հանդիսատես:

Ցավոք սրտի, քիչ եմ հաճախում թատրոն, որովհետև ինքս էլ խաղում եմ և շատ հաճախ ներկա գտնվել այն ներկայացումներին, որոնց կցանկանայի գնալ, չի ստացվում, քանի որ համընկնում են իմ աշխատանքային ժամերի հետ:

Զբաղվու՞մ եք ինքնաքննադատությամբ, ինքնաքննադատորե՞ն եք մոտենում Ձեր աշխատանքին: 

Առաջինը զբաղվում եմ հենց դրանով` առողջ ինքնաքննադատությամբ, քանի որ եթե դա կորցնես քո մեջ, ապա չես կարողանա աճել, զարգանալ ու կհայտնվես այնպիսի վատ իրավիճակում, որից դուրս գալը բավականին դժվար կլինի:

Կյանքում եղել են այնպիսի իրադարձություններ, որոնք նպաստել են որպես անհատ Ձեր ձևավորմանը։

Կենսափորձն այդ հարցում շատ է օգնում, քանի որ նույն իրավիճակը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընդնվում. մեկը դա նորմալ է համարում կամ անտեսում, մյուսը՝ սովորում, ընկալում ու խորհում դրա շուրջ:

 

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 1172

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: