«ՖՐԵՍԿՈՅԻ» ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿ ՕՐ
Այսօր տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման ասուլիսը, որի բանախոսներն էին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը, փառատոնի հատուկ հյուր Դմիտրի Բրիկմանը և հոգևոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Երեկոյան Երևանը վայելել ցանկացող երևանցիները Կարապի լճում մասնակից կդառնան Սանկտ Պետերբուրգից ժամանած ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիային, «Որդան կարմիր» ռոք խմբի համերգին, ինչպես նաև իրենց հետ տուն կտանեն «Ֆրեսկոյի» պատրաստած անակնկալը:

Այս տարի փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ: «Շատ ողջունելի է, որ գոյություն ունի մի փառատոն, որը որոշել է անդրադառնալ հենց այս ոլորտին: Կարևոր չէ, թե ֆիլմերում հատկապես ինչի մասին է խոսվում, արվեստն ինքնին հոգևոր է, դա է կարևորը»,- նշում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Ֆրեսկոյի»՝ այս տարվա նորություններից մեկը «Հավատ առանց սահմանների» ֆոտոցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու հայտնի իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի աշխատանքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող այլ լուսանկարներ:

Փառատոնային 3 օրերին ցուցադրությունները կանցկացվեն Երևանում՝ Կարապի լճի տարածքում, ևս 3 օր կտևի վրանային կինոճամբարը, որն այս տարի հյուրընկալվում է Հառիճավանքում, իսկ հուլիսի 5-ին Էջմիածնում կկայանա փառատոնի փակման արարողությունը:
- Created on .
- Hits: 2802