Բանահյուսությունը համացանցում
Հայտնի փաստ է, որ տեխնոլոգիական առաջընթացը, ժամանակաշրջանը մեծապես ազդում են մարդկային մտածելակերպի, աշխարհայացքի, հասարակական կացութաձևի վրա: Այս ամենը իրենց արտահայտությունն են գտնում նաև բանահյուսության մեջ, և հասկանալի է, որ ժամանակի ընթացքում փոխվում են նաև բանահյուսության բնույթը և կենցաղավարման կերպը: Ժամանակակից իրականության մեջ բանահյուսությունը իր ավանդական տարածման՝ բանավոր փոխանցման ձևից բացի՝ կենցաղավարում է նաև համացանցում: Համացանցում տարածված են հատկապես կարճածավալ ժանրաձևերը, որը թերևս պայմանավորված է արդի բանահյուսության (խոսքը վերաբերում է հատկապես քաղաքային բանահյուսությանը) զարգացման հիմնական միտումներով: Համացանցում տարածված ժանրաձևերն են անեկդոտը, առակը, զրույցները, հայհոյանքը, առած-ասացվածքի որոշ նմուշներ: Դրանք կարելի է հանդիպել ինչպես ամենատարբեր կայքերում, սոցիալական ցանցերում, առանձին զրույցներում, այնպես էլ համակարգված՝ միայն տվյալ ժանրաձևը պարունակող կայքերում կամ էջերում: Որոշակիորեն տարբերվում են հայհոյանքները, որոնք հանդիպում են վիճաբանության վերածված մեկնաբանություններում և զրույցներում: Բայց դրանք էլ սովորաբար ջնջվում են կայքի պատասխանատուների կողմից: Վերջիվերջո, հայհոյանքը առավելապես բանավոր խոսքի տարր է և ունի բացասական հույզերը թոթափելու կամ մյուսներին նվաստացնելու գործառույթ: Հետաքրքիր է, որ համացանց և առօրյա կարող են մտնել նոր արտահայտություններ, որոնք ընկալվում են որպես հայհոյանք: Այդպիսին էր, օրինակ, Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղից հետո հայերի` հատկապես երիտասարդների շրջանում գործածվող «Այ Գոնսալես» արտահայտությունը, որի հիմքում կենցաղային՝ տվյալ դեպքում սպորտային իրադարձությունն է՝ ի տարբերություն ավանդական հայհոյանքների, որոնք սկզբնապես հնագույն ծեսի տարր են եղել[1]:
Ընդհանրապես համացանցային բանահյուսությունը առավելապես կենցաղային է և արտացոլում է հատկապես տվյալ ժամանակաշրջանին բնորոշ իրադարձությունները, դեպքերը և հայտնի մարդկանց հետ կապված պատմությունները, թեև կարելի է ավանդական ինչ-ինչ մոտիվներ դեռևս նշմարել: Կենցաղային տարրերի և ավանդական որոշ մոտիվների համատեղում է նկատվում հատկապես անեկդոտներում, որոնք բանահյուսական ժանրերից ամենատարածվածն են համացանցում և հենց այստեղ հաճախ թեմատիկ բաժանում են ունենում՝ ապարանցիների, ղարաբաղցիների, զոքանչի և այլնի մասին: Նմանատիպ դասակարգումը, իհարկե, նպատակահարմար է՝ փնտրողական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված, սակայն, ըստ իս, անեկդոտների դասակարգման գիտական այլ մոտեցում ևս կարող է լինել: Թեև նկատելի է, որ ըստ թեմայի ևս կարելի է որոշակի առանձնահատկություններ հայտնաբերել: Օրինակ` գավառցիները ավանդաբար անեկդոտներում համարվում են շատ խմող՝ «Քյավառցու գերեզմաններում տապանաքարերին կարդում են.
Վանեցիները և արտաշատցիները անեկդոտների ժլատ հերոսներն են (ժլատության գիծը բնորոշ է բոլոր ժողովուրդների անեկդոտներին,օրինակ Ուկրաինայում այդ գիծը կրում են գաբրովցիները), իսկ ապարանցիները, ըստ անեկդոտների, փոքր-ինչ անխելք են ու անընդհատ հայտնվում են զավեշտալի իրադրություններում`
«Ապարանցու կնիկը տունը մենակ ա լինում, ուզում ա գնա խանութ. գրություն ա գրում «Գնացել եմ խանութ»: Թողում ա տունը, գնում ա: Մարդը գալիս ա տուն, տենում ա կնգա գրածը, տակը գրում ա «Հետդ պապիրոզ կբերես» (copy past):
Կամ
«Ապարանցին էշին գրկած գնում է, ասում են էդ ինչի չես նստում ինքը տանի քեզ, ասում է ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում» ( copy past):
Հետաքրքիր է, որ էշը ապարանցիների մասին անեկդոտներում հաճախադեպ է և կարծես հիմարության և անխելքության սիմվոլը լինի: Առհասարակ կենդանական սիմվոլները, որ ավանդական բանահյուսության մեջ հնագույն ծագում ունեն և կապված են տոտեմիստական հավատալիքների հետ[2], արդի` հատկապես համացանցային բանահյուսության մեջ հազվադեպ են կիրառվում: Թեպետ դրանք անմիջականորեն փոխանցվել են հեքիաթներին, իսկ հեքիաթային որոշ խորհրդանիշներ դեռևս հանդիպում են ժամանակակից բանարվեստում՝ ի մասնավորի անեկդոտներում: Հեքիաթներից փոխանցված ամենահայտնի կերպարը՝ հրաշապատում հեքիաթների գլխավոր հերոս դևը, կորցնելով իր նախնական իմաստը, անեկդոտներում ձեռք է բերել փորձություններ ենթարկողի գործառույթ, իսկ փորձվողները սովորաբար հայը, թուրքը և վրացին են՝
Որոշ անեկդոտներում դևին փոխարինում է սատանան՝որպես փորձողի և չար ուժի միևնույն գործառույթն իրականացնող կերպար՝ «Սատանեն բռնումա հային, թուրքին, վրացուն ու ասում.
- Աստված երկնքից տապոռ քցեց, էս մեր շենքը փլվեց:
Հեքիաթային մյուս կերպարը ոսկե ձկնիկն է,որ առկա է անեկդոտներում: Այն այստեղ ևս պահպանել է ցանկություններ իրագործողի իր գործառույթը՝
Հետաքրքրականն այն է, որ վերոհիշյալ անեկդոտը ու համացանցում հանդիպող շատ ուրիշ անեկդոտներ, ինչպես Վարդանիկի և ընկեր Մարգոյի մասին պատմվողները, արդեն քիչ են պատմվում, սակայն համացանցում գրի առնվելով՝ դրանք պահպանվում են: Այսպիսով, համացանցը,ասես ձեռք է բերում բանասացի և բանահավաքի գործառույթները միաժամանակ: Իրար հետ միևնույն տանը կամ բակում նստած մարդկանց խմբին, որ նախկինում նստել և լսել են որևէ հմուտ պատմողի (սովորաբար նա ընտանիքի կամ տվյալ տարածքի ավագներից է եղել), փոխարինում է միմյանցից խիստ տարբեր ու հեռու մարդկանց միավորող համացանցը, որտեղ որևէ կայքում կամ էջում սկսում են գրառել իրենց հայտնի անեկդոտները, առած-ասացվածքները.
Վերոնշյալ ասացվածքները ավանդական են և վաղուց գրի են առնվել բանագետների կողմից[3]: Հանդիպում են նաև առած-ասացվածքների նոր հումորային տարբերակներ,որոնք փոփոխել են երիտասարդները.
Կամ առավել տարածվածը՝
«Ճաշակին ընկեր չկա,մանավանդ անճաշակին (facebook)»:
Վերջին օրինակը,ինչպես վերում բերված դևի և ոսկե ձկնիկների կիրառության օրինակները փաստում են,որ ավանդական շատ մոտիվներ այլափոխվում են, ինչպես ժողովրդական մտածողությունն ու աշխարհայացքը:
Համացանցում տեղադրվող նյութերի մեջ մեր ուսումնասիրության ընթացքում զարմանալիորեն հայտնաբերեցինք նաև քնարական հնագույն ժանրաձևերից մեկի՝ խաղիկի տարբերակ, որի՝ թուրքերի հանդեպ ատելությամբ լեցուն բովանդակությունը հասկանալի պատճառներով այս օրերին խիստ արդիական է՝
«Բանահավաք և բանասաց» համացանցի ցանկում կան նաև առավել ավանդական ժանրաձևեր՝ առակներ, զրույցներ: Սակայն այստեղ էլ չենք կարող բացառել տեքստը տեղադրողի կողմից այն մշակելու հնարավորությունը,հնարավոր է անգամ, որ դրանք որևէ գրքից են մեջբերված: Եվ աղբյուրների բացակայության պարագային դժվար է նույնիսկ հաստատելը՝դրանք բանահյուսական գործեր են,թե գրական:Այնուհանդերձ,ավանդական մոտիվները, բանաձևերը, կերպարները այս ժանրում առավել տեսանելի են:Օրինակ,իմաստունի կերպարը,որ բազմիցս հանդիպում է հայկական հեքիաթներում, առկա է նաև ժամանակակից առակներում.
Ամփոփելով մեր դիտարկումները` փաստենք, որ համացանցում գրառված բանահյուսական գործերի՝ անեկդոտների, զրույցների, առակների և մյուս գործերի քննությամբ կարելի է ուրվագծել արդի բանահյուսության ընդհանուր համապատկերը: Իհարկե, այս ոլորտը ուսումնասիրության կարիք ունի, իսկ սույն հոդվածը միայն միտում ունի ուշադրությունը բևեռելու համացանցային բանահյուսությանը, որն ընդգծվում է իր՝ հակադիր գաղափարաբանությամբ, բազմաձև ու բազմաբովանդակ գործերով, որոնք մեր ժամանակի, մեր կենցաղի, կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ու դեպքերի և, ինչու չէ, նաև մեր մտածելակերպի արտացոլումն են:
[2] Տե՛ս Ս. Հարությունյան, Բանագիտական ակնարկներ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, էջ 162:
Անի Հովնանյան
- Created on .
- Hits: 17612