Ալեն Բադիու. Էթիկա: Էսսե Չարը հասկանալու մասին Լոնդոն, 2001 (1993) (մաս 2)

Սկիզբն այստեղ

II․ Մարդու իրավունքների էթիկայի հիմքերը

Դասական փիլիսոփայության կորպուսում այս կողմնորոշման ակնհայտ հղման աղբյուրը Կանտն[1] է: Մեր արդի պահը սահմանվում է որպես մեծ «վերադարձ Կանտին»: Իրականում, այս վերադարձի բազմազանությունն ու մանրամասները լաբիրինթոսային են իրենց բարդությամբ. այստեղ ես կդիտարկեմ դոկտրինայի միայն «միջին» տարբերակը:

Կանտից (կամ Կանտի կերպարից, կամ ավելի լավ է ասել՝ «բնական իրավունքի» տեսաբաններից) հիմնականում փոխառվել է այն գաղափարը, որ գոյություն ունեն ներկայացուցչական հրամայական պահանջներ (imperative demands), որոնք չպետք է ենթարկվեն ոչ էմպիրիկ դիտարկումներին, ոչ էլ իրավիճակների քննությանը, որ այդ հրամայական պահանջները կիրառելի են իրավախախտման, հանցագործության, Չարի դեպքերի համար, որ այդ հրամայականները պետք է պատժվեն ազգային և միջազգային իրավունքով, որ, որպես դրա արդյունք, կառավարությունները պարտավոր են դրանք ներառել իրենց օրենսդրության մեջ և ընդունել դրանցից բխող հետևանքների ամբողջ իրավական շարքը, որ եթե նրանք չեն անում դա, ապա մենք իրավունք ունենք պարտադրել, որ համապատասխանեն դրանց (հումանիտար կամ իրավական միջամտության իրավունք):

Էթիկան այստեղ պիտի հասկանալ և՛ որպես Չարը զանազանելու ապրիորի ունակություն (քանի որ, ըստ էթիկայի ժամանակակից կիրառության, Չարը կամ բացասականն առաջնային է. մենք ենթադրում ենք, որ կա ընդհանուր կոնսենսուս՝ ինչը համարել բարբարոս), և՛ որպես համոզմունք ձևավորելու վերջնական սկզբունք, մասնավորապես` քաղաքական համոզմունք․ բարին այն է, ինչն ակնհայտորեն քայլեր է ձեռնարկում ապրիորի ճանաչելի Չարի դեմ: Օրենքը [droit] ինքնին նախ և առաջ  Չարի «դեմ» օրենք է: Եթե «օրենքի գերակայությունը» [État de droit] պարտադիր է, ապա սոսկ այն պատճառով, որ միայն նա է արտոնում տարածք Չարի նույնականացման  համար (սա հենց «կարծիքի ազատություն» ասվածն է, որը, էթիկայի տեսանկյունից, նախ և առաջ Չարը հատկանշելու ազատությունն է) և ապահովում արբիտրաժի միջոցներ, երբ խնդիրը պարզ չէ (դատական նախազգուշական միջոցների ապարատ):

Դատելու այդ կլաստերի նախադրյալները հստակ են.

1. Պնդում ենք, որ մարդ-սուբյեկտն ընդհանուր առմամբ այնպիսին է, որ ինչ չարիք էլ պատահի, նա կարող է համընդհանրորեն (universally) նույնականացվել (նույնիսկ եթե այս համընդհանրությունը (universality) հաճախ պարադոքսալ կերպով ներկայանում է ընդհանուր «հասարակական կարծիք» անվան տակ), այնպես որ այս թեման և՛ մեկն է, և՛ մյուսը,  մի կողմից՝ պասիվ, պաթետիկ [pathétique] կամ ինքնաբերական (reflexive) սուբյեկտ, նա, ով տառապում է, և մյուս կողմից՝ ակտիվ, որոշիչ վճիռ կայացնող սուբյեկտ, նա, ով, նույնականացնելով տառապանքը, գիտի, որ դա պետք է դադարեցվի բոլոր հնարավոր միջոցներով:

2. Քաղաքականությունը ստորադասվում է էթիկային, այն միակ հեռանկարին, որն իրոք կարևոր է իրերի ընկալման հարցում. հանգամանքները դիտողի համակրելի և վրդովված պարսավանք:

3. Չարն այն է, ինչից բխում է Բարին, այլ ոչ թե հակառակը:

4. «Մարդու իրավունքները» իրավունքներն են ոչ-Չարի նկատմամբ.

իրավունքը-հանցագործության զոհ չդառնալու կամ  սեփական կյանքը (սպանության և մահապատժի սարսափներ), սեփական մարմինը (խոշտանգումների, դաժանության և սովի սարսափներ) կամ սեփական  մշակութային ինքնությունը (կանանց, փոքրամասնությունների նվաստացման սարսափներ և այլն) խոշտանգումների ենթարկվելուց պաշտպանելու։

Ուստի կարող է թվալ, որ այստեղ ունենք ակնհայտ սկզբունքների ամբողջություն, որն ունակ է ամրապնդել համաշխարհային փոխհամաձայնությունը և պարտադրել ինքն իրեն:


Սակայն պետք է պնդենք, որ դա այդպես չէ, որ այդ «էթիկան» անհամապատասխան է, և որ իրավիճակի միանգամայն ակնհայտ իրականությունը փաստացի կարելի է բնութագրել որպես սեփական շահերի անզուսպ հետապնդում, էմանսիպացիայի քաղաքականության անհետացում կամ ծայրահեղ փխրունություն, «էթնիկ» հակամարտությունների բազմապատկում և սանձարձակ մրցակցության ունիվերսալություն:

 

III Մարդ՝ ապրող կենդանի, թե՞ անմահ եզակիություն (singularity)

Մենք տեսանք, որ էթիկան այս սուբյեկտի ճանաչումը ստորադասում է նրա հանդեպ գործած չարիքի համընդհանուր ճանաչմանը: Էթիկան, այդպիսով, մարդուն սահմանում է որպես զոհ: Դրան որպես առարկություն կասվի. «Ո՛չ: Դուք մոռանում եք ակտիվ սուբյեկտին, որը քայլեր է ձեռնարկում ընդդեմ բարբարոսության»: Ուստի եկեք ճշգրիտ ձևակերպենք. մարդն այն լինելությունն է, որն ունակ է ճանաչելու իրեն որպես զոհ:

Հենց այս սահմանումն է, որ մենք պիտի հռչակենք անընդունելի, մասնավորապես երեք պատճառով.

1. Առաջին հերթին որովհետև զոհի, տառապող գազանի, հյուծվող, մեռնող մարմնի կարգավիճակը հավասարեցնում է մարդուն իր կենդանական ենթակառուցվածքին, ինչը նրան կրճատում-իջեցնում է մաքուր և պարզ կենդանի օրգանիզմի մակարդակի (կյանքային երևույթ, ինչպես ասում է Բիշան, ոչ այլ ինչ, քան «մահվանը դիմադրող գործառույթների ամբողջություն»[2]): Անշուշտ, մարդկությունը կենդանատեսակ է: Այն մահկանացու է և գիշատիչ: Բայց այս հատկանիշներից ոչ մեկը չի կարող տարբերակել մարդկությունը կենդանի աշխարհի ներսում: Դահճի իր դերում մարդը կենդանական իջեցում է, բայց պետք է համարձակություն ունենանք հավելելու, որ զոհի իր դերում նա, ընհանուր առմամբ, մի քիչ ավելին է: Խոշտանգումներ վերապրածների պատմությունները[3] համոզիչ կերպով ընդգծում են այս պահը. եթե զնդանների և ճամբարների խոշտանգողները և բյուրոկրատները ի վիճակի են իրենց զոհերին վերաբերվել սպանդանոցի համար նախատեսված կենդանիների պես, որոնց հետ իրենք՝ կուշտ հանցագործները, ընդհանուր ոչինչ չունեն, ապա միայն այն պատճառով, որ զոհերն իսկապես դարձել են այդպիսի կենդանիներ: Այն, ինչ պետք է արվեր, որ դա տեղի ունենար, իսկապես արվել է: Այն, որ ոմանք, այնուամենայնիվ, մնում են մարդ և վկայում այդ էֆեկտի մասին, հաստատված փաստ է: Բայց դրան միշտ էլ ճշգրտորեն հասնում են հսկայական ջանքերի միջոցով, ջանքեր՝ հաստատված վկաների (որոնց մեջ այն խթանում է պայծառ ճանաչում) կողմից՝ որպես գրեթե անըմբռնելի դիմադրություն այն մասում, որը նրանց մեջ չի համընկնում զոհի ինքնության հետ: Ահա թե որտեղ պետք է գտնենք Մարդուն, եթե վճռական ենք տրամադրված մտածելու նրա մասին [le penser], ինչն էլ երաշխավորում է, ինչպես Վարլամ Շալամովն է ասում իր «Պատմություներ ճամբարների կյանքի մասին»[4] գրքում, որ մենք գործ ունենք մի կենդանու հետ, որի դիմադրությունը, ի տարբերություն ձիու, ոչ թե նրա փխրուն մարմնի մեջ է, այլ նրա համառ վճռականության՝ մնալու այն, ինչ կա, այն է՝ հենց մի բան, որ տարբեր է զոհից, գոյություն-մահվան-համար լինելուց, և ուրեմն՝ այլ բան, քան մահկանացու էակ լինելն է:

Անմահը։ Սրանք վատագույն իրավիճակներն են, որոնք կարող են թափվել Մարդու գլխին՝ ցույց տալու, որ նա գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ իրեն տարբերակում է կյանքի բազմազան ու վայրագ հոսքի մեջ: Որպեսզի մտածենք Մարդու որևէ կողմի մասին, պետք է սկսենք այս սկզբունքից: Այսպիսով, եթե գոյություն ունեն «մարդու իրավունքներ», ապա, անկասկած, դրանք կյանքի իրավունքները չեն ընդդեմ մահվան կամ գոյատևման իրավունքները՝ ընդդեմ թշվառության: Դրանք իրենք իրենցով հաստատված Անմահի իրավունքներն են կամ Անսահմանի իրավունքները՝ օգտագործված տառապանքների և մահվան անկանխատեսելի իրավիճակների հանդեպ: Փաստը, որ վերջում բոլորս մահանում ենք, որ մնում է միայն փոշի, ոչ մի կերպ չի փոխում մարդու ինքնությունը որպես անմահ այն ակնթարթում, որում նա իրեն հաստատում է որպես մեկը, որ հակառակ է գնում անասուն-լինելու-ցանկության գայթակղությանը, որին հանգամանքները հնարավոր է դրդեն նրան: Եվ մենք գիտենք, որ յուրաքանչյուր մարդ կարող է լինել այդ անմահը՝ անկանխատեսելիորեն, լինել դա մեծ կամ փոքր հանգամանքներում, կարևոր կամ երկրորդական ճշմարտությունների համար: Յուրաքանչյուր դեպքում սուբյեկտիվացումը անմահ է և կերտում է Մարդ: Դրանից այն կողմ կա միայն կենսաբանական տեսակ՝ «առանց փետուրների երկոտանի», որի հմայքներն ակնհայտ չեն:

Եթե ​չմեկնարկենք այս կետից (որը կարելի է ամփոփել շատ պարզ, որպես պնդում՝ Մարդը կարծում է, թե Մարդը ճշմարտությունների հյուսվածք է), եթե մարդուն հավասարեցնենք նրա կենդանի գոյության պարզ իրականությանը, ապա անխուսափելիորեն կհանգենք լրիվ հակառակ եզրակացության, քան այն, ինչ ենթադրում է կյանքի սկզբունքը: Քանի որ այդ «կենդանի գոյությունը» իրականում արհամարհելի է, և իսկապես արհամարհված կմնա: Ո՞վ կարող է չտեսնել, որ մեր հումանիտար արշավախմբերում, ինտերվենցիաների, բարեգործական լեգիոներների (légionnaires) նախաձեռնությունների ժամանակ Սուբյեկտը, որը ենթադրվում էր՝ ունիվերսալ է, իրականում տրոհված է: Զոհերի պարագայում դա հեռուստաէկրաններին հայտնված հոգնատանջ կենդանին է: Բարերարների պարագայում` խիղճը և միջամտելու հրամայականը: Եվ ինչո՞ւ է այս պառակտումը միշտ նույն դերերը վերագրում նույն կողմերին: Ո՞վ չի տեսնում, որ աշխարհի թշվառության վրա հենվող այս էթիկան թաքնվում է իր զոհ-Մարդու, բարի-Մարդու, սպիտակ-Մարդու ետևում: Քանի որ իրավիճակի բարբարոսությունը դիտարկվում է միայն «մարդու իրավունքների» տեսանկյունից (մինչդեռ իրականում մենք միշտ գործ ունենք քաղաքական իրավիճակի հետ, որը պահանջում է քաղաքական մտածելակերպի պրակտիկա, որը զբաղեցվում է աութենտիկ գործող անձանց կողմից), մեր ակնհայտ քաղաքացիական խաղաղության բարձունքից դա ընկալվում է որպես անքաղաքակիրթ, որ քաղաքակիրթից պահանջում է քաղաքակրթական միջամտություն: Քաղաքակրթության անունից յուրաքանչյուր միջամտություն պահանջում է նախնական արհամարհանք ընդհանուր իրավիճակի նկատմամբ՝ ներառյալ նրա զոհերը: Ահա թե ինչու գաղութատիրության և իմպերիալիզմի համարձակ քննադատությունից տասնամյակներ անց «էթիկայի» թագավորությունը համընկնում է «Արևմուտքի» այսօրվա նողկալի ինքնաբավարարման հետ, այն համառ փաստարկով, համաձայն որի` Երրորդ աշխարհի թշվառությունը սեփական ոչ կոմպետենտության, անբովանդակայնության, մի խոսքով՝ սեփական ենթամարդկայնության արդյունք է:

2. Երկրորդ, որովհետև եթե էթիկական «կոնսենսուսը» հիմնված է Չարի ճանաչման վրա, դրանից հետևում է, որ Բարու դրական գաղափարի շուրջ մարդկանց միավորելու բոլոր ջանքերը, առավել ևս՝ Մարդուն նման նախագծերի հետ նույնականացնելը իրականում ինքնին դառնում է չարի իրական աղբյուր: Այսպիսին է մեղադրանքը, որ այնքան հաճախ է հնչում վերջին տասնհինգ տարվա ընթացքում․  յուրաքանչյուր հեղափոխական նախագիծ, որը պիտակավորվում է «ուտոպիստական», վերածվում է, ինչպես մեզ ասում են, տոտալիտար մղձավանջի: Արդարության կամ հավասարության որևէ գաղափար ամրագրելու յուրաքանչյուր կամային արտահայտում վերածվում է անմիտ արարքի: Բարուն ուղղված յուրաքանչյուր հավաքական կամք ստեղծում է Չարը[5]:

Սա ամենակործանարար սոփեստությունն է: Քանի որ եթե ​​մեր միակ օրակարգը էթիկական ներգրավվածությունն է Չարի դեմ, որը մենք ապրիորի ենք ճանաչում, ապա ինչպե՞ս պետք է ակնկալենք այս իրավիճակում որևէ տրանսֆորմացիա: Ո՞ր աղբյուրից է մարդը ուժ ստանալու՝ լինելու համար անմահը, որը նա կա: Ո՞րն է լինելու մտքի ճակատագիրը, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ այն պետք է լինի հաստատող գյուտ կամ ընդհանրապես ոչինչ: Իրականում, գինը, որ վճարում է էթիկան, ծանր պահպանողականությունն է: Մարդու էթիկական կոնցեպտը, բացի նրանից, որ դրա հիմքը կա՛մ կենսաբանական է (զոհերի պատկերներ), կա՛մ «արևմտյան» (զինված բարերարի ինքնաբավարարումը), արգելում է հնարավորությունների յուրաքանչյուր լայն, դրական տեսլական: Այն, ինչն այստեղ գովաբանվում է, ինչը էթիկան լեգիտիմացնում է, իրականում այսպես կոչված «Արևմուտքի» կողմից իր ունեցվածքի կոնսերվացումն է: Այդ ունեցվածքին ամուր հեծած (նյութական ունեցվածքի, բայց նաև սեփական գոյությանը տիրելը)՝ այդ էթիկան որոշում է, որ Չարը որոշակի առումով պարզապես այն է, ինչին ինքը չի տիրում և ինչով չի ուրախանում [ce qui pas ce dont elle jouit]: Բայց Մարդը` որպես անմահ, աջակցություն է գտնում անհաշվելիի ու չտիրվածի կողմից: Նրան ապրեցնում է ոչ-գոյը [non-étant]: Արգելել նրան պատկերացնել Բարին, նրան նվիրաբերել իր հավաքական ուժը, աշխատել անհայտ հնարավորությունների իրացման ուղղությամբ, մտածել, թե ինչ կարող է լինել արմատական խզումը նրանից, ինչը ինքն է, նշանակում է պարզապես արգելել նրան լինել մարդ որպես այդպիսին:

3. Վերջապես, Չարի բացասական և ապրիորի սահմանման շնորհիվ էթիկան ինքն իրեն խանգարում է մտածել իրավիճակների եզակիության մասին որպես այդպիսին, որը բոլոր մարդկային ճիշտ գործողությունների պարտադիր ելակետն է: Այսպես, օրինակ, բժիշկը, որը ընդունել է «Էթիկական» գաղափարախոսությունը, խորհրդակցություններում և հանձնաժողովներում տարբեր տեսակի խորհրդածություններ կանի «հիվանդների» վերաբերյալ՝ նրանց մասին ունենալով ճիշտ նույն ընկալումը, ինչպես մարդու իրավունքների պաշտպանն  է ընկալում զոհերի անորոշ ամբոխը՝ որպես ենթամարդկային գոյությունների [réel] «մարդկային» ամբողջություն: Բայց այդ նույն բժիշկը դժվարություն չի ունենա ընդունելու այն փաստը, որ այսինչ անձը հիվանդանոցում չի բուժվում և չի ստանում բոլոր անհրաժեշտ միջոցները, քանի որ նա առանց օրինական կացության փաստաթղթերի է կամ սոցիալական ապահովագրություն (Social Security) չի վճարում: Եվ նորից` «կոլեկտիվ» պատասխանատվությունն է դա պահանջում: Եվ այստեղ վերանում է այն փաստը, որ կա միայն մեկ բժշկական իրավիճակ` կլինիկական իրավիճակը[6], և կարիք չկա, որպեսզի «էթիկան» հասկանա (բայց միայն այս իրավիճակը պարզ հասկանալու համար), որ այս հանգամանքներում բժիշկը բժիշկ է միայն այն դեպքում, եթե նա իրավիճակին մոտենում է ըստ առավելագույն հնարավորության կանոնի, այն է՝ բուժել այդ մարդուն, որը նրանից բուժում է պահանջում (ոչ մի միջամտություն այստեղ), որքան հնարավոր է մանրակրկիտ՝ օգտագործելով ամենը, ինչ նա գիտի և բոլոր միջոցներով, որ կան իր տրամադրության տակ՝ առանց հաշվի առնելու որևէ այլ բան: Եվ եթե նրան պիտի արգելեն բուժել պետական ​​բյուջեի պատճառով, մահացության ցուցանիշների պատճառով կամ ներգաղթը կարգավորող օրենքների պատճառով, ուրեմն թող իրեն ոստիկանություն ուղարկեն: Նույնիսկ այդ դեպքում նրա՝ Հիպոկրատի ​առջև խիստ պարտականությունը պիտի ստիպեր նրան դիմադրել նրանց, անհրաժեշտության դեպքում՝ ուժով: «Էթիկական հանձնաժողովները» և «առողջապահական ծախսերի» կամ «կառավարչական պատասխանատվության» վերաբերյալ այլ մտորումները, քանի որ դրանք արմատապես արտաքին են մի իրավիճակի համար, որն իսկապես բժշկական է, իրականում կարող են միայն խանգարել մեզ հավատարիմ մնալու դրան: Քանի որ հավատարիմ լինել այս իրավիճակում, նշանակում է վերաբերվել դրան մինչև հնարավորի սահմանը: Կամ, եթե կուզեք, այսպես ձևակերպեմ․ այս իրավիճակից հնարավորինս շատ քաղել հաստատողական մարդկություն, որ այն պարունակում է: Կամ այլ կերպ ասած՝ փորձել լինել այս իրավիճակի անմահը:


Իրականում, բյուրոկրատական բժշկությունը, որը համապատասխանում է էթիկական գաղափարախոսությանը, կախված է «հիվանդից»՝ ընկալվող որպես անորոշ զոհ կամ վիճակագրություն, բայց կարիքի ցանկացած անհետաձգելի, եզակի իրավիճակի դեպքում արագորեն խլացվում է: Այստեղից էլ «կառավարվող», «պատասխանատու» և «էթիկական» առողջապահության ոլորտի իջեցումը չնչին առաջադրանքին՝ որոշելու, թե որ հիվանդներին «ֆրանսիական բժշկական համակարգը» կարող է բուժել, իսկ որոնց (որովհետև բյուջեն և հասարակական կարծիքը պահանջում են) պետք է ուղարկի մահանալու Կինշասայի տնակային ավաններում:

 

IV Որոշ սկզբունքներ

Մենք պետք է մերժենք «էթիկայի» գաղափարական շրջանակը և չընդունենք մարդու բացասական և զոհային սահմանումը: Այդ շրջանակը հավասարեցնում է մարդուն հասարակ մահկանացու կենդանու հետ, ինչը խանգարող պահպանողականության ախտանիշ է, և դա, իր վերացական, վիճակագրական ընդհանրության պատճառով, խանգարում է մեզ մտածել իրավիճակների եզակիության (singuliarity) մասին: Ես առաջ կքաշեմ երեք հակաթեզ.


Թեզ 1. Մարդը մի բան է, որ պիտի նույնականացվի որպես հաստատողական մտքի կրող, կրող այն եզակի ճշմարտության, որին նա ունակ է, Անմահի, որը նրան դարձնում է կենդանիներից ամենից դիմացկունը [résistant] և ամենից պարադոքսալը:


Թեզ 2. Մեր՝ Բարին գործելու դրական ունակության շնորհիվ է և հետևաբար՝ մեր՝ հնարավորությունների սահման-խախտող վերաբերմունքի և մեր՝ պահպանողականությունից (ներառյալ լինելության կոնսերվացումը) հրաժարվելու շնորհիվ, որ մենք պետք է ճանաչենք Չարը, և ոչ թե հակառակը:


Թեզ 3. Ամբողջ մարդկության արմատը գտնվում է եզակի իրավիճակների մասին ունեցած մտքի [en pensée] հետ նույնականացման մեջ: Ընդհանրապես էթիկա գոյություն չունի: Կա միայն, ի վերջո, գործընթացների էթիկա, որի միջոցով մենք վերաբերվում ենք այս կամ այն իրավիճակի հնարավորություններին:

Այս առումով էթիկայի նրբաճաշակ մարդը կառարկի՝ տրտնջալով. «Սխալ է: Ի սկզբանե սխալ է: Էթիկան ոչ մի դեպքում հիմնված չէ Սուբյեկտի ինքնության վրա, նույնիսկ նրա՝ որպես զոհ ճանաչված ինքնության վրա: Ի սկզբանե էթիկան ուրիշի էթիկան է, այն սկզբունքային բացվելն է ուրիշի առջև, այն ստորադասում է ինքնությունը տարբերությանը»:

Եկեք քննենք փաստարկի այս գիծը: Բերո՞ւմ է սա ինչ-որ նոր բան։  

 

Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

 

 

Ծանոթագրություններ

[1] Immanuel Kant, Groundwork of the Metaphysics of Morals.

[2] Բիշանը տասնութերորդ դարի ֆրանսիացի բժիշկ էր, անատոմիստ և ֆիզիոլոգ:

[3] Henti Alleg, La Question, 1958: Հարկ է անդրադառնալ խոշտանգումների մեր որոշ սեփական դրվագների, որոնք ֆրանսիական բանակը կանոնավորապես կիրառել է 1954-1962 թվականներին:

[4] Varlam Shalamov, Koyma Tales: Stories of Life in the Camps, 1980 [1980]: Իսկապես հիացմունքի արժանի այս գիրքը արվեստի ձևը հասցնում  է իսկական էթիկայի:

[5] André Glucksmann, The Master Thinkers, 1977 [1980]: Գլյուկսմանն ամենահետևողականն է Չարի մասին իրազեկվածության բացարձակ առաջնահերթության հարցում և այն գաղափարի, որ Բարու աղետալի առաջնությունը փիլիսոփայության ստեղծածն է: Այդպիսով, «էթիկական» գաղափարախոսության արմատները մասամբ գտնվում են 1970-ականների վերջի «նոր փիլիսոփաների» աշխատանքում:

[6] Տե՛ս Cecile Winter, Qu'en est-il de l'historicite actuelle de la clinique? (ոգեշնչված Ֆուկոյի գաղափարներից մեկով): Այս տեքստը ցույց է տալիս բժշկությունը վերանայելու մեծ ձգտում՝ ժամանակակից պայմաններում, այնպես, որ այն կլինիկական պահանջները ճանաչի որպես իր մտահոգության միակ առարկան:

  • Created on .
  • Hits: 2520

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: