Անիի «կորուստը» դարձել է նրա հետագա կյանքերի աղբյուրը. Քրիստինե Բաղդասարյան

Երբեմն հենց ավերակներն իրենց լռությամբ ու խորհրդավոր հմայքով, ստիպում են վերաիմաստավորել անցյալը, գնահատել այն արժեքները, որոնք պետք է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին։ Այդպիսի մի օրինակ է միջնադարյան Անի քաղաքը. Անիի ավերակները հիշեցնում են, որ պատմությունը միայն փաստերի հավաքագրում չէ, այլ կենդանի ու հարուստ վկայություն, որը ոգեշնչում է հետազոտողներին, արվեստագետներին և հասարակությանը՝ ստեղծելու հարթակ հիշողության, ինքնության և մշակութային ժառանգության ուսումնասիրման համար։ Անիի ավերակները, դառնալով խորհրդանիշ, ցույց են տալիս, թե ինչպես կորուսյալ քաղաքը կարող է մղել հիշողության, մտքի և ստեղծագործության նոր ձևեր հնարելուն:

Վերջերս Բուդապեշտում՝ Պետյոֆիի գրականության թանգարանում (PIM) բացվեց «Անի. միջնադարյան հայկական մայրաքաղաքի հազար ու մեկ հետմահու կյանքը» ցուցահանդեսը, որի բացմանը հաջորդեց երկօրյա միջազգային համաժողովը: Ցուցահանդեսը այցելուների համար բաց է մինչև  ապրիլի 20-ը։ Ցուցահանդեսն ու համաժողովը իրականացվեցին PIM-ի, Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի (PPKE BTK), Լայպցիգի Լայբնիցի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) և Բեռլինի Ազատ համալսարանի օսմանյան և թյուրքագիտական ​​ուսումնասիրությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Բացման արարողությանը ելույթ ունեցան թանգարանի գլխավոր տնօրեն Պետրա Թյորյոկը, Բուդապեշտի համալսարանի արվեստի ֆակուլտետի դեկան Նանդոր Բիրհերը, Բուդապեշտի համալսարանի պատմական գիտությունների ինստիտուտի ղեկավար, Ագնես Հանկիսի ինստիտուտի տնօրեն Շանդոր Օզենը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մաշտոցյան Մատենադարանի ​​տնօրենի գիտական տեղակալ Վահե Թորոսյանը:

Ծրագիրը մեկնարկեց մարտի 17-ին, երբ Բուդապեշտի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետում Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը հանդես եկավ Կիլիկիայի հայ թագավորների թագադրման մասին հանրային դասախոսությամբ։ Ցուցահանդեսն էլ ներկայացրեցին Բալինտ Կովաչը (PPKE BTK, Բուդապեշտ/GWZO, Լայպցիգ), Կարեն Ջալաթյանը (GWZO, Լայպցիգ) և Կոնրադ Սիեկիերսկին (Բեռլինի Ազատ համալսարան)։ Բացման արարողությանը նաև տեղի ունեցավ «Երուսաղեմի հայերի առնչությունները լուսանկարչության հետ» հատորի անգլերեն լեզվով շնորհանդեսը: Այն հրատարակվել է Բուդապեշտի L'Harmattan և Լայպցիգի Universities Press հրատարակչությունների կողմից, խմբագրվել է Կարեն Ջալաթյանի և Դիանա Ղազարյանի կողմից՝ Բալինտ Կովաչի մասնակցությամբ:

Ցուցահանդեսի գլխավոր հերոսը Անի կորուսյալ քաղաքն է՝ իր կենդանի, շարունակաբար զարգացող մշակութային ժառանգությամբ, բազմաշերտ հիշողությամբ: Իսկ հետազոտողներն ու արվեստագետները փորձում են ցույց տալ, թե ինչպես է նախկին մայրաքաղաքը շարունակում ապրել հիշողության տարբեր շերտերում: Նախագծի եզրափակիչ միջոցառումն էր «Կորուսյալ, բայց գտնված. Անի մայրաքաղաքը վիճելի խաչմերուկում» համաժողովը, որը հնարավորություն ընձեռեց մասնագետներին և միջազգային գիտական հանրությանը նոր դիտանկյունից անդրադառնալ Անիի բազմաշերտ հիշողությանը և կորուսյալ քաղաքային հիշողության ժամանակակից դրսևորումներին։ Ցուցահանդեսի և համաժողովի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում համաժողովի մասնակից, Բեռլինի Ազատ համալսարանի և Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի դոկտորանտ, ադրբեջանագետ Քրիստինե Բաղդասարյանը:

Anii korusty Qristine Baghdasaryan 3

Օրերս Բուդապեշտում բացվեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիին նվիրված «Անի․ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի հազար ու մեկ հետմահու կյանքը» խորագրով ցուցահանդեսը, որին հաջորդեց երկօրյա միջազգային համաժողովը։ Գիտեմ, որ դուք ներգրավված եք եղել այս նախաձեռնության մեջ․ խնդրում եմ ներկայացնել ծրագրի հիմնական գաղափարը և պատմեք Ձեր մասնակցության մասին:

Այս նախաձեռնության հիմնական գաղափարը, իմ ընկալմամբ, Անիին պարզապես որպես «փլատակ» կամ «կորուսյալ մայրաքաղաք» ներկայացնելը չէր, այլ դիտարկել այն որպես մի բազմաշերտ երևույթ, որն ունի ոչ միայն միջնադարյան պատմություն, այլև բազմաթիվ «հետմահու կյանքեր»։ Այսինքն՝ մեզ հետաքրքրում էր ոչ միայն այն, թե ինչպիսին էր Անին իր ծաղկման շրջանում, այլև այն, թե ինչպես է այն շարունակել ապրել հիշողության, պատկերների, ուխտագնացությունների, լուսանկարչության, գրականության, քաղաքական լեզվի, ժառանգության վեճերի և մշակութային երևակայության մեջ։ Ծրագրի հրապարակված նկարագրությունն էլ հենց սա է ընդգծում՝ Անիի շուրջ ձևավորված ազգային, սփյուռքի շրջանում, և գլոբալ հիշողությունները դիտարկելով որպես ժամանակակից «կորուսյալ քաղաքի» հիշողության ուսումնասիրության բացառիկ հնարավորություն։

Իմ մասնակցությունը նախագծին մի քանի մակարդակ ուներ։ Նախ՝ ես ներգրավված էի գիտական քննարկումների և ցուցադրական տրամաբանության շուրջ ձևավորված ընդհանուր մտավոր միջավայրում, որտեղ Անիի մասին խոսելը նշանակում էր միաժամանակ խոսել պատմության, հիշողության, ժառանգության և դրա քաղաքականացման մասին։ Բացի այդ, համաժողովի երկրորդ օրվա առաջին նստաշրջանում ներկայացրել եմ իմ զեկույցը՝ «Անիի վերաբերյալ քննադատությունը Խաթաբալա շաբաթաթերթում»։ Ինձ համար այն կարեւոր հնարավորություն էր ցույց տալ, որ Անիի ուսումնասիրությունը տեղափոխվում է ոչ միայն հնագիտական կամ ճարտարապետական դաշտ, այլև քննադատական մամուլի, երգիծանքի և գաղափարական լեզվի ոլորտ։  Բացի այդ նաև ցուցահանդեսում ունեի երկու տեսավահանակ ներկայացված իմ թեմայի՝ Խաթաբալայում հրատարակված ծաղրանկարներով և տեքստերով։

Անձամբ ինձ համար այս նախագիծը կարևոր էր նաև այն պատճառով, որ այն հնարավորություն տվեց Անին դիտարկել ոչ թե որպես մեկ ազգի փակ սեփականություն, այլ հիշողության խաչմերուկ, որտեղ հատվում են հայկական փորձառությունը, օսմանյան և ռուսական կայսերական դիտակետերը, եվրոպական գիտական հայացքները, սփյուռքի գրականությունը և նույնիսկ ժամանակակից արվեստային մեկնաբանությունները։ Այդ պատճառով այս ծրագրի մեջ իմ ներկայությունը ես տեսնում եմ որպես փորձ՝ հայկական աղբյուրները, հատկապես երգիծական և քննադատական մամուլի նյութերը, ներգրավել ավելի լայն միջազգային քննարկման մեջ և ցույց տալ, որ Անիի շուրջ մտածողությունը վաղուց եղել է ոչ միայն ողբերգական, այլև ինքնաքննադատական, գաղափարական և երբեմն խորապես սարկաստիկ։

Ինչպե՞ս է «կորուսյալ քաղաք» հասկացությունը վերաիմաստավորվում ժամանակակից պատմագիտության և մշակութաբանության շրջանակում՝ Անիի օրինակի վրա հիմնվելով։

«Կորուսյալ քաղաք» հասկացությունը ժամանակակից պատմագիտության և մշակութաբանության մեջ այլևս չի նշանակում պարզապես ֆիզիկապես ոչնչացած կամ լքված քաղաք։ Այն ավելի շուտ նշանակում է մի տեղ, որը կորել է իր նախնական պատմական կարողության իմաստով, բայց շարունակել է գոյություն ունենալ մշակութային պատկերացման, կոլեկտիվ հիշողության, քաղաքական խորհրդանիշների և «էմոցիոնալ աշխարհագրության» մեջ։ Անիի օրինակը հենց այս իմաստով չափազանց խոսուն է։ Անին կորել է որպես միջնադարյան կենսունակ մայրաքաղաք, բայց չի անհետացել որպես մշակութային ներկայություն։ Ընդհակառակը՝ նրա «կորուստը» դարձել է նրա հետագա կյանքերի աղբյուրը։

Այս վերաիմաստավորման կարևորությունն այն է, որ կորուստը այլևս չի ընկալվում որպես վերջակետ։ Ժամանակակից տեսական լեզվով ասած՝ կորուստը կարող է արտադրողական լինել։ Այն ստեղծում է նոր տեքստեր, նոր լուսանկարներ, նոր ուխտագնացություններ, նոր գիտական հարցեր, նոր ինքնություններ։ Անիի դեպքում սա ակնհայտ է հատկապես այն բանում, որ այն միաժամանակ ներկայանում է որպես միջնադարյան մայրաքաղաք, ազգային վերք, հուզական վերադարձի կետ, հետազոտական օբյեկտ և ժառանգության քաղաքական վեճերի հարթակ։ Համաժողովի ամբողջ կառուցվածքն էլ հենց սա էր ցույց տալիս՝ Անիի փլատակները դիտարկելով որպես սոցիալական հարաբերությունների հանգույց, ուխտագնացությունների վայր, գրական հիշողության վայր, արվեստաբանական դիտարկման նյութ և ժամանակակից արվեստային փորձառության տարածք։

Այսինքն՝ «կորուսյալ քաղաքը» ներկայումս պետք է հասկանալ ոչ թե որպես լուռ և լքված քաղաք, այլ որպես շարունակաբար վերարտադրվող ներկայություն։ Անիի դեպքում այդ ներկայությունը հատկապես ուժեղ է, որովհետև այն մի քաղաք է, որի մասին խոսելիս մարդիկ միաժամանակ խոսում են փառքի, աղետի, բացակայության, վերադարձի անհնարինության և խորհրդանշական վերագտնելու մասին։ Հետևաբար, ժամանակակից մշակութաբանական մոտեցումների համար Անին ոչ այնքան ավերակ է, որքան հիշողության գործող մեխանիզմ։

Անիի ուսումնասիրության մեջ այսօր որո՞նք են հիմնական մեթոդաբանական մոտեցումները՝ հատկապես մշակութային հիշողության և հիշողության շերտերի վերլուծության համատեքստում։

Այսօր Անիի ուսումնասիրության մեջ, իմ կարծիքով, ամենաարդյունավետ մոտեցումներից մեկը շերտային ընթերցումն է։ Դա նշանակում է, որ Անին պետք է դիտարկել ոչ թե մեկ ժամանակաշրջանի կամ մեկ պատմագրական դպրոցի տրամաբանությամբ, այլ որպես մի վայր, որի վրա կուտակվել են բազմակի ժամանակներ և բազմակի մեկնաբանություններ։ Մի շերտը միջնադարյան քաղաքն է, մյուսը՝ վաղ նոր շրջանի ճանապարհորդական և ուխտագնացական հիշողությունը, հաջորդը՝ 19-րդ և 20-րդ դարի լուսանկարչական և գիտական վկայությունները, մյուսը՝ ազգային պատմագրական կառուցումները, ապա՝ սփյուռքի զգացական հիշողությունը, և վերջապես՝ ժամանակակից ժառանգության ու քաղաքական ներկայացման լեզուները։

Մշակութային հիշողության տեսանկյունից Անիի նկատմամբ կիրառելի են առնվազն երեք կարևոր մեթոդաբանական սկզբունքներ։ Առաջինը՝ տեղի հիշողության ընթերցումն է։ Այստեղ Անին դառնում է ոչ միայն ֆիզիկական տարածք, այլ նաև հիշողության կրող։ Երկրորդը՝ մեդիացիաների վերլուծությունն է, այսինքն՝ ինչպես է Անին հայտնվում տեքստում, լուսանկարում, քարտեզում, ֆիլմում, ցուցահանդեսում, արխիվում, ծաղրանկարում։ Երրորդը՝ քննադատական ժառանգագիտության մոտեցումն է, որը հարց է տալիս ոչ միայն՝ ինչ է պահպանվել, այլ նաև՝ ով է որոշում, թե ինչն է ժառանգություն, ինչպես է այն ներկայացվում, ինչ է լռեցվում և ինչ քաղաքական լեզուներով է դա արվում։

Համաժողովի ծրագիրն ինքնին շատ լավ ցույց էր տալիս այս մեթոդաբանական բազմազանությունը։ Այնտեղ կային զեկույցներ թանգարանների, լուսանկարչական փաստագրության մասին, ժխտողականության, վերագտնման և վերաձևակերպման մասին, սփյուռքյան ֆիլմարտադրության մասին, գրական հիշողության, արվեստաբանական դաշտային աշխատանքի և արխիվի միջև փոխհարաբերությունների մասին։ Այս ամբողջ համադրությունը փաստում է, որ Անիի ուսումնասիրությունը վաղուց անցել է միայն հնագիտական նկարագրության սահմաններից և դարձել է հիշողության մշակույթների բարդ վերլուծության օրինակ։

Anii korusty Qristine Baghdasaryan 4

Իսկ որքանո՞վ են ժամանակակից միջգիտակարգային մոտեցումները պատմության, արվեստաբանության, մարդաբանության շնորհիվ նպաստում Անիի ամբողջական և բազմաշերտ պատկերի վերականգնմանը։

Անիի նման վայրի դեպքում միջգիտակարգայնությունը պարզապես օգտակար չէ, այլ՝ անհրաժեշտ։ Եթե մենք Անիին մոտենանք միայն որպես պատմաբան, ապա, հավանաբար, մեծ ուշադրություն կդարձնենք աղբյուրներին, տարեթվերին, քաղաքական գործընթացներին։ Եթե մոտենանք միայն որպես արվեստաբան, ապա կտեսնենք ձևերը, պատկերագրությունը, ճարտարապետական լեզուն, նյութական ժառանգության ձևաբանական կողմերը։ Եթե մոտենանք մարդաբանական դիտանկյունից, ապա ավելի շատ կմտածենք ուխտագնացության, զգացական կապերի, տեղի հետ մարմնավորված հանդիպման, սփյուռքյան վերադարձի, լռության և բացակայության փորձառությունների մասին։ Բայց Անին հենց այնպիսի թեմա է, որ ամբողջական պատկեր ստանալու համար այս բոլոր հայացքները պետք է աշխատեն միասին։

Համաժողովի կառուցվածքն այս առումով շատ խոսուն էր։ Միևնույն ծրագրում կողք կողքի էին դրված թանգարանների պատմությունը, լուսանկարների գիտական ու գեղագիտական դերերը, պարարվեստի միջոցով Անիի զգայական ընկալումը, ուխտագնացությունները դեպի փլատակներ, գրական հիշողության հարցերը, ճարտարապետական ուսումնասիրությունները, տաճարի արվեստաբանական մեկնաբանությունները և ժամանակակից արվեստային ներկայացումները։ Սա նշանակում է, որ Անիի մասին ամբողջական խոսքը ծնվում է հենց տարբեր գիտակարգերի հանդիպման կետում։

Միջգիտակարգային մոտեցման ամենամեծ արժեքը, ըստ իս, այն է, որ այն թույլ է տալիս տեսնել ոչ միայն «ինչ էր Անին», այլև «ինչ է անում Անին մեզ հետ այսօր»։ Այս հարցը պատմության, արվեստաբանության և մարդաբանության միջև է գտնվում։ Պատմությունը մեզ տալիս է ժամանակային խորություն, արվեստաբանությունը՝ տեսանելի մշակութային մարմին, մարդաբանությունը՝ ապրող փորձառություն։ Երբ այս երեքը միանում են, Անին վերադառնում է մեզ ոչ թե որպես մեռած քաղաք, այլ որպես շարունակվող պատմական և մշակութային հարաբերություն։

Անիի վերաբերյալ հայկական և եվրոպական պատմագրական դպրոցները այսօր ի՞նչ հիմնական տարբերություններ և մոտեցումներ են արձանագրում։

Հայկական պատմագրական դպրոցում Անին, բնականաբար, շատ հաճախ ընկալվել է որպես ազգային պատմության առանցքային խորհրդանիշ։ Այն դիտվել է որպես միջնադարյան հայկական պետականության, մշակութային հզորության և քաղաքակրթական բարձրակետի մարմնավորում։ Այս մոտեցումը հասկանալի է, որովհետև Անիի կորուստը հայկական պատմական գիտակցության մեջ նաև հիշողության, ճարտարապետական ժառանգության և ինքնության խորը վերք է։ Հետևաբար հայկական պատմագրությունը հաճախ ավելի զգացական, ներգրավված և ինքնության հարցերով ծանրաբեռնված է եղել։ Եվրոպական պատմագրական դպրոցներում, հատկապես վերջին տասնամյակներին, նկատելի է այլ շեշտադրում։ Այստեղ Անին ավելի հաճախ դիտարկվում է որպես սահմանային, բազմակենտրոն, միջմշակութային հանգույց։ Այս մոտեցման մեջ կարևոր են կայսրությունների սահմանները, հաղորդակցական ուղիները, կրոնական և քաղաքական խաչմերուկները, ժառանգության ներկայիս վեճերը, հիշողության ռեժիմները։ Եվրոպական ակադեմիական միջավայրում հաճախ փորձ է արվում դուրս գալ մաքուր ազգային նարատիվից և Անիին տեղադրել ավելի լայն՝ տարածաշրջանային, կայսերական, հետկայսերական և գլոբալ հիշողության դաշտերում։

Սակայն ես այստեղ կխուսափեի կոշտ հակադրությունից։ Այսօր ավելի ճիշտ է խոսել ոչ թե «հայկականն ընդդեմ եվրոպական» պարզ բաժանման մասին, այլ տարբեր ինտելեկտուալ ավանդույթների միջև աշխատանքի ձևերի տարբերության մասին։ Հենց Բուդապեշտի համաժողովը դրա օրինակն էր, որովհետև այնտեղ միաժամանակ հանդիպում էին հոյակապ հայագետներ, արվեստաբաններ, գրականագետներ, լուսանկարչության պատմությամբ զբաղվողներ, սփյուռքի հետազոտողներ և մշակութային քննադատներ։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ այժմ առավել հետաքրքիր զարգացումները ծագում են այն պահին, երբ հայկական նյութը մտնում է միջազգային տեսական խոսակցության մեջ՝ առանց կորցնելու իր պատմական զգայունությունը։

Anii korusty Qristine Baghdasaryan 6

«Կորուսյալ, բայց գտնված. Անի մայրաքաղաքը վիճելի խաչմերուկում» նախագծի շրջանակում ներկայացվում է մի քաղաք, որը անցել է բարդ պատմական, մշակութային և քաղաքական գործընթացների միջով։ Ձեր դիտարկմամբ՝ արտասահմանյան հետազոտական շրջանակների համար ի՞նչ հիմնական բնութագրիչներով է այսօր առանձնանում միջնադարյան Անին։

Արտասահմանյան հետազոտական շրջանակների համար Անիի առանձնահատկությունը նախ և առաջ նրա միջսահմանային բնույթն է։ Սա այնպիսի քաղաք է, որը չի տեղավորվում մեկ գծային պատմության մեջ։ Այն միաժամանակ հայկական է, և նաև ընթերցվում է բյուզանդական, սելջուկյան, Հարավկովկասյան, կայսերական, հետկայսերական և արդի ազգային պատմությունների շրջանակում։ Այս բազմակի ընթերցելիությունը նրան դարձնում է չափազանց կարևոր դեպք այն հետազոտողների համար, ովքեր զբաղվում են սահմաններով, ժառանգության քաղաքականությամբ և հիշողության կոնֆլիկտային ռեժիմներով։

Երկրորդ կարևոր բնութագրիչը Անիի տեսանելի ավերակային ուժն է։ Անիի փլատակները ոչ միայն պատմական փաստ են, այլև տեսողական ու հուզական իրադարձություն։ Դրանք աշխատում են լուսանկարչության, կինոյի, ցուցադրական արվեստների, ճարտարապետական պատմության և տուրիզմի լեզուներով։ Այն պատճառով, որ Անին միաժամանակ գեղեցիկ է, լռակյաց, դատարկ և ողբերգական, այն շատ ուժեղ կերպով ներգործում է միջազգային հետազոտողների վրա։

Երրորդ՝ Անին այսօր ընկալվում է որպես ժառանգության վիճելի հանգույց։ Սա այն վայրերից է, որտեղ ժառանգության մասին խոսքը անմիջապես բերում է հարցերի՝ ճանաչման, ժխտման, վերաձևակերպման, պահպանության, ներկայացման և լռության մասին։ Համաժողովում նույնիսկ հատուկ զեկույց կար Անիի հիշողության մասին «Between denialism, re-discovery and re-framing», ինչը ցույց է տալիս, թե որքան կենտրոնական է այս հարցը միջազգային ակադեմիական շրջանակների համար։

Այսպիսով, արտասահմանյան հետազոտողի աչքում Անին առանձնանում է որպես միջնադարյան հզոր քաղաքակրթական կենտրոն, հիշողության նյութ, ժառանգության քաղաքական վեճի տարածք և զգացական աշխարհագրության հզոր վայր։ Հենց այս բազմապատիկությունն է նրան դարձնում բացառիկ։

Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների հայագետներ և հետազոտողներ։ Ի՞նչ հիմնական գիտական եզրահանգումների հանգեց համաժողովը՝ հատկապես Անիի վերաբերյալ հավաքական հիշողության ձևավորման և պատմական վկայությունների համակարգման տեսանկյունից։

Ավելի ճիշտ կլինի ներկայացնել, թե ինչ ընդհանուր գիտական տրամաբանություն էր բացահայտվում այդ ծրագրից և քննարկումներից։ Առաջին կարևոր եզրահանգումն այն է, որ Անիի հիշողությունը միատարր չէ։ Այն չի ձևավորվում միայն պետական պատմագրության միջոցով և միայն հայկական շրջանակներում։ Այն ձևավորվում է գրականության, լուսանկարչության, թանգարանային աշխատանքի, ճամփորդական գրության, սփյուռքյան այցերի, գեղարվեստական պրակտիկաների և անձնական վկայությունների փոխազդեցությամբ։ Համաժողովի տարբեր նստաշրջանները հենց այդ բազմակենտրոն հիշողության կառուցվածքն էին ցույց տալիս։

Երկրորդ կարևոր եզրահանգումն այն է, որ պատմական վկայությունները պետք է համակարգել ոչ միայն ժամանակագրական, այլև քաղաքական առումներով։ Օրինակ՝ լուսանկարը պարզապես նկար չէ, այն փաստաթուղթ է, բայց նաև գեղագիտական արվեստի աղբյուր։ Գրական տեքստը պարզապես հիշողության արտահայտություն չէ, այլ նաև գաղափարական երևույթ։ Թանգարանը պարզապես պահպանման վայր չէ, այլ հիշողության կազմակերպման ինստիտուտ։ Այս առումով Անիի մասին նյութերը համակարգելիս անհրաժեշտ է դրանք դասակարգել ըստ ստեղծման միջավայրի, նպատակի, լեզվի, լսարանի և քաղաքական ենթատեքստի։

Երրորդ եզրահանգումը, ըստ իս, այն էր, որ Անիի շուրջ հավաքական հիշողությունը պետք է դիտարկել որպես փոխխոսություն, ոչ թե որպես պատրաստի ժառանգություն։ Այսինքն՝ հիշողությունը փոխանցվող բան չէ, այն մշտապես վերակազմավորվում է նոր սերունդների, նոր հետազոտությունների, նոր ցուցահանդեսների և նոր արվեստային ընթերցումների շնորհիվ։ Հենց այդ պատճառով նման համաժողովները կարևոր են. դրանք ոչ միայն ներկայացնում են արդյունքներ, այլև արտադրում են հիշողության նոր լեզու։

Anii korusty Qristine Baghdasaryan 5

Վերջին տարիների հետազոտությունների և նման միջազգային համագործակցությունների արդյունքում ի՞նչ նոր բացահայտումներ են արձանագրվել Անիի ուսումնասիրության մեջ, որոնք կարող են վերանայել, լրացնել մեր ունեցած պատկերացումները։

Վերջին տարիների հետազոտությունների ամենակարևոր արդյունքը, իմ կարծիքով, այն է, որ Անիի ուսումնասիրությունը աստիճանաբար դուրս է գալիս միայն ավերակների նկարագրության կամ միջնադարյան քաղաքական պատմության շրջանակից և վերածվում է շատ ավելի լայն, բազմաշերտ գիտական դաշտի։ Այսօր նոր բացահայտումները վերաբերում են ոչ միայն այն հարցին, թե ինչպիսին էր Անին իր պատմական ծաղկման շրջանում, այլ նաև նրան, թե ինչպես է այդ քաղաքը շարունակել ապրել հիշողության, ճարտարապետական ժառանգության, գրականության, անձնական փորձառության և գիտական վերաիմաստավորման մեջ։

Այս առումով շատ կարևոր են այն զեկույցները, որոնք ներկայացվել են համաժողովի ընթացքում։ Օրինակ՝ Դոկտոր Բալինտ Կովաչի զեկույցը՝ «Lost Landscapes and Ruins of the Past: Nostalgia in the Writings of Minas Bžškeanc‘», նոր լույս է սփռում Անիի ընկալման գրական և մտավոր պատմության վրա։ Այս թեման կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ Անիի ավերակները պետք է ուսումնասիրել ոչ միայն որպես նյութական մնացորդ, այլև որպես կարոտի, կորուստի և Անեցի նոր սերունդների  մտավոր տարածք։ Մինաս Բժշկեանի գրություններում Անիի և Անեցիների  նկատմամբ ձևավորվող նոստալգիան մեզ օգնում է հասկանալ, որ Անիի հիշողությունը շատ ավելի վաղ է սկսել ապրել որպես մշակութային և գրական կառուցում, քան մենք երբեմն ենթադրում ենք։ Այսպիսով, նոր բացահայտումներից մեկը հենց այն է, որ Անիի «հետմահու կյանքը» պետք է որոնել նաև հայ մտավոր և ճանապարհորդական գրականության մեջ, ոչ միայն հնագիտական հաշվետվություններում։

Նույնքան կարևոր է նաև Լասլո Դարագոյի զեկույցը՝ «The Armenian Legacy of Tamás Guzsik», որը բացում է Անիի ուսումնասիրության մեկ այլ կարևոր շերտ՝ հայկական ճարտարապետական ժառանգության հետ կապված գիտական ժառանգության պատմությունը։ Այս թեման արժեքավոր է, որովհետև մեզ հիշեցնում է, որ Անիի մասին մեր ներկայիս պատկերացումները ձևավորվել են նաև այն հետազոտողների, ճարտարապետների, գծանկարողների և ժառանգության մեկնաբանողների աշխատանքի շնորհիվ, որոնք տարբեր ժամանակներում փաստագրել, ուսումնասիրել և փոխանցել են այդ նյութը։ Թամաշ Գուզսիկի հայկական ժառանգության ուսումնասիրությունը ապացուցում է, որ Անիի պատմությունը նաև կապվում է Անիի ուսումնասիրման պատմություն հետ։ Այսինքն՝ մենք այսօր ավելի լավ ենք հասկանում ոչ միայն բուն հուշարձանները, այլև այն գիտական միջավայրը, որի շնորհիվ այդ հուշարձանները մտել են ակադեմիական և մշակութային շրջանառության մեջ։

 Այս երկու զեկույցները շատ լավ ցույց էին տալիս, թե ինչպիսի նոր ուղղություններով է շարժվում Անիի մասին ժամանակակից գիտությունը։ Մի կողմից՝ այն խորանում է հիշողության, նոստալգիայի և գրական ներկայացումների մեջ, մյուս կողմից՝ վերանայում է գիտական ժառանգության, ճարտարապետական փաստագրման և հետազոտական ավանդույթի պատմությունը։ Սա նշանակում է, որ Անիի ուսումնասիրության մեջ այսօր նոր բացահայտումը միայն նոր քար, նոր պատ կամ նոր պեղում չէ։ Նոր բացահայտում կարող է լինել նաև նոր ընթերցումը, նոր արխիվը, նոր գրական վկայությունը կամ այն գիտնականների աշխատանքի վերագնահատումը, որոնք ժամանակին պահպանել են Անիի մասին գիտելիքը։

Ընդհանուր առմամբ, վերջին տարիների միջազգային համագործակցությունները ցույց են տալիս, որ Անին պետք է հասկանալ որպես մի քաղաք, որի պատմությունը կազմված է առնվազն երեք խոշոր շերտերից՝ միջնադարյան իրական քաղաք, ավերակների հետագա պատմություն, և այդ ավերակների շուրջ ձևավորված մտավոր, գիտական ու հուզական աշխարհը։ Հենց այս երրորդ շերտի ավելի խորը ուսումնասիրությունն է, որ այսօր լրացնում և երբեմն նույնիսկ վերանայում է մեր նախկին պատկերացումները Անիի մասին։

Anii korusty Qristine Baghdasaryan 7

Ինչպե՞ս կարող է ավերված ժամանակի խոշորագույն քաղաքը շարունակել գոյություն ունենալ որպես «կենդանի մշակութային հիշողություն» ժամանակակից հասարակություններում։

Ավերված քաղաքը կարող է շարունակել գոյություն ունենալ որպես կենդանի մշակութային հիշողություն միայն այն դեպքում, երբ այն շարունակում է խոսել տարբեր լեզուներով տարբեր հանրությունների հետ։ Անիի պարագայում հենց դա է տեղի ունենում։ Այն ապրում է պատմության դասագրքերում, բայց նաև սփյուռքյան պատմվածքներում։ Այն ապրում է ճարտարապետական հետազոտության մեջ, բայց նաև ընտանեկան հիշողության մեջ։ Այն ապրում է լուսանկարչական ալբոմներում, ուխտագնացություններում, ֆիլմերում, ցուցահանդեսներում, գիտաժողովներում, նույնիսկ լռության մեջ։

Կենդանի մշակութային հիշողությունը զգացական, պատկերային և խորհրդանշական աշխատանք է։ Երբ մարդիկ այցելում են Անի, կարդում նրա մասին, նայում են նրա լուսանկարները կամ դիտում նրան նվիրված ցուցահանդես, նրանք մտնում են հարաբերության մեջ այդ վայրի բացակայության հետ։ Այդ հարաբերությունն է, որ հիշողությունը կենդանի է պահում։

Այս տեսանկյունից հատկապես կարևոր են ցուցահանդեսները, համաժողովները և արվեստային միջամտությունները։ Դրանք հիշողությանը տալիս են նոր մարմին։ Հենց Բուդապեշտի նախագծում էլ տեսնում ենք, որ գիտական զեկույցներին զուգահեռ տեղ են գտել միջմշակութային ցուցահանդես, երաժշտական կատարումներ, ժամանակակից արվեստի պերֆորմանս և ֆիլմի ցուցադրություն։

Ինչպե՞ս է այսօր Անիի դերը վերարժևորվում հայկական ինքնության ձևավորման գործընթացում, հատկապես սփյուռքում։

Սփյուռքում այս փոփոխությունը հատկապես տեսանելի է։ Ինքնությունը ձևավորվում է հիշողության միջնորդավորված ձևերի միջոցով՝ տեքստերի, պատկերների, ընտանեկան պատմությունների և խորհրդանշական պատմությունների հիման վրա։ Այդ համատեքստում Անին դառնում է մշակութային տեղ, որը գոյություն ունի նախ և առաջ գիտակցության և զգայական ընկալման մեջ։

Համաժողովում ներկայացված զեկույցները սա ցույց էին տալիս տարբեր տեսանկյուններից։ Մարկ Մամիկոնյանի՝ «Armenian City in the Sky? Diasporan Armenians Return to Ani» զեկույցը անդրադառնում էր սփյուռքահայերի վերադարձի փորձառությանը, Կոնրադ Սիեկիերսկին՝ «Ani: An Affective Place»-ում, ձևակերպում էր Անիի ընկալումը որպես հուզականորեն լիցքավորված տարածք, իսկ Նորայր Չահինյանը՝ «The Power of Emptiness»-ում, ներկայացնում էր դատարկության և լուսանկարճության հետ անձնական հանդիպման փորձառությունը։

Անիի հիշողությունն այսօր արդյո՞ք ենթակա է քաղաքական կամ գաղափարական վերաիմաստավորումների:

Անիի հիշողությունը մշտապես ձևավորվել է քաղաքական և գաղափարական միջավայրերի ազդեցության ներքո։ Այն ներառված է ներկայացման, անվանակոչման, ժառանգության կառավարման և պատմական իմաստավորման գործընթացներում, որոնք երբեք չեն լինում չեզոք։

Այս գործընթացները արտահայտվում են տարբեր մակարդակներում։ Ժառանգության լեզուն սահմանում է, թե ինչ պատմություն է ընդգծվում և ինչն է մղվում լուսանցք։ Պահպանության և վերականգնման քաղաքականությունները պայմանավորում են հուշարձանների ներկայիս տեսանելիությունը։ Ազգային և սփյուռքյան հիշողությունները հաճախ գործում են տարբեր տրամաբանություններով։

Հենց այս թեմայով պրոֆեսոր Էլկե Հարթմանի «The Remembrance of Ani: Between Denialism, Re-discovery and Re-framing» զեկույցը այս բազմաշերտությունը ձևակերպում էր տեսականորեն՝ ընդգծելով հիշողության երեք առանցքային ռեժիմները՝ ժխտում, վերագտնում և վերաձևակերպում։  Այսպիսով, Անիի հիշողությունը ներկայումս հանդես է գալիս որպես փոփոխվող դիսկուրս, որտեղ պատմությունը վերաիմաստավորվում է տարբեր գիտական, քաղաքական և մշակութային շրջանակներում։

Anii korusty Qristine Baghdasaryan 8

Նախագծի շրջանակում բացված ցուցահանդեսը ներկայացվում է Բալինտ Կովաչի, Կարեն Ջալաթյանի և Կոնրադ Սիեկիերսկիի կողմից։ Քանի որ դուք ևս ներգրավված եք եղել աշխատանքներում, ի՞նչ բնույթի ցուցանմուշներ և նյութեր են հավաքագրվել, և ինչպե՞ս են դրանք ներկայացնում Անիի բազմաշերտ պատմությունը։

Ցուցահանդեսի կառուցվածքը, այո,  ձևավորվել է Բալինտ Կովաչի, Կարեն Ջալաթյանի և Կոնրադ Շիեկիերսկիի համադրությամբ, հենվում է այն սկզբունքի վրա, որը ենթադրում է տարբեր տեսակի աղբյուրների և փաստաթղթերի համադրված ներկայացում։

Նյութական բազայի մասին կարելի է դատել նաև համաժողովում ներկայացված զեկույցների թեմատիկ շրջանակից։ Օրինակ՝ Դավիթ Պողոսյանի «Hnadaran: The Museums of Ani and Their Afterlives» զեկույցը անդրադառնում է Անիի թանգարանային պատմությանը և դրա շարունակականությանը, ինչը ենթադրում է ցուցահանդեսում թանգարանային արխիվների և հավաքածուների ներգրավում։ Լենկա Պանուշկովայի «Scenic Science: Jaroslav Tkadlec’s Caucasus Photographs Between Aesthetic View and Documentary Record» ուսումնասիրությունը մատնանշում է լուսանկարչական նյութերի կարևորությունը՝ որպես միաժամանակ գիտական և գեղագիտական աղբյուրների։

Նույն տրամաբանության մեջ էր Սիփանա Չաքերյանի «From Fieldwork to Archive: Ani through the Eyes of Nicole and Jean-Michel Thierry» զեկույցը դաշտային հետազոտությունների և դրանց արխիվացման գործընթացի մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ցուցադրության մեջ ներգրավված են նաև գիտական փաստագրություններ, չափագրական նյութեր և հետազոտական արխիվներ։

Բալինտ Կովաչի զեկույցը՝ «Lost Landscapes and Ruins of the Past: Nostalgia in the Writings of Minas Bžškeanc‘», ուղղում է ուշադրությունը գրական աղբյուրների և մտավոր պատմության վրա, ինչը ցուցահանդեսում արտահայտվում է տեքստային և նարատիվ շերտերի ներգրավմամբ։ Կարեն Ջալաթյանի «Diasporic Ruin-Images of Ani in Modern Armenian Literature» թեման ևս ընդգծում է Անիի շրջանառությունը սփյուռքյան գրականության մեջ, իսկ Կոնրադ Շիեկիերսկու «Ani: An Affective Place» մոտեցումը շեշտադրում է Անիի հուզական և զգայական ընկալումը որպես վայր։

Այս բոլոր ուղղությունները միասին ձևավորում են ցուցահանդեսի հիմնական կառուցվածքը։ Այստեղ ներկայացված նյութերը ներառում են լուսանկարչական արխիվներ, գիտական փաստագրություններ, գրական աղբյուրներ, թանգարանային պատմության հետ կապված նյութեր, ինչպես նաև ժամանակակից արվեստային և մեդիա ձևեր։

Ի՞նչ դեր ունեն  նման ցուցահանդեսները և լուսանկարները համեմատած դասական ակադեմիական հետազոտությունների հետ։

Ցուցահանդեսը և լուսանկարչական նյութը գիտելիքի փոխանցման այլ ձևով են ներկայացնում։ Դրանք աշխատում են տեսողական և տարածական ընկալման միջոցով՝ ձևավորելով անմիջական հարաբերություն նյութի հետ։ Անիի դեպքում լուսանկարչությունը ունի առանձնահատուկ տեղ։ Այն միաժամանակ փաստագրական աղբյուր է և ընկալման ձև։ Լուսանկարները արձանագրում են ոչ միայն ճարտարապետական վիճակը, այլ նաև իր աշխարհագրական դատարկությունը, մասշտաբը, լռությունը։ Այդ հատկանիշները կարևոր են Անիի ընկալման համար, քանի որ հենց դրանք են ձևավորում նրա ներկայիս իմաստը։ Ցուցահանդեսային ձևաչափը թույլ է տալիս համադրել տարբեր տեսակի աղբյուրներ և դրանք դիտարկել համաժամանակյա։ Այդպիսի միջավայրում գիտելիքը կազմակերպվում է ոչ միայն տեքստային, այլ նաև տեսողական և տարածական մակարդակներում։

Ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցավ նաև Երուսաղեմի հայերի լուսանկարչական ժառանգությանը նվիրված աշխատության շնորհանդեսը։ Ի՞նչ աղբյուրներ է ներառում այդ հատորը և ինչպիսի՞ նշանակություն կարող է ունենալ հայագիտության համար։

«Capturing Eternity: Jerusalem Armenian Entanglements with Photography» հատորը, խմբագրված Կարեն Ջալաթյանի և Դիանա Ղազարյանի կողմից՝ Բալինտ Կովաչիի մասնակցությամբ, կարևոր ներդրում է հայագիտության տեսողական ուղղության զարգացման մեջ։ Հատորը կենտրնացել է լուսանկարչության և հայկական համայնքային կյանքի փոխհարաբերության վրա։ Այն ներառում է արխիվային լուսանկարներ, ստուդիական պրակտիկաների պատմություն, ընտանեկան պատկերներ և լուսանկարչության սոցիալական գործառույթների վերլուծություն։

Դիանայի աշխատանքը ընդլայնում է հայագիտության աղբյուրային դաշտը՝ ընդգրկելով տեսողական նյութերը որպես լիարժեք պատմական աղբյուրներ։ Այն նաև հնարավորություն է տալիս ուսումնասիրել ինքնաներկայացման ձևերը, համայնքային հիշողության կառուցումը և քաղաքային մշակութային միջավայրերը։

Համաժողովի ընթացքում ներկայացրել եք «Անին և ժառանգության քննադատությունը Խաթաբալայում» զեկույցը։ Ի՞նչ աղբյուրների վրա է հիմնված Ձեր ուսումնասիրությունը և ինչպիսի՞ հիմնական եզրակացությունների եք հանգել։

Զեկույցի աղբյուրային հիմքը կազմել են «Խաթաբալա» երգիծական պարբերականի տեքստերն ու պատկերները։ Ուշադրությունը կենտրոնացված է այն նյութերի վրա, որտեղ Անիի կերպարը ներգրավվում է հասարակական և գաղափարական քննադատության մեջ։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Անիի հիշատակը օգտագործվում է որպես հղում, որի միջոցով ձևակերպվում էին նորանոր խնդիրներ քսաներորդ դարի սկզբում։ Անցյալի պատկերները հանդես են գալիս որպես քննադատական գործիք՝ ուղղված ներկայի սոցիալական և քաղաքական երևույթներին։

Ձեր հետազոտական գործունեությունը ընդգրկում է հայագիտության տարբեր ոլորտներ։ Որո՞նք են Ձեր վերջին կարևոր ուսումնասիրությունները և գիտական հետաքրքրությունների հիմնական ուղղությունները։

Իմ հետազոտական գործունեությունը ձևավորվում է մի քանի փոխկապակցված ուղղությունների շուրջ, որոնք միավորում են հայկական մշակութային պատմությունը, վաղ 20-րդ դարի մամուլը, տեսողական նյութերի վերլուծությունը և հիշողության ուսումնասիրությունները։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական երգիծական մամուլի ուսումնասիրությունը, հատկապես «Խաթաբալա» պարբերականը, ինչպես նաև դրա համեմատական ընթերցումը ադրբեջանական «Մոլլա Նասրեդդին» հանդեսի հետ։ Այս շրջանակում ինձ հետաքրքրում են պատկերային լեզուները, գաղափարական կառուցվածքները և քաղաքական քննադատության ձևերը, որոնք արտահայտվում են այդ պարբերականներում։

Աշխատանքիս մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև միջգիտակարգային մոտեցումը։ Ես օգտագործում եմ հիշողության ուսումնասիրությունների, ժառանգագիտության, դիսկուրսի վերլուծության և տեսողական մշակույթի տեսական գործիքներ՝ հայկական նյութը ավելի լայն գիտական դաշտում տեղադրելու համար։ Այդ կերպ հնարավոր է դիտարկել հայկական փորձառությունը ոչ միայն որպես ազգային պատմության մաս, այլ նաև որպես համեմատական և տեսականորեն նշանակալի դեպք։

Anii korusty Qristine Baghdasaryan 2

Ձեր հիմնական հետազոտությունները կատարում եք առաջատար Բեռլինի Ազատ համալսարանում և Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում։ Ինչպե՞ս են այս հաստատություններում համադրվում հայոց պատմության, մշակույթի, լեզվի և սփյուռքի ուսումնասիրությունները, և ինչպե՞ս է ապահովվում հայագիտության զարգացումը միջազգային ակադեմիական միջավայրում։

Բեռլինի Ազատ համալսարանում և Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում հայագիտությունը զարգանում է միջգիտակարգային և համեմատական շրջանակում, ինչը պայմանավորում է դրա ինտեգրումը ավելի լայն տարածաշրջանային և տեսական ուսումնասիրությունների մեջ։ Հայոց պատմությունը, մշակույթը, լեզուն և սփյուռքի ուսումնասիրությունները այստեղ ներկայացվում են ոչ թե որպես առանձին ոլորտներ, այլ որպես փոխկապակցված հետազոտական ուղղություններ, որոնք ընթերցվում են հարակից մշակույթների և պատմական գործընթացների համատեքստում։

Բեռլինում հայագիտական թեմաները հաճախ ներառվում են օսմանագիտության, թյուրքագիտության և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ծրագրերի մեջ, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել հայկական նյութը կայսերական և հետկայսերական դինամիկաների շրջանակում։ Բուդապեշտում՝ հատկապես ՊՊԿՀ-ում, Հայագիտական ամբիոնը, որը ունի շուրջ հինգ տասնյակ ուսանող, զարգանում է ինչպես լեզվական և մշակութաբանական, այնպես էլ պատմական և սոցիոլոգիական ուղղություններով, ներառելով նաև սփյուռքի ուսումնասիրությունը և հիշողության մշակույթները: Համաժողովի կազմակերպիչների կազմը հստակ ցույց է տալիս այս համագործակցության բնույթը։ Ծրագրում ներգրավված են եղել Պետյոֆիի գրականության թանգարանը, Լայպցիգի GWZO ինստիտուտը, Բեռլինի Ազատ համալսարանը և ՊՊԿՀ-ը, ինչը ստեղծում է բազմակենտրոն գիտական միջավայր։  Այսպիսի համագործակցությունները ապահովում են հայագիտության զարգացումը մի քանի մակարդակներում՝ համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, միջազգային համաժողովների կազմակերպում, հրատարակչական գործունեություն և երիտասարդ հետազոտողների ներգրավում։ Այդ միջավայրում հայկական նյութը ձեռք է բերում տեսական և համեմատական նշանակություն՝ դուրս գալով միայն ազգային պատմության շրջանակներից։

Ինչպե՞ս կարող են նման նախագծերը և ցուցահանդեսները նպաստել մշակութային դիվանագիտության զարգացմանը և Անիի պատմության վերածնունդին:

Բուդապեշտում իրականացված նախագիծը, որը միավորում էր ցուցահանդես, համաժողով և գեղարվեստական ծրագրեր, ստեղծում էր մի միջավայր, որտեղ Անիի թեման ներկայացվում էր պատմական, տեսողական, գրական և արվեստային ձևերով։ Այդպիսի մոտեցումը ընդլայնում է Անիի ընկալման շրջանակը՝ այն դուրս բերելով նեղ մասնագիտական դաշտից և դարձնելով հանրային քննարկման առարկա։

Մշակութային դիվանագիտության տեսանկյունից այսպիսի նախաձեռնությունները կարևոր են, քանի որ դրանք ձևավորում են երկխոսության հնարավորություններ տարբեր գիտական և մշակութային համայնքների միջև, և հենց այս նպատակով Անիի մասին ցուցահանդեսը հետագայում կայցելի նույնպես Երևան եւ Գյումրի։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է ունենալ Անիի ուսումնասիրությունը 21-րդ դարում՝ ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլ նաև որպես ժամանակակից մշակութային և ինքնության ձևավորման գործոն:

Անիի դեպքում հատկապես կարևոր է նրա երկակի կարգավիճակը՝ որպես նյութական ավերակ և որպես մշակութային ներկայություն։ Այս երկակիությունը ստեղծում է մի տարածք, որտեղ հնարավոր է ուսումնասիրել կորստի, բացակայության և հիշողության փոխհարաբերությունները։ Այդ հարցերը արդիական են ոչ միայն հայկական, այլ նաև լայն միջազգային համատեքստում, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ժառանգության քաղաքականությանը և հիշողության մշակույթներին։

Համաժողովի շրջանակում ներկայացված տարբեր զեկույցներ ցույց էին տալիս այս մոտեցման բազմազանությունը։ Քրիստինա Մարանչիի «The Cathedral of Ani» ուսումնասիրությունը ընդգծում էր ճարտարապետական ժառանգության կարևորությունը, Բալինտ Կովաչի աշխատանքը՝ գրական նոստալգիայի դերը և այլն։

Այս համատեքստում Անիի ուսումնասիրությունը կարող է ծառայել որպես վերլուծական մոդել՝ հասկանալու համար, թե ինչպես են մշակութային ժառանգությունը և պատմական հիշողությունը ձևավորում ժամանակակից ինքնությունները։ Այն հնարավորություն է տալիս աշխատել անցյալի հետ՝ որպես ակտիվ և շարունակվող գործընթացի, այլ ոչ որպես ավարտված պատմական փուլ։

Շնորհակալ եմ զրույցի համար: Մաղթում եմ Ձեզ գիտական և ստեղծագործական նոր հորիզոններ:

Զրուցեց Ալմաստ Մուրադյանը

Լուսանկարները՝ Քրիստինե Բաղդասարյանի անձնական արխիվից:

236
Ապրիլ 09, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: