Գնացքների ուղևորը
Այժմյան հայկական թատրոնը կարծես իր գոյության մի այնպիսի փուլում է, որտեղ կարևորը միայնակ անհատի պատմությունն է: Կամերային միջավայր` ասես մի յուրատեսակ լաբորատորիա, ուր քննության են առնվում մարդկային հոգին, էությունը, նրան կաշկանդող ներքին հոգեբանական խնդիրները:
Հետսովետական շրջանը հայկական իրականություն բերեց մարդկային նոր ըմբռնումներ ու մեկ այլ սոցիալական իրավիճակ: Ազատության ու ինքնուրույնության գիտակցումը հային դուրս բերեց կաղապարներից: Ներկան քննվեց անհատի դիրքերից, արվեստը տվեց դրա գեղարվեստական ձևակերպումը: Դրամատուրգիան` թատրոնի գլխավոր բաղադրիչներից մեկը, փորձեց ետ չմնալ այսպիսի իրականության վերարտադրումից. բերեց հերոս, ով միայնակ է, փորձում է քննել ինքն իրեն, խորհրդածում է, հանդիպում է իր «ես»-ի հետ, խարխափում անորոշության մեջ: Գոյության կռիվը դարձավ առաջնային, անկումային տրամադրությունն ու պեսիմիստական մտածողությունը` բնորոշ: Մարդիկ փորձում էին կողմնորոշվել, ելքեր գտնել, կամ` սպասել:
Բոլորովին նոր հայացք, խառնակ ժամանակների սեփական մտորումներ ու գեղարվեստական վերարտադրության կերպ, պիեսի ստեղծման նոր կառույց իր հետ գրականություն ու թատրոն բերեց Դավիթ Մուրադյանը: Ինտելեկտուալ, մի տեսակ նուրբ ու խնայող աբսուրդ, ներողամիտ ժպիտով ու հեգնանքով թաթախված տողեր, ընթացք... հարցադրում. «Այս ո՞ւր»: Ու նորից շարժում, նորից ընթացք... փոփոխված ընթացք: Կերպարներ, որոնք հառնում են առջևդ իրենց ողջ ռեալությամբ: Նրանց հետ հնարավոր է զրուցել թեյի սեղանի շուրջ, հանդիպել սրճարանում, պատահմամբ բախվել գնացքի սպասասրահներից մեկում: Նրանց հասկանալու համար պետք է գնացքով, մետրոյով ճամփորդելու կուլտուրա ունենալ, թունելով ժամանող կուրացնող լուսարձակներին նայելիս զգալ մեկնումի ջերմությունը...
«Բացառություններ խոցող սուսերամարտիկի» (լսարանային ձևակերպում` Դ. Մուրադյան) արվեստ: Այսպես դրամատուրգի արվեստը ընկալեց ուսանողների մի ողջ սերունդ: «Մեր հին դաշնամուրը», «Ժառանգության իրավունք», «Ձեր տոմսակը, խնդրեմ»: Պիեսներ, որտեղ այս հեղինակը արհեստավարժ կերպով կիրառում է իր «սուրը»: Հարված աջ ու ձախ, մեկ, երկու, երեք ու... հարվածը չի ուշանում, չի վրիպում, չի շտապում, բայց գտնում է իր որոշակի թիրախն ու խոցում` երբեմն զգուշական, երբեմն ձաղկող, երբեմն անխնա հեգնող, երբեմն ...
«Մեր հին դաշնամուրը»: Դարավերջի ու դարասկզբի սահմանագծին հայտնված մարդու ինքնազննում: Խոհ-երկխոսություն, ընթերցողի գիտակցական աշխարհ տեղափոխված գործողություն: Դաշնամուր և Միքայել` իրական ու գերիրական տիրույթում հայտնված հերոս: Անցյալի և ներկայի միջև եղած հակամարտություն` նրան լքող անցյալ: Որպես կերպարի բացահայտման միջոց հեղինակը պիես է ներմուծում հերոսի անցյալի թանկ ու կարևոր մարդկանց համր կերպարներ, որոնց հետ զրույցը դառնում է յուրատեսակ ներքին մոնոլոգ, ընթերցողին մոտեցնում Միքայելի պատմությանը: Դրամատուրգը սիմվոլներով է շփվում իր ընթերցողի հետ`հետզհետե դատարկվող տուն` հեռացում ու բաժանում, մանկության փղիկներ, որոնք իրենց առևանգված ընկերոջը գտնում են պիեսի վերջում ու յոթնյակ կազմած` իրենց իսկ ներկայությամբ երջանկություն խոստանում, լույս, որի յուրաքանչյուր մարում ունի իր դրդապատճառը, որոշակի հոգեվիճակ է արտահայտում, իսկ մոմերից մեկի վերջանալը` ճակատագրական բաժանում, հեռախոսազանգեր, ասես նյարդերիդ ամրությունը փորձող: Գնալու ու մնալու խնդիր: «Սև ձմեռների» (բնորոշումը` Դ. Մուրադյան) բարեկամին վաճառել ճերմակ գարուններին նշանակում է` օտարանալ անցյալիդ, անհաղորդ մնալ դաշնամուր նվագող մանչուկին և դրա փոշիները սրբող մորը: Ահա այս հակասությունն է, որ ողջ պիեսի ընթացքում ուղեկցում է Միքայելին, մինչև որ հայտնվում է ևս մեկ, հայրենասիրությունը անվան մեջ առած կերպար` Ռուզանը: Ճակատագրական հանդիպում... Մնալու հաստատուն որոշում... ուրախությամբ և ազատությամբ լեցուն նոր սկիզբ խորհրդանշող որոշում:
Ծանոթանալով Դ. Մուրադյանի գրական այլ ստեղծագործություններին` տեսնում ենք, որ նրա հերոսը խորհրդածող ճամփորդն է, անհատ` իր քննախույզ հայացքով և ճամփորդական նոթերով կիսվող: Պատկերը այլ է գրողի թատերախաղերում: Այստեղ այդ կերպարը ամբողջացնելու է գալիս ընտանիքը: Ընտանիք, որի անդամները հայերն են, ու որոնց շուրջ էլ այդքան ջերմությամբ հյուսում է իր պատմությունը դրամատուրգը: Կայսերական վեհությամբ է նա երևան բերում իր հերոսներին: Մի յուրատեսակ արժանապատվությամբ ու ակնածանքով ես ծանոթանում նրանց հետ:
Եվ այսպես` «Ժառանգության իրավունք»: Պիես, որտեղ հայ ազգի եղերական ողբերգության զոհերից մեկի ժառանգի միջոցով անցյալի արյունոտ էջերի վերհիշումն է, ինչու չէ, նաև` ժառանգների հանդիպում: Ցավի ու կորստի սաստիկ զգացողություն, արցունք կորզող իրողություն: Դրամատուրգը գնացել է զուսպ ու խիստ ժլատ նկարագրության ճանապարհով: Բերել է հույզեր, բայց ոչ տողերում, դրանք արթնանում են ընթերցողի հոգում, արձագանքում նրա հայկական գեներին, ծնում ընդվզում: Նրա կորստի զգացողությունը սաստիկ է, իսկ բողոքը` չձանձրացնող: Անցյալի ու ներկայի մեկտեղում, իրար հետ համերաշխ համակարգիչ և եռոտանի հին լուսանկարչական սարք: Բեմում մի դեպքում անցյալն է` մահերի ժամանակներում կյանք ապրեցնելու խնդիր, մյուս դեպքում ներկան` ժառանգներ և իրողություն: «Ժառանգական իրավունքի գրասենյակը» մի վայր է, ուր հանդիպում են ժառանգները` կորստյան ցավը սրտներում առած: Որքան ընդհանրություններ ունեն այս մարդիկ, որքան չասված խոսքեր ու անկատար նպատակներ, որքան ուշացած են նրանք: Տղամարդ կոչվող կերպարը այդ գրասենյակում իր անցյալն է գտնում, հաստատվում սրճագույն սյուրթուկով, ժամացույցի շղթան գրպանից կախ ինքնահրկիզված մտավորականի ժառանգ: Հերոսների յուրաքանչյուր շարժում իր տրամաբանությունն ունի, ծնվում է ներքին խորը հուզական տեղաշարժերից: Պիեսի ավարտական տեսարաններից մեկում, երբ ժառանգներից մեկը հայտնում է իր տատիկի ընկերուհու դժվարությամբ մտաբերված «Արտեմիս» անունը, դրամատուրգը անմիջապես ռեմարկի միջոցով նկարագրում է հորաքրոջ զոհվելու լուրն առած հաջորդ ժառանգի հոգեվիճակը. «Տղամարդը զգուշորեն նստում է, գրպանից ծխախոտ հանում, վառում...» (ռեմարկը մեջբերվում է պիեսից): Ու ցավով կանչում է կռունկը ...
«Ձեր տոմսակը, խնդրեմ»: Դրամատուրգը ժամադրավայր է բերում մի բուռ ուղևորների, առիթ տալիս հանդիպելու` տարբեր գաղափարների տեր, կյանքի առաջին տասնամյակներն անցած միայնակների, ովքեր ունեն միմյանց կարիքը: Թվում է, միայն այս կերպ է հնարավոր այսպիսի ժամանակներում մարդուն մղել շփվելու, հաղորդակցվելու: Եթե նախորդ պիեսների հերոսները երևանյան փողոցներով շրջող մարդիկ էին, ապա այս հերոսները` «աշխարհի քաղաքացիներ» (ձևակերպումը` Դ. Մուրադյանի): Պիեսում իր որոշակի նշանակությունն ունեն հերոսների անունները, որոնք բխում են նրանց կերպարային առանձնահատկություններից: Դրամատուրգը անտարբեր չէ նաև լույսի, աղմուկի, շչակի, ռելսերի զրնգոցի նկատմամբ: Սրանք դառնում են ազդակներ ` մթնոլորտ ձևավորող, կերպարի ներքինը բացող: Էքսպոզիցիան ծայր է առնում հսկիչի «Ձեր տոմսակը, խնդրեմ» չափազանց քաղաքավարի ու հեգնահունչ բառերով, որը խթանում է բացելու կյանքի աբսուրդայնության, սպասման, ինչ-որ անհայտ գալիքի նկատմամբ ունեցած տագնապի թեման: Պիեսում առկա հերոսներից իմաստնացած կնոջ` Մալգոժատայի խնձորներով հրապուրելու գայթակղիչ առաջարկները ակամա հիշեցնում են մարդկության նախնիների պատմությունը և այստեղ էլ խնձոր վերցնողը իր կատարած ընտրության համար պատասխանատու է դառնում: Նրանք բոլորն էլ, ասես, դրախտ են փափագում, յուրաքանչյուրը տարբեր, յուրովի, իր երևակայության մեջ հառնող: Ուղևորներից մեկին` Պետերին, ճակատագիրը որոշում է հեգնել, հրապուրում փառքով, ապա` խլում այն: Հաջորդող զարգացումները ցույց են տալիս հերոսի հոգու ներքին հակասությունը, այլ նպատակներով տարվելը, բոլորովին նոր կյանք սկսելու մարմաջը: Սա էլ իր հերթին, ասես, ստիպում է մտածել, որ կյանքը այլաձև խաղ է, որի կանոնները հարափոփոխ են, դրանց գուշակումը` պարտություն: Հարգանքի հասնող կիրթ խոսքը վստահություն է ներշնչում հսկիչի` Թոմասի նկատմամբ: Ի վերջո, նա է կարգված պիեսի հանգուցային կետերում, նա է Աբելի հետ կիսում խոհական ծանրությունը և, ի վերջո, հենց նա է հանդիպում իրականի մեջ` անիրականին, ինքն էլ յուրովի ճաշակում իրականության ու միայնակության դառը համը: Տիրող անհասցե սպասումը ցրելու են գալիս սև ակնոցներով, բայց գունեղ հոգով երկու երիտասարդ, իրենց հետ բերելով հեգնանքի մի ծփանք: Նրանց «փառահեղ» մուտքը և սպառնական թեմաները կյանքի վերաիմաստավորման մի նոր հնարավորություն են:
Հենց հերոսուհու` Աննայի խոսքերով էլ կարելի է ամբողջացնել. երազ-ճամփորդություն-իրական կյանք: Հեղհեղուկ սահմաններ` որքան իրական, այնքան էլ` անիրական: Ասես ձանձրանալով` դրամատուրգը հապշտապ ավարտում է հանդիպումը, հրահանգում գնացքավարին` շարժվել, նույնքան հրատապ էլ հրաժեշտ տալիս:
Գնացքը հեղինակի մոտ ասես հանդես է գալիս մետաֆոր` որպես կյանքի, տապանի, խոստովանարանի: Վայր, ուր հանդիպում են հնարավորն ու անհնարը, իրականացված և չիրականացված երազանքները և սուրում ռելսերով դեպի անհայտություն: Իմպրեսիոնիստական մի իլյուզիա է հայտնվում ընթերցողի մտքում, որտեղ ներդաշնակորեն ձուլվում են դաշնամուրի ու գնացքի արձակած հնչյունները, ցուրտ ու նուրբ, երբեմն ջերմ գույները ու բալենու ծաղիկների բույրը:
Դավիթ Մուրադյան ընթերցողը ասես հետապնդում է մի հավերժ ուղևորի, նրա հետ գնացքից-գնացք տեղափոխվում, լինում մեկ այս, մեկ այն կուպեում, երբեմն կորցնում նրան հոծ ամբոխի մեջ, երբեմն չափազանց հեռանում, բայց ի վերջո գտնում նրան` ծխելիս, գրելիս, նկարելիս, նվագելիս կամ էլ պատուհանից դուրս նայելիս: Ու այսպես` կայարանից-կայարան:
Դա մի ընթերցում-ճամփորդություն է, որը դառն ու քաղցր ժամանակներիդ սպեղանին է: Ինքդ քեզ hանդիպեցնող ուղիների որոնում:
...Եվ այսպես` շչակները սուլում են, իրարանցում է, գնացքը փնչալով սլանում է...
Ռուզաննա Առաքելյան
թատերագետ
- Created on .
- Hits: 4180