Վարպետության դասեր և արվեստի էքսպերիմենտներ

    «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 8-10-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպեց «Արվեստի եռօրյա ակադեմիա», որն իրենից ներկայացնում էր վարպետության դասեր երիտասարդ գրողների, նկարիչների և կոմպոզիտորների համար: Երիտասարդներն ընտրվել էին մրցութային կարգով՝ նախապես որոշված պորֆեսիոնալ ժյուրիի կողմից (կոմպոզիցիա՝ Արթուր Ավանեսով և Արամ Հովհաննիսյան, կերպարվեստ՝ Լևոն Ֆլջյան և Կարեն Բարսեղյան, գրականություն՝ Արամ Պաչյան և Հասմիկ Խեչիկյան): Ստացված 55 հայտերից ընտրվեցին 15 երիտասարդ արվեստագետ, սակայն ակադեմիային նրանցից մասնակցեցին 14-ը. գրականություն՝ Լուսինե Եղյան, Արամ Մամիկոնյան,  Ռուզաննա Ոսկանյան, Նելլի Սահակյան, art academyՆորայր Սարգսյան, կոմպոզիցիա՝ Ալվինա Կարապետյան, Ժիրայր Շահրիմանյան, Հեղինե Սարգսյան, Հովիկ Սարդարյան, կերպարվեստ՝ Արաքսյա Ասատրյան, Արուսիկ Ասլանյան, Ամալյա Գալստյան, Գոհար Մարտիրոսյան, Սեյրան Մեջանյան: Ակադեմիային մասնակցեցին նաև 3 երաժիշտ կատարողներ՝ Մերի Դոլմազյան (ալտ), Լուսինե Հարությունյան (ջութակ), Գոհար Առաքելյան (ֆլեյտա), որի շնորհիվ կոմպոզիտորները հնարավորություն ստացան իրենց ստեղծագործությունները լսել և տեղում դասախոսի և երաժիշտների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանայել դրանք:
    Վարպետության դասերի համար դասախոսներ ընտրվեցին Արամ Պաչյանը (գրականություն), Լևոն Ֆլջյանը (կերպարվեստ), Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա):
IMG 3828    Մրցույթից անմիջապես հետո երիտասադները դասախոսներից ստացան հանձնարարություններ և պարտավորվեցին մեկամսյա ժամկետում ստեղծել նոր գործեր: Կոմպոզիտորները պետք է գրեին դուետներ երկու գործիքի համար՝ նշված կազմով, նկարիչները պետք է ստեղծեին 2-3 աշխատանք քաղաք, քաղաքակրթություն թեմաներով, իսկ գրողները պետք է գրեին ստեղծագործություններ հռոմեացի գրող Վերգիլուսի բանաստեղծությունների վերնագրերով՝ «Անեծք», «Ծովային թռչուն», «Մոծակ»:
    Աշխատանքները դասախոսների հետ քննարկվեցին և դրանց վրա աշխատեցին վարպետության դասերի ժամանակ:
    Բացի այդ նոր ստեղծագործությունների վրա աշխատելուց՝ մասնակիցները հնարավորություն ունեցան մի շարք էքսպերիմենտների:
IMG 3835    Հուլիսի 8-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Ակադեմիայի բացումը: Բացման խոսքերից հետո մասնակիցներին հանձնարարվեց փոքրիկ խմբային աշխատանք. նրանց առաջարկվեց 4 խմբի բաժանվել և փոքր խմբերով քննարկել «Ստեղծագործական աշխատանք և կարգապահություն» թեման՝ որքանով է կարգապահությունը կարևոր արվեստագետի համար կամ արդյոք այն հակասում է ստեղծագործողի կերպարին և ստեղծագործական աշխատանքին:
    Վարպետության առաջին դասին Արամ Պաչյանը երիտասարդ գրողների համար ընթերցեց իր պատրաստած «Խոսք անազնվության» էսսեն, որից հետո սկսվեց քննարկում ժամանակակից գրականության տարբեր խնդիրների շուրջ:
academy-    Լևոն Ֆլջյանը խնդրեց նկարիչներին ներկայացնել իրենց աշխատնքները, ապա սկսեցին քննարկել դրանք, առաջարկել տարբեր լուծումներ, որից հետո մասնակիցներն ընտրեցին աշխատելու համար առավել հարմար վայր և սկսեցին աշխատել:
    Արամ Հովհաննիսյանը երաժիշտների և կոմպոզիտորների հետ սկսեց աշխատել վերջիններիս նոր գործերի վրա:
    Վարպետության մյուս դասերն անցան բովանդակալից: Դասերն անցնում էին ինչպես դահլիճային պայմաններում, այնպես էլ բնության գրկում:
    Առավել հիշատակելի է երկրորդ օրվա երեկոն: Կոմպոզիցիայի երկրորդ դասը Արամ Հովհանիսյանն անցկացրեց անտառում: Կոմպոզիտորներին տրվեց 10 րոպե ժամանակ, որի ընթացքում նրանք գրաֆիկական պարտիտուրի տեսքով պետք է գրառեին բնության մեջ լսած ձայները: Երեկոյան
academy-heghine sargsyanմեծ դահլիճում կազմակերպվեց պերֆորմանս, որի ժամանակ ակադեմիայի բոլոր մասնակիցները որոշակի դեր ստանձնեցին: Չկար հանդիսատես, բոլորը մասնակից էին: Երաժիշտներին և կոմպոզիտորներին բաժանվեց կոմպոզիտորների գրաֆիկական պարտիտուրները, որոնք պետք է նվագեին ըստ իրենց մեկնաբանության: Պերֆորմանսը սկսեց Արամ Պաչյանը իր «Մենք հաղթեցինք աշխարհին» պատմվածքի ընթերցմամբ: Ընթերցանության կեսից երաժիշտները սկսեցին կատարումը: Կատարումը միայն երաժշտական գործիքներով չէր, այլ բաժակներով, դաշնամուրի լարերով, տարբեր այլ ոչ երաժշտական միջոցներով: Նրանց միացան մյուս մասնակիցները, որոնք շշուկով սկսեցին ընթերցել տեքստը: Այս ձայնային ֆոնի տակ նկարիչները սկսեցին նկարել, որոնցից յուրաքանչյուչի մոտ նստած գրողները նրանց
IMG 3957նկարածը և ընդհանուր տպավորությունը վերածեցին տեքստերի: Այս ամենը տևեց 15 րոպե, Արամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Բոլորը տպավորված էին: Այնուհետև դիտեցինք նկարները և լսեցինք գրողների տեքստերը: Իսկ դրանից հետո մինչև ուշ գիշեր բոլոր մասնակիցները ներկայացրեցին իրենց հին աշխատանքները:
    Թվում էր՝ արդեն չարաշահել ենք օրը և մասնակիցները ուժասպառ կվազեն սենյակները՝ հանգստանալու, երբ պարզվեց, որ նրանք քնելու որևէ ցանկություն չունեն և ուզում են օգտվել հնարավորությունից և լուսացնել միասին՝ արդեն աշխատանքային հաճելի երեկոն շարունակելով մաֆիայի ինտրիգային գիշերով:
Academy 2013    Նշենք, որ մասնակիցները դասերի ժամային փոքրիկ տեղաշարժերի շնորհիվ կարողացան մասնակցել նաև մյուսների դասերին:
    Երբ ամսի 10-ին ամփոփում էինք աշխատանքները, մասնակիցները նշեցին, որ որ սա իրենց համար նորություն էր և որ շատ հաճելի ու կարևոր էր ծանոթանալ մյուս ոլորտների հասակակից արվեստագետների հետ:
    Լևոն Ֆլջյանը նշեց, որ այսուհետ նրանք կարող են օգտագործել այս ծանոթությունը և իրականացնել տարբեր համատեղ նախագծեր:
    Ակադեմիայի վերջնական ամփոփումն իհարկե տեղի ունեցավ արդեն Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում, հուլիսի 11-ին՝ եզրափակիչ համերգ-ցուցահանդեսով, որի ժամանակ ներկայացվեցին ակադեմիայի շրջանակներում ստեղծված գործերը:
academy-2013    Սեղծագործությունները ներկայացվեցին անանուն, իսկ հանդիսատեսին առաջարկվեց հավանած ստեղծագործության առջև նշում կատարել: Հանդիսատեսի քվեարկությամբ դիպլոմի արժանացան Արաքսյա Ասատրյանի աշխատանքները, Նորայր Սարգսյանի «Անեծք» պատմվածքը և Հովիկ Սարդարյանի «Ութ օրնամենտներ» ստեղծագործությունը:
    Նշենք, որ ծրագիրը իրականացվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության, Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան և Նարեկացի արվեստի միության աջակցությամբ: 
  Հասմիկ Խեչիկյան
 Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի
 
 
 
 
4510
Հուլիս 18, 2013

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: