Թատրոնն անփոխարինելի է, ոչնչի հետ չես կարող փոխել այն․ Նարեկ Բաղդասարյան

Այս տարի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը շնորհվեց Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ) ներկայացման համար:

Cultural.am-ի հետ զրույցում դերասանը խոսել է թատրոնի, ներկայացումների, հանդիսատեսի փոփոխության մասին։

Նարե՛կ, այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ստացաք տարվա «Լավագույն տղամարդ դերասան» մրցանակը։ Սպասելի՞ էր, դերասանի համար ի՞նչ են մրցանակները։

Ինձ համար անակնկալ չէր մրցանակին արժանանալը, քանի որ յուրաքանչյուր մարդ, որը նոմինացվում է մրցանակաբաշխությունների ժամանակ, ինչ-որ սպասելիքներ ունի, որ կարժանանա մրցանակին։ Շատ տաղանդավոր մարդիկ ու լավ դերասաններ նույնպես նոմինացված էին այդ մրցանակի համար։ Շատ հաճելի է ու պարտավորեցնող, որպեսզի դու միշտ փորձես լինել լավը, որ մարդիկ չկարծեն, թե մրցանակն իզուր էր։ Մի այլ խնդիր էլ այն է, որ մրցանակը ստանալիս հետո չշարունակես աշխատել միայն մրցանակ ստանալու համար։ Այդ մրցանակը կարևոր բան պետք է փոխի այն ստացած մարդու կյանքում։ Նշանակալից բան պետք է դառնա, գնահատված է զգում իրեն դերասանը, հանդիսատեսի գնահատանքից հետո։

Narek Baghdasaryan 2

Մրցանակը Ձեզ բերեց «Խատուտիկի գինի» ներկայացումը։ Խոսենք ներկայացման մասին։ 32 տարեկանում մարմնավորեցիք 12-ամյա Դագլասին, դժվա՞ր էր, ինչպիսի զգացողություններ եք ունենում ամեն անգամ դերը կերտելիս։

Այդքան էլ չեմ մարմնավորում 12-ամյա Դագլասին։ Վեպը հեղինակի կողմից գրվել է 38 տարեկանում։ Գրել է իր մանկության մասին, հերոսի նախատիպը ինքն է, երբ 12 տարեկան է եղել։ Մեր ներկայացումն էլ կառուցված է այնպես, որ ես՝ որպես հասուն մարդ, պարզապես հետ եմ գնում իմ մանկություն ու փորձում եմ հիշել ու վերաիմաստավորել այն։

Ի՞նչ դեր ունեցավ ձեր դերասանական կյանքում «Խատուտիկի գինին»։

Ներկայացումը շատ հայտնի վիպակի հիման վրա էր։ Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է, որը մի օր ասաց, որ որոշել է այդ վիպակը բեմադրել։ Բավական դժվար է նման գործերը բեմադրել, բայց ինքը սիրում է այդպիսի բարդ աշխատանքներ։ Սկսեցինք գործը, բավականին բարդ էր, քանի որ բազմամարդ ներկայացում էր․ 19 մարդ է խաղում ներկայացման մեջ։ տարբեր սերունդներ կան։ Ամենամասշտաբային ներկայացումն էր թե՛ դեկորացիաների տեսանկյունից, թե՛ ներկայացման երկարությունից։ Երկուսուկես ժամ բեմի վրա եմ եղել, դուրս չեմ եկել բեմից և մոտավորապես երկու ժամ խոսել եմ։ Ֆիզիկակապես և հոգեպես շատ դժվար էր, բայց միևնույն ժամանակ հաճելի էր։ Բոլոր դերասանները պետք է անցնեն այդպիսի աշխատանքի միջով։

Ո՞ր դերն է, որն առավել թանկ է Ձեզ համար։

Բոլոր ներկայացումներն ինձ համար առանձնահատուկ են, քանի որ ամեն ներկայացում ունի իր մթնոլորտը, հոտը, և բոլորնն էլ տարբերվում են իրարից։ Գուցե առանձնանում է հենց «Խատուտիկի գինին», բարդ ներկայացում էր, և այդպիսի ծանրության աշխատանք չեմ ունեցել։ Շատ նուրբ ներկայացում է, հոգի շոյող, ինչը շատ հետաքրքիր է։

Narek Baghdasaryan 3

Աշխատանքը տարբեր ռեժիսորների հետ։ «Խատուտիկի գինի» ներկայացմանը Նարինե Գրիգորյանի հետ եք աշխատել, խոսենք նաև այդ մասին ։

Ռեժիսորների հետ շատ հեշտ եմ աշխատում, որովհետև ռեժիսոր-դերասան դերաբաշխումը շատ լավ եմ հասկանում։ Բազմաթիվ նրբություններ կան այդ աշխատանքի մեջ, բայց կախված է նաև, թե ինչպես է տարվում աշխատանքը։ Եթե ռեժիսորին վստահում ես, դա հեշտացնում է քո աշխատանքը։ Նարինե Գրիգորյանի հետ բազմաթիվ անգամներ եմ աշխատել, և արդեն մեկ բառից հասկանում ենք իրար։

Հանդիսատեսի մասին խոսենք․ դերասանի ու հանդիսատեսի հարաբերությունները ինչպիսի՞ն պետք է լինեն։ Տարիների ընթացքում հանդիսատեսի փոփոխոթյունը ի՞նչ է իր հետ բերում թատրոն։

Հանդիսատեսը հիմա շատ լավն է ու նրբանկատ։ Գնալով ակնհայտ է դառնում այդ փոփոխությունը։ Նրանք մեզնից մեծ սպասելիքներ ունեն, և դա էլ է պարտավորեցնող։ Հանդիսատես-դերասան կապը հետաքրքիր է, որովհետև այդ կապը շատ հաճախ չի ստեղծվում, բայց երբ ստեղծվում է նման էներգետիկ դաշտ, ապա դա մեծագույն հաճույք է դերասանի համար։

Շատ դերասաններ նաև էկրաններին են շատ հաճախ հայտնվում։ Դուք այդ մասին մտածո՞ւմ եք, ո՞րն է թատրոնի ու հեռուստատեսության տարբերությունը։

Թատրոնի և հեռուստատեսության տարբերությունը կենդանի և ոչ կենդանի կապի մասին է։ Թատրոնն անփոխարինելի է, ոչնչի հետ չես կարող փոխել այն։ Ամեն ինչ կատարվում է այդ վարկյանին ու երբեք չի կրկնվում։ Անգամ նույն ներկայացումը հաջորդ անգամ խաղալիս նույնությամբ չի կրկնվում։ Ես ինձ պարզապես չեմ տեսնում հեռուստատեսությունում։ Կարևոր է, թե դերասանը ինչ որակներով ու մակարդակով է ուզում լինել։ Առայժմ ինձ այդ ոլորտում չեմ տեսնում։

Narek Baghdasaryan 4

Խոսենք «Համազգային թատրոնից»․ ի՞նչ է Ձեզ տվել թատրոնն ու շարունակում տալ։

Համազգային թատրոնը շատ կարևոր դեր է խաղում իմ կյանքում։ Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ընդունվել վարպետի՝ Սոս Սարգսյանի կուրս․ դա կարևոր սկիզբ էր ինձ համար։ Ապագայիդ համար լավ է ի սկզբանե այդպիսի մթնոլորտում հայտնվելը։ 

Ի՞նչն է ոգեշնչում դերասանին բեմում, կամ մինչ բեմ բարձրանալը։

12 տարի է, ինչ թատրոնում եմ, երկրորդ կուրսից փոքր դերով սկսել եմ խաղալ, ինձ համար թատրոնը շատ կարևոր է։ Բազմերանգ է, մարդիկ տարբեր են ու շատ լավ կարողանում են զգալ միմյանց։ Մեր թատրոնում Սոս Սարգսյանի հիմքը կա, յուրահատուկ մթնոլորտ, այն քեզ ստիպում է միշտ փորձել ու հասնել ավելիին, որպեսզի չհիասթափեցնես հանդիսատեսին։

Երեք բան, որ կցանկանայիք փոխել դերասանի մասնագիտության մեջ։

Դերասանի մասնագիտությունը շատ յուրահատուկ է, ու տարբեր դերասաններ աշխատելու իրենց մեթոդներն ունեն։ Բեմ բարձրանալուց առաջ որևէ առանձնահատուկ բան պետք չէ անել, ինձ, օրինակ, ոգեշնչում են նաև լավ դերասանները։ Մասնագիտությունը կենդանի ու զարգացող արվեստ է, անընդհատ փոփոխվող։ Մարդիկ պետք է կարողանան ընկալել դերասանին, արժեք ունեցող դերասաններին ընդունեն այնպես, ինչպես իրենք կան։

Զրուցեց Մերի Խաչատրյանը

  • Created on .
  • Hits: 1103

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: