ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎ ՌՈԲԵՐ ԳԵԴԻԳՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերն այսօր այցելել են Էջմիածնի վանական համալիր, շրջել Մայր տաճարի թանգարանում։ Այնուհետև Գևորգյան ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշով է պարգևատրել «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանին և «Եղիցի լույս» մրցանակը հանձնել կինոռեժիսոր, փառատոնի այս տարվա միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ Ռոբեր Գեդիգյանին (Կետիկյան)։

Հոգևոր-մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակի արժանացած Գեդիգյանը նշեց, որ փառատոնը հարուստ է բազմաթիվ լույսերով։
«Ինձ համար լույս բառը ուղղակիորեն կապվում է արվեստի, կինոյի հետ։ Կինոն ինձ համար լույս է մթության մեջ։ Այն կարող է օգնել դուրս գալ մթությունից, փոքրից գնալ դեպի մեծը, ինչպես ասել է մեծ փիլիսոփան։ Երբ նայում եմ լուսատտիկներին, մտածում եմ, որ այդքան լույս կա բոլոր մարդկանց մեջ։ «Ոսկե Ծիրանը» մեկտեղում է այդ բոլոր լույսերը աշխարհի տարբեր երկրներից Հարավային Ամերիկայից, Թուրքիայից, Ռուսաստանից և այլն։ Արվեստը լուսավորում է ոչ միայն մեր բանականությունը, այլև սրտերը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին «Եղիցի լույս» մրցանակին արժանացել են այնպիսի անուններ, ինչպիսիք են Ալեքսանդր Սոկուրովը, Արտավազդ Փելեշյանը և Քշիշտոֆ Զանուսին։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2948