«ՖՐԵՍԿՈ» ՓԱՌԱՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Հունիսի 27-ին մեկնարկած «Ֆրեսկոն» այս տարի ավանդական վրանային կինոճամբարն անցկացրեց Հառիճավանքի տարածքում: Երեք օր՝ հուլիսի 2-ից 4-ը, Երևանից ժամանած խմբերն ու տեղացիները (շուրջ 160 հոգի) բացօթյա կինոդիտումների, համերգների ու քննարկումների մասնակիցը դարձան:
Փառատոնում ներկայացված արտասահմանյան կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ցուցադրությունից բացի՝ կինոճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան դարձյալ դիտելու Սանկտ Պետերբուրգից հրավիրված ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիոն շոուն, Արևմտյան Հայաստանում արված լուսանկարների ցուցահանդեսը, մասնակցելու ազգագրական երգ ու պարի համերգին, ինչպես նաև ասեղնագործության վարպետության դասին:

Հառիճավանքի «ժամանակավոր կինոթատրոնում» երկու կինոերեկոների ընթացքում ցուցադրվեցին շուրջ երկու տասնյակ ֆիլմեր, որոնց մի մասի ռեժիսորներն ու պրոդյուսերները մասնակցում էին կինոճամբարին: Իրենց ֆիլմերի մասին պատմեցին, հարցերին պատասխանեցին իտալական «Մոհամեդն ու ձկնորսը» ֆիլմի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը, բելառուսական «Մայիս 1945» ֆիլմի պրոդյուսեր Նոնա Սիսակյանը, ռուսական «Մեդեմ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Նաումովը և ուրիշներ: Իսկ իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «Աղոթք» ֆիլմը և ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիան ցուցադրվեցին հենց վանական համալիրի ներսում:

Երևանյան բացօթյա կինոդիտումներով, վարպետության դասերով, համերգներով, հանդիպումներով, մարզային վրանային կինոճամբարով և իհարկե գիշերային խարույկով «Ֆրեսկոն» մոտեցավ իր ավարտին: Փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում:
- Created on .
- Hits: 3063