«ԿՈՆՐԱԴԸ» ՄԻԱՑԱՎ «ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆԸ»

Գերմանացի հեղինակ Քրիստինե Նյոստլինգերի «Կոնրադը» գիրքը թարգմանվել է հայերեն։ Այսօր «Գրափունջ․ Օքսֆորդ» գրատանը «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասնակիցները ծանոթացան գրքին, հանդիպեցին թարգմանչուհի Ռուզան Մարգունու հետ։
«Կոնրադը» պատմություն է մի տղայի մասին, ով դուրս է գալիս պահածոյի տուփից, նույնն է թե արտադրանք։ Նման արհեստական տղաների արտադրում էր մի ձեռնարկություն, որը նրանց պատվաստում էր որոշ հիվանդությունների դեմ, օժտում էր այս կամ այն դրական հատկանիշով և ուներ գերիշխանություն իր արտադրանքի նկատմամբ։ Ժամանակի ընթացքում տղան կարողանում է ինտեգրվել հասարակության մեջ, դառնալ իր միջավայրի մի մասը, ունենալ ընտանիք և ընկերներ։

«Հետաքրքիր շրջադարձերով, հակասություններով, երեխաներին հանկարծակիի բերելով հեղինակն ասում է այն, ինչն ընթերցողը պետք է ընտրի։ Երբեք ոչինչ չի հուշում երեխային, ընդհանրապես պարտադրանքին դեմ է։ Դժվար է որոշել՝ որտեղ է ազատության և ամենաթողության սահմանը։ Ծայրահեղությունների վրա է կառուցված է։ Երեխաներն իրենք պիտի որոշեն՝ որտեղ է ճշմարտությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Ռուզան Մարգունին։
«Ամառային ընթերցանություն» ծրագրին արդեն երկրորդ անգամ մասնակցում է Արեգ Սերոբյանը։ Նա սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, փոխադրվել է վեցերորդ դասարան։ Գիրք կարդալ Արեգը շատ է սիրում, փորձում է ամռանը որքան հնարավոր է շատ բան անել։

Հատկապես հավանել է «Իմ տատիկ Թամթիմարիան»․ «Ազատությունը դուրս եկավ։ Ինչքան էլ հերոսին դաստիարակում են, չարաճճիություններ է անում, քրոջը բարձրացնում է դրոշակի ձողի վրա, իսկ հետո էլ բողոքում, թե քույրն է ուզել բարձրանալ, ինքը չի ստիպել, ինչու պիտի պատժվի»։
Հարցին, թե հայ հեղինակներից ում է սիրում, Արեգը պատասխանեց․«Վիլյամ Սարոյանին եմ սիրում։ «Մարդկային կատակերգությունից» հատվածներ եմ կարդացել, շատ եմ հավանել։ Արմատներով բիթլիսեցի եմ, Սարոյանն էլ էր Բիթլիսից, շատ ուրախ եմ դրա համար»։
Գրական հանդիպման ավարտին «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասնակիցներին բաժանվեցին դրամարկղեր, որոնք պահածոյի տեսք ունեին։ Երեխաները մինչև սեպտեմբեր ժամանակ ունեն այդ դրամարկղերում գումար հավաքելու և «Զանգակ» գրատնից 20% զեղչով գիրք ձեռք բերելու համար։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3596