«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔԱՆԴԱԿ» ԿԱՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՐԵՎԱՆ

Հայ ժամանակակից քանդակագործներն ունեն իրենց երազանքների Երևանը, որտեղ տեղ են գտնում նաև իրենց աշխատանքները։
Նկարիչների միությունում այսօր բացվեց «Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսը, որն ինչպես քանդակների, այնպես էլ լուսանկարների ցուցահանդես է: Լուսանկարներ, որտեղ ներկայացված են Երևանի տարբեր հատվածներում տեղադրված քանդակներն ավելի մեծ չափերով։ Երազանքների Երևանը փորձել են իրականություն դարձնել ֆոտոմոնտաժի միջոցով։ Ցուցահանդեսի մտահղացումը քանդակագործ Նունե Թումանյանինն է, ով նաև հանդիսանում է ցուցահանդեսի համադրողը։
Նա հավանել է հատկապես Համլետ Մատինյանի «Մեր մանկության հուշերից» շարքը։ Շարքի աշխատանքներից մեկում ծիրանի կորիզներ են, որոնցից նախկինում սուլիչներ են պատրաստել։
«Սա կապ է անցյալի հետ, բայց հետաքրքիր է նաև այսօր»,- նշեց Նունե Թումանյանը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Նրա խոսքով այս ժանրի և թեմատիկայի ստեղծագործությունները մի տեղում հավաքելը աննախադեպ է և արդիական․ ««Քաղաքային քանդակը» արձագանքում է մեր պահանջներին։ Ոչ միայն Երևանի, այլև հանրապետության մյուս քաղաքների համար սպասված միջոցառում է մեր ունեցածը գնահատելու, իմի բերելու համար, ինչպես նաև քանդակները իրենց համապատասխան և արժանի տեղերում տեսնելու ակնկալիքով»։
«Աշխատում եմ նաև բրոնզով, քարով։ Եթե ստեղծագործում ես, և նյութը ճկվում է, ենթարկվում է քեզ, կարող ես իրականացնել ցանկացած գաղափար»,- վստահեցնում է Հովհաննես Գասպարյանը։
Նա մանկուց նկարել է։ Սովորել է Իգիթյան արվեստի կենտրոնում, գրեթե բոլոր բաժիններում՝ գրաֆիկայից մինչև գոբելեն։
«Յոթերորդ դասարան էի, երբ մտա քանդակի արվեստանոց։ Զգացի, որ իմն է, սիրեցի քանդակը։ Հետո արդեն ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, աշխատեցի Գեղագիտության ազգային կենտրոնում։ Հիմա էլ իմ կենտրոնն ունեմ, որտեղ երեխաներին նկարչություն և քանդակագործություն եմ սովորեցնում»,-պատմում է քանդակագործը։
Իր քանդակը Հովհ․ Գասպարյանը շատ է ցանկանում տեսնել Սիրահարների այգում։
«Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի մինչև օգոստոսի 3-ը։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 4000