UCLA-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ
Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Վաչե Շարաֆյան։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ էին կատարում Լոս Անջելեսից Երևան ժամանած հինգ ուսանողներ։
Արդեն երեք տարի է, ինչ ամերիկյան UCLA (University of California, Los Angeles) համալսարանի երաժշտական բաժնում նաև հայ երաժշտության են ուսումնասիրում։ Երևանյան համերգի կազմակերպիչ, նույն համալսարանի դասախոս, ջութակահար Մովսես Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ելույթ ունենալու գաղափարը իր գործընկեր, հայագետ Փիթեր Քոուինն է։ Համալսարանի հինգ ուսանողների հետ Հայաստան է եկել նաև Փ. Քոուին, ով մասնակցելու է ոչ միայն համերգներին, այլև հայաստանյան համալսարաններում կազմակերպվելիք կոնֆերանսներին։
Դենիելը Հայաստան եկած ուսանողներից է։ Երկու տարի է, ինչ երգում է հայերենով։ Ասում է՝ սկզբում դժվար էր այդքան նոր բառ հիշելը, բայց ուսուցիչների շնորհիվ ստացվեց։ Առաջին անգամ չէ, որ բեմից ներկայացնում է հայ երաժշտությունը։ Բազմաթիվ ելույթներ է ունեցել ԱՄՆ դպրոցներում, համերգասրահներում։
Cultural.am-ի հարցին, թե ինչ զգացողություն է Մանսուրյանի հայրենները կատարելը, երբ կոմպոզիտորը դահլիճում է, Դենիելը պատասխանեց․ «Վախ և անհանգստություն կար կոմպոզիտորի առաջ ելույթ ունենալիս, բայց հենց սկսեցի երգել, Մանսուրյանի ներկայությունն ինձ ոգեշնչեց, ավելի լավ կատարեցի»։
Համերգային մասի ավարտից հետո զրույց-քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էին կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Աշոտ Զոհրաբյանը, Արթուր Ավանեսովը, Վաչե Շարաֆյանը և Արամ Հովհաննիսյանը։
Վաղը՝ մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը ջութակի երեկո է նախատեսված, որի ընթացքում կատարումներով հանդես կգան նաև հյուր-ուսանողները։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2815