ԸՆԹԵՐՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՌԸ
Զովանալ այս տապին և միաժամանակ լցվել ջերմությամբ հնարավոր էր երեկ «Զանգակ» գրատանը «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի մասնակիցներին հետևելիս:
Ընթերցասեր երեխաների «բազմությունը» մեծ ոգևորությամբ «դիմավորեց» նոր հերոսին՝ Լյոնեբերգացի Էմիլին, ում արկածները գրի է առել շվեդ հայտնի մանկագիր Աստրիդ Լինդգրենը, իսկ հայերեն է թարգմանել Աշխեն Բախչինյանը: Հենց թարգմանչուհին էլ երեխաներին ներկայացրեց ժամանակին ողջ Լյոնեբերգայով հայտնի փոքրիկ Էմիլին, ով օր չէր անցկացնում առանց անկարգությունների և այդ պատճառով փակի տակ էր մնում ցախատանը:
Երեխաները հետաքրքիր խմբային առաջադրանք ունեին. դրվագների բաժանված վիպակը նրանք պետք է վերակազմեին ըստ իրենց պատկերացման: Արդյունքում նրանք ստեղծեցին Էմիլի մասին նոր պատմություն, որը կտեղադրվի «Ամառային ընթերցանություն» ծրագրի կայքէջին:
Ամառային արձակուրդներն այսպես ուրախ և հագեցած են անցնում «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասնակիցների համար: Ծրագիրն ամռան ընթացքում առաջարկում է ընթերցել և փոխանակել շուրջ երեք տասնյակ գրքեր՝ գնելով դրանցից ընդամենը մեկը: Ընթերցողը կարող է անվճար փոխանակել գրքերն այս գրախանութներում:
«Ամառային ընթերցանություն-2015»-ը կտևի երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: Ծրագիրը գործում է Երևան, Աբովյան, Արտաշատ, Արմավիր, Գյումրի, Իջևան, Կապան, Հրազդան, Ճամբարակ, Վանաձոր, Ստեփանակերտ քաղաքներում:
Կ.Գ.
Լուսանկարները՝ «Զանգակ» հրատարակչության







- Created on .
- Hits: 2990