Համշենը՝ շարժման մեջ ապրող հիշողություն

Համշենական պարը պարզապես շարժումների շարք չէ, այլ՝ լեզու, հիշողություն և փոխհարաբերություն։ Տիգրան Մկրտչյանի հետ զրույցում Համշենը բացվում է որպես մշակութային դարպաս։

Տիգրան Մկրտչյանը «Մասունք» ավանդական երգի-պարի խմբի անդամ է, «Ափ ափի» ավանդական երգի-պարի խմբի համահիմնադիր։ Նրա ճանապարհը դեպի հայ ավանդական պարեր և համշենական մշակույթ սկսվել է «Մասունք» ազգագրական խմբից և անմիջականորեն կապված է Ռուդիկ Հարոյանի (հայ բանահավաք, պարուսույց, ազգագրագետ, տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու․ 1984 թվականին Երևանում հիմնադրել է «Համշեն» ազգագրական անդրանիկ խումբը) հետ։ 

«Ռուդիկ Հարոյանը դեռևս 1980-ականներին գործնականում առաջիններից էր, որ համշենական պարերը բերեց Հայաստան։ Նա  Խորհրդային Ռուսաստանի տարածքում՝ Սև ծովի ավազանում սփռված համշենական համայնքներ կատարած իր ճանապարհորդությունների ընթացքում, մեծ աշխատանք է իրականացրել, հատկապես Աբխազիայի համշենահայերի շրջանում։ 

Հավաքագրել է երգեր, պարեր, ծիսական պատառիկներ։ Այդ ժամանակաշրջանում դա չափազանց դժվար առաքելություն էր՝ տեխնիկական միջոցների սղության պայմաններում։ Բայց հենց նրա շնորհիվ համշենական պարերը սկսեցին ապրել ոչ միայն հիշողության, այլև բեմի վրա»,- ասում է Տիգրանը՝ նշելով, որ Ռուդիկ Հարոյանի հետ շփումից և նրա կերպարով է սկսվել իր ներգրավվածությունը «Մասունք»-ում։ Խմբում պարելուց զատ՝ նա սկսել է նաև ուսումնասիրել, ուսուցանել, փոխանցել։ Համշենական պարերը աստիճանաբար դարձել են նրա հետաքրքրությունների առարկան։

1 Համշեն

«Առաջին անգամ համշենական պար տեսել եմ որպես հանդիսատես․«Մասունք»-ը բեմում ներկայացրեց «Ջուխտ կրունկ», «Նեյբար», «Թաք թանզարա», «Հոռմի բար» պարերը։

(Այդ տարիներին, աշխատանքի բերումով, երկար ժամանակ կտրվել էի «Մասունք»-ից և փորձերին չէի գնում։ Այդ պատճառով համերգին ներկա էի հանդիսատեսի դերում) Տպավորված էի, որովհետև դրանք նոր էին ասպարեզում, նաև շատ էներգետիկ էին, արագ, եռուն․ համապատասխանում էին իմ ներքին ռիթմին։ Ես միշտ ավելի մոտ եմ եղել դինամիկ շարժմանը, քան ծանր ու դանդաղ պարի ձևերին։ 

Սկզբում Համշենն իմ համար կիսաձայն էր՝ անունների, շարժումների, հատվածական պատկերների տեսքով»,- հիշում է Տիգրանը։

Պարուսույցի ընկալումն ու պատկերացումը փոխվում է, երբ կենդանի շփում է ունենում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի համշենական համայնքների հետ։

«2018 թվականին իմ կապը Համշենի հետ դարձավ ավելի կենդանի։ 

Տուապսեի շրջանում համշենական համայնքների հետ անմիջական շփվելով՝ տեսա համշենական մշակույթն իր բնական միջավայրում․ երգը, պարը, լեզուն, շարժումը, մարդկանց փոխհարաբերությունները։

Տենգինկա գյուղում, որը հիմնականում բնակեցված էր համշենցիներով, առաջին անգամ հանդիպեցի համշենցի երախտավոր Սպարտակ Սաղարյանին․ մարդ, որը տարիներ շարունակ գրառել է քրիստոնյա համշենահայերի երգերն ու պարերը՝ ստեղծելով հսկայական արխիվ։ 

Այդ արխիվից մի մասը նա վստահեց ինձ՝ դեռ չհրապարակված նյութեր․ «Թրթռուկ», «Ծափիկ», «Էլմաջուխ», «Սարիկըզ» (որն այլ կերպ կոչվում է «Շեկ աղջիկ» ) և բազմաթիվ այլ պարերի վերաբերյալ տեսագրություններ։ Ի դեպ, այս բոլոր պարերի անունները ցուցակագրված են Ռուդիկ Հարոյանի արխիվներում՝ թվով 20 պար»,- ասում է Մկրտչյանը։

2 Համշեն

Համշենական մշակույթը ճանաչելու ճանապարհին կարևոր շրջադարձ է դառնում նաև «Meluses» խմբի երաժշտության հետ առնչությունը։ Ստամբուլում 2009 թվականին ձևավորված խումբը ալտերնատիվ ռոքի լեզվով վերաիմաստավորում է համշենական ժողովրդական երաժշտությունը։ 

«Երևանում խմբի համերգի ավարտից հետո պարկապզուկ նվագողը իջավ բեմից։ Նրա շուրջ հավաքվեցին մարդիկ, սկսեցին պարել. կանչեր, արձագանքներ, համշենական բացականչություններ. ո՛չ պաշտոնական, ո՛չ բեմական միջավայրում, ինչպես անում են Համշենի յայլաներում։ Պարին արդեն ծանոթ էի, բայց էներգետիկան շատ ուրիշ էր։ 

Բնությունն էր պակաս՝ սարերն ու ծառերը, բայց շարժումներն ու բացականչությունները նույնն էին։

«Պարեցինք ու շփվեցի Արմենի, Յաշաղի և մի քանի այլ համշենցիների հետ»,- ասում է Տիգրանը՝ նշելով, որ այդ օրվանից կապը Յաշաղի հետ պահպանվեց։

Յաշաղը երևանյան հայերենն ավելի հեշտ էր հասկանում, քան Տիգրանը՝ համշենական բարբառը։ Ու մի օր էլ Յաշաղը գրում է, որ գալիս է Հայաստան։ Այդ գիշեր Տիգրանը բարձրաձայնում է վաղուց որոշած ցանկությունը՝ «Ես ուզում եմ «Հոպա Համշեն» սովորել»։ 

«Պարը տեսել էի համացացում, որի մասին հակասական բաներ էի լսել։ Աղբյուրների ոչ ստույգ լինելու կամ ընդհանրապես չլինելու պատճառով այն չէր տարածվել Հայաստանում։ Նույնիսկ Ռուդիկ Հարոյանը ոչինչ չուներ գրած այս պարի մասին․ նրա գրառած պարերը քրիստոնյա համշենցիների համայնքին էր հատուկ, բայց ո՛չ մուսուլման համշենցիների։

Մտածեցի լավ ուսումնասիրեմ պարը, քանի որ Յաշաղն էլ Հոպայից էր ու լավ գիտեր այն։ Նախ հարցրի՝ արդյոք պարը համշենակա՞ն է, թե՞ ոչ։ Եվ դրական պատասխան ստանալուց հետո հենց փողոցում էլ ուշ գիշերին սկսեց սովորեցնել պարը։

Ո՛չ ստուդիա, ո՛չ հայելի, ո՛չ բեմ։ Լեզուները խառնվեցին՝ ռուսերեն, թուրքերեն, հայերեն, ժեստեր, ծիծաղ։ Հեռախոսի տեսախցիկով նկարահանեցինք, որ հետո կարողանամ վերարտադրել։

Ամբողջ պարը ուղեկցվում է ձայնարկություններով՝ «Ձե՛ն տուր, ձե՛ն, ահա՜»։ Պարզվում է՝ սա պար է, որը հնարավորություն է տալիս հավանած մարդուն պարաշրջանի կենտրոն հրավիրելու։ Օրինակ՝ տղան կարող է աղջկան հրավիրել պարի կենտրոն, որ միասին պարեն, սիրախաղ անեն։ Այսպիսի պար ունենք` ավանդված Փերիայի շրջանից, կոչվում է «Յալլի», որը համարվում է հարսանեկան պար։ Իսկ այ «Հոպա Համշեն հոռոնու»-ն, որքան էլ նշածս առումով նման է «Յալլի» պարին, ամեն դեպքում, այն չեմ կարող անվանել հարսանեկան։ Այս պարը Հոպայի համշենցիները պարում են բոլոր խնջույքներին, այդ թվում և հարսանեկան։

«Հոպա Համշեն հոռոնու»-ն, որին համշենցիներն նաև ասում են «Խոռոնե», իր մեջ ունի նաև երկխոսություն պարողների միջև, հատկապես՝ պարբաշու (պարագլխի) և մասնակիցների․

- Գարմի՛ աղջիկ, այե՛ աղջիկ,

- Մե մա խաա՛, շիդագ խաա՛,

- Ես քեզիգ սիրում եմ, դուն ինձի սիրո՞ւմ ես։

Այն նաև իմպրովիզիացիոն պար է` բացականչությունների տեսակետից, թեև որոշ տեղերում ունի հստակ հրահանգներ, բայց ոգևորության ժամանակ պարն ուղեկցվում է նաև այդ պահին սրտից ու զգացածից բխած բարբառային բացականչություններով»,- բացատրում է Մկրտչյանը։

3 Համշեն Յաշաղ

Այսպես, պարը, սովորելով կրողից, Տիգրանը սկսում է սովորեցնել իր «Ափ ափի» խմբում։

Յաշաղին պարուսույցը հրավիրել է նաև «Ափ ափի»-ի փորձերից մեկին, երբ վերջինս հերթական անգամ գործով եկել էր Հայաստան։

Ի վերջո, Համշենը Տիգրանի համար դառնում է ոչ միայն ուսումնասիրման ճյուղ, այլև պատասխանատվություն։ Նրա կարծիքով՝ այն, ինչ կենդանի է, պետք է ճիշտ փոխանցել, ո՛չ ավելացնել, ո՛չ հորինել, ո՛չ գեղեցկացնել։ Պարզապես պահպանել։ 

«Եթե պարը բեմից ներքև է՝ իր բնական միջավայրում, և իր բնական միջավայրում էլ զարգացում է, ապրում` ենթարկվելով որոշակի փոփոխությունների՝ ավելացվող նոր շարժումների, էլէմենտների տեսքով, ապա կարծում եմ՝ դրա դեմ պետք չէ պայքարել, քանի որ այն զարգանում է իր բնական միջավայրում։ Օրինակ, եթե դիտենք 15 տարի առաջվա տեսանյութերը, որտեղ «Յարխուշտա» են պարում, և դիտենք ներկայիս տեսանյութերը, ապա կնկատենք, որ նույն մարդը «Յարխուշտա» պարում է՝ նոր մասնիկներ ավելացրած, ինչը չէր անում 15 տարի առաջ։ Եվ սա բեմից ներքև՝ բնական միջավայրում, անընդհատ պարելու արդյունք է։ Եվ սա է ֆոլկը․ այն կենդանի օրգանիզմ է, ինչպես մայրենի լեզուն, և անընդհատ ենթարկվում է ձևափոխությունների։ Կարծում եմ, որ այդ ձևափոխություններն արդարացված են, եթե տեղի է ունենում բեմից ներքև՝ իր բնական միջավայրում և իր բնական զարգացման ընթացքի մեջ։ Վերջիվերջո, պարերի այն տեսքը, որ ունենք այսօր և գրառվել են վերջին ժամանակների կրողներից, չես կարող ասել, թե ինչ տեսք են ունեցել դարեր առաջ և դարեր առաջ ապրող կրողների և վերջին ժամանակների կրողների արանքում․ ոտքից ոտք, ձեռքից ձեռք և կատարողից կատարող, ինչ փոփոխության են ենթարկվել։ Այնպես որ, ֆոլկի ձևափոխությունը, որը կատարվում է իր բնական միջավայրում, իմ կարծիքով՝ արդարացված է։

Ուրիշ բան, եթե դու բեմ հանելու համար, ավելի գեղագիտական, աչքին հաճելի շարժումներ ստանալու նպատակով, դիտմամբ ու գիտակցաբար նոր շարժումներ հորինես։ Դա արդեն ֆոլկ չէ, դա խորիոգրաֆիկ արվեստ է, ինչը ասպարեզ է եկել վերջին հարյուրամյակում, մասնավորապես՝ Խորհրդային Հայաստանում` դասական բալետի ազդեցության արդյունքում, իսկ ֆոլկը հազարամյակների պատմություն ունի և հեռու է խորիոգրաֆիկ արվեստից։ Եվ ֆոլկի բնական ձևափոխությունների դեմ կարծում եմ՝ չես կարող պայքարել և պետք էլ չէ, այն պետք է ընդունել՝ որպես ֆոլկին հատուկ բնական զարգացում»,- մանրամասնում է Տիգրանը։

4 Համշեն

Համշենական մշակույթի հետ աշխատանքի խորացմանը զուգահեռ, սկսվում են նաև միջոցառումներ, որտեղ ներկայացնում են «Էլմաջուխ», «Հոռմի բար», «Դիրղոնա», «Սըք ռիզե»,  «Չըֆթ այաք », «Լեցինա», «Շեկ աղջիկ» և շատ այլ համշենական պարեր, ինչպես նաև Յաշաղից սովորած «Հոպա Համշեն հոռոնու» կամ «Խոռոնե»  պարի այս տարբերակը, որոնցից «Էլմաջուխ» ու «Հոպա Համշեն»-ի այս տարբերակը առաջին անգամ «Ափ ափի» խումբը բեմ է բարձրացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «Հասկ» խմբի նախաձեռնած «Հայքի ձայներ» խորագիրը կրող համերգի ժամանակ։

Սկսվում է նաև համեմատական ուսումնասիրությունների փուլը։ Համշենական պարերից՝ պոնտական պարեր, շփում հունական համայնքի հետ, զուգահեռներ, համադրումներ։ Տիգրանի կարծիքով՝ եթե ուզում ես հասկանալ ազդեցությունը, պիտի ուսումնասիրես նաև այն մշակույթը, որից ազդվել ես։ 

«Ֆոլկը ստանդարտի մասին չէ, այն բազմազանության մեջ է գեղեցիկ։

Պատկերացրեք մի կտավ, որտեղ ամեն ինչ կարմիր է, ոչ միշտ է գեղեցիկ, բայց եթե կան տարբեր գույներ, որոնք ճիշտ տեղում են, պատկերը շքեղանում է։

Այսօր ես չեմ համարում, որ մենք մեր նախնիներից ժառանգած մշակույթը լիարժեքորեն կրում ենք, ես ավելի շատ կրելու փոխարեն նախընտրում եմ օգտագործել «վերարտադրել» տերմինը։ Կարծում եմ, որ որոշ տեղերում կրող ենք, բայց մեծապես՝ վերարտադրող։ Օրինակ՝ մենք այլևս էրիշտայի խմորը չենք հունցում ոտքի հարվածներով, բայց պարում ենք «Էրիշտա» պարը վերարտադրելու համար այն, ինչը կրել են մեր նախնիները։ Եվ հատկապես պարի դեպքում ինֆորմատիվ բազան կամ հավուր պաշաճի տեղեկությունները հաճախ բացակայում են, հասկանալու համար՝ որտեղ է վերջանում հարևան ժողովրդի մշակույթը, որտեղ է սկսվում հայկականը։ Այդ պատճառով էլ պետք է խորանալ, գտնել նմանություններ, համեմատել այն ժողովրդի հետ, որոնց հետ մենք ապրել ենք կողք կողքի, դարերով։ Կարծում եմ, որ երբեմն հարևան ժողովրդի մշակույթի ուսումնասիրությունը օգնում է տալ շատ ու շատ հարցերի պատասխան՝ կապված հայկական մշակույթի հետ»,- նշում է Տիգրանը։

5 Համշեն

Համշենահայերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ արևմտյան, արևելյան և հյուսիսային։

Արևմտյան համշենցիներին այլ կերպ անվանում են բաշ համշենցիներ։ Բաշ թուրքերենից թարգմանաբար նշանակում է գլուխ։ Իսկ իրենք իրենց անվանում են հեմշինլի։ Այս համշենցիները ապրում են պատմական Համշեն գավառի տարածքում, որը գտնվում է Ռիզե նահանգում՝ Տրապիզոնից 120կմ արևելք, և ներառում է նահանգի հետևյալ շրջանները՝ Հեմշին, Չամլի-Հեմշին և, մասնակիորեն, Չայելի և Իքիզդերե։

Արևելյան համշեցիները, ովքեր իրենց անվանում են հոմշեցի, բնակվում են Արդվին նահանգի Հապա, Բորչկա և Քեմալփաշա շրջաններում։ Այս համշենցիները պահպանել են համշենի հայկական բարբառը և մեծապես ունեն հայկական էթնոսի գիտակցություն։

Հյուսիսային համշենցիները ապրում են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափամերձ շրջաններում։ Թուրքիայի կրոնաքաղաքական ճնշումների ազդեցության տակ, սկզբում համշենցիների այս խումբը գաղթում է Տրապիզոն, Օրդու, Սամսուն, Գիրեսուն և Գյումուշհանե բնակավայրեր։ Այնուհետև այդ տեղերից դեպի Ռուսաստան՝ պահպանելով քրիստոնեկան հավատքը։

Պատմական Համշենը գտնվում է Պոնտոսի սահմաններում՝ Քաջքար լեռան փեշերին։ Եվ դարերով հայերն ու հույները ապրել են կողք կողքի, փոխազդել միմյանց հետ մշակութապես։

«Ինչքան էլ ժամանակի ընթացքում տերությունների ու պետությունների տարածքները փոփոխվել են, միևնույն է՝ ժողովուրդները շարունակել են ապրել իրենց հաստատված տարածքներում, ուղղակի մե՛կ այս պետության կազմում, մե՛կ՝ այն։ Այսինքն, պատմական տարածքները մնում են, պետություններն են փոխվում։ Բայց ժողովուրդը շարունակում է ապրել՝ իր հետ բերելով լեզուն, հիշողությունը, շարժումը»,- ընդգծում է Տիգրանը՝ նշելով, որ առանց պատմությունն իմանալու ու կողք կողքի ապրող ժողովուրդների փոխհարաբերության մեջ խորանալու, դժվար է մոտենալ մշակույթին ու պնդել, թե որ դետալն է քոնը, որը՝ ոչ, հատկապես պարերի պարագայում։ Համշենի մասին շատերը չգիտեն, նույնիսկ՝ որտեղ է գտնվում, ինչպես է ձևավորվել, ովքեր են ապրում։ Երբեմն հնչում է նման կարծիք, թե համշենականը թուրքականն է միայն։ Իսկ համշենցին ասում է. «Մենք ոչ հայ ենք, ոչ թուրք, մենք համշենցի ենք»։

«Ընդհանրապես Թուրքիայի ամբողջ տարածքը բաժանվում է պարային գոտիների․ «Հորա», «Զեյբեկ», «Հալայ», «Բար», «Հորոն» և այլն։ Եվ այս գոտիներից յուրաքանչյուրում տարածված պարերն իրար նման են շարժումներով, պարեղանակների կառուցվածքով և բնավորությամբ։

Հյուսիս-արևելյան Թուրքիայի սևծովյան ափամերձ հատվածը, որը համընկնում է պատմական հունական Պոնտոս թագավորության տարածքի հետ, համարվում է «Հորոն» տեսակի պարերի գոտի։

Պատահական չէ, որ նշում եմ Պոնտոսի թագավորության մասին, քանի որ «հորոն» բառը առաջացել է հունական «խոռոս» բառից, որը նշանակում է «պար»։

Ըստ իս` այս տարածքում տարածված պարերը համատարած կրում են պոնտական ազդեցություն։ Եվ համշենցիները բացառություն չեն։ Եթե սրան գումարենք համշենցիների հարևանությամբ ապրող լազերին (Սև ծովի հարավ-արևելյան ափի, քարթվելական լեզվաընտանիք ցեղ՝ Լազիկայի բնիկները։ Հիմնականում ապրում են Լազիստանում (այժմ Թուրքիա), մասամբ՝ Աջարիայում։ Բյուզանդական տիրապետության ժամանակ լազերի լեզուն մեծապես ազդվել է հունարենից, իսկ հետագայում՝ թուրքերենից։ Թուրքական տիրապետության տարիներին լազերը հարկադրված ընդունել են իսլամ, սակայն պահպանել են իրենց լեզուն և մշակույթը), ապա կստանանք մի արդյունք, որն իրենից ներկայացնում է մշակութային միքս։ Իհարկե, այդ ժողովուրդներից յուրաքանչյուրը այդ ազդեցությունն անցկացրել է իր էթնիկ ուրույն մշակութային դիմագծի պրիզմայով և ստացել իրեն հատուկ պարային տարբերակներ, և այս բոլորը պատկանում են «Հորոն» տեսակի պարերին»,- մանրամասնում է Տիգրանն՝ ընդգծելով, որ այս պատմական և մշակութային համատեքստում Թուրքիայի համշենահայերի պարերը դժվար է բնութագրել որպես «զտարյուն հայկական»։ Դրանք ձևավորվել են պոնտական, լազական և համշենական մշակույթների փոխազդեցության արդյունքում։ 

«Ավելին, այդ պարային գոտիներից «Բար» տեսակի պարերի պարային գոտին սփռված է արևելյան, հյուսիս-արևելյան, մասամբ՝ կենտրոնական Անատոլիայի տարածքներում և ունի բազմաթիվ պարեր, որոնք համընկնում են հայկական ավանդական շատ ու շատ պարերի անվանումների հետ։

Մասնավորապես՝ «Տալտալա», «Խոշբիլազիգ », «Մնդո », «Փափուռի», «Թամզարա», «Մայրոքե», «Քոչարի», անգամ «Յարխուշտա» և այլն։ Եվ այս պարային գոտին աշխարհագրորեն համընկնում է Արևմտյան Հայաստանի տարածքի որոշ մասի հետ։ Եվ պատահական չէ, որ պարերի անվանումների մեջ այսքան համընկնումներ կան։ Իսկ «բարը»՝ որպես պարային գոտի, կարծում եմ հայկական նույն «պար» բառից է առաջացել։

Այսինքն, մեր պարը վերածվել է «բարի», ինչպես պոնտոսցի հույների խոռոսը՝ «հոռոնի»», - ավելացնում է Տիգրանը։

6 Համշեն

«Տարբեր համայնքներում կողք կողքի ապրող ժողովուրդների փոխազդեցությունները դրսևորվել են տարբեր ուժգնությամբ՝ կախված բնակչության խտությունից և պատմական շատ ու շատ այլ հանգամանքներից։ Ռիզեում ապրող համշենցիները պարում են «Ռիզե համշեն հոռոնու», իսկ Հոպայի և Բորչկայի շրջանում՝ «Հոպա համշեն հոռոնու»։ Ընդ որում, Ռիզեի համշենցիների պարերը Արդվինի համշենցիները կարող է չիմանան և՝ հակառակը, չնայած այդ պարերը բնավորությամբ շատ մոտ են իրար։

«Հոռոն»-ը, ինչպես հայկական «Գյովնդ»-ը, կարծում եմ, խորքում ունի շուրջպարի իմաստը։ «Պարել» բառը մեր նախնիների ընկալուկմների մեջ երկար ժամանակ նույնացվել է «խաղալ» բայի հետ։ Հաճախ լավ պարողին ասել են «ինչ լավ է խաղում»։ 

Ինչպես արդեն ասացի, «հոռոն» բառը ծագում է հունարեն «խոռուս»-ից՝ պար։ Թեև թուրքական պարագիտական գրականությունը փորձում է այդ բառին այլ ծագում ու բացատրություն տալ, սակայն պարերի անունները, ինչպես տեղանունները, ամբողջությամբ չեն փոխվում՝ պահպանելով իրենց պատմական հիշողությունը»,- ասում է Մկրտչյանը՝ նշելով այս ամբողջ պատմության առանցքային գաղափարը․ Համշենը չի տեղավորվում սև-սպիտակ բաժանման մեջ։ Այն տարածք է, որտեղ մշակույթները խառնվել են, շերտավորվել և փոխազդել։ Համշենական պարը հենց այդ բազմաշերտ պատմության շարժման մեջ պահպանված ձևն է։ 

Այստեղ ժողովուրդները կողք կողքի ապրել և փոխադարձաբար ազդել են միմյանց վրա։ 

«Պետք չէ դետալակերությամբ զբաղվել՝ սա հայկական է, հունական է, քրդական, թե թուրքական։ Եթե քո էթնոսի մի մասը այդ մշակույթը յուրացրել է ու դարձրել իր ինքնության մասը, ապա դա իրենն է։ Եվ այստեղ ես համաձայն եմ ընկեր Ռուդիկի այն մտքի հետ, որ մշակույթը նրանն է, ով պահում է։ Ուրիշ, եթե դու պարերի վերաբերյալ ունենաս շատ հին՝ դարերի վաղեմության հասնող գրառումներ, որոնք կհանդիսանան տեղեկատվական ահռելի բազա այդ սահմանազատումը թույլ տալու համար, ինչպես ժամանակին արեց Կոմիտասը մեր երգերի հետ։ Բայց, ցավոք, մենք ոչ այդ բազան ունենք, ոչ էլ պարերի մեջ ունենք կամ ունեցել ենք Կոմիտաս։ Պարերի մեջ, երբեմն այդ տարանջատումը անելը շատ դժվար է։

Եվ եթե մշակույթը կենդանի է մարդկանց մեջ՝ ինչ ճանապարհով էլ հասած լինի, մեր պարտքն է այն ճանաչել, ընդունել և փոխանցել՝ որպես շարժման մեջ ապրող հիշողություն»,- ասում է Տիգրան Մկրտչյանը՝ հայտնելով, որ արդեն ձևավորվում է նախագիծ՝ հավաքագրելու, տեսագրելու, ներկայացնելու համշենական պարը, կոտրելու կարծրատիպերը և ցույց տալու, թե ինչպես է մշակույթը փոխանցվել ու պահպանվել։

Չնայած այս պահին Տիգրանի հետաքրքրության հաթակը Համշենն է՝ իր և խմբի պարային ուղղությունը միայն համշենական չի լինելու․ ուսումնասիրվելու և ներկայացվելու են նաև մյուս տարածաշրջանների, մարզերի պարեր։

Համշենն այս ամենի մի մասն է միայն։

Զրուցեց Գայանե Պողոսյանը

236
Մարտ 01, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: