ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԱՄԷՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԽՄԲԻՆ

   ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագծի կազմակերպիչներին:
   Հանդիպման սկզբում նախագծի պրոդյուսեր Դավիթ Զարդը (Իտալիա) ներկայացրեց ծրագրի հայեցակարգը` նվիրված Հայոց ցեղասպանության և առհասարակ, աշխարհում տեղի ունեցող կամ ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նա նշեց, որ ծրագրի մեկնարկը կտրվի 2017 թվականին, Իտալիայի Վերոնա քաղաքում:
   Ողջունելով նախագծի գաղափարը, նախարարն ընդգծեց այն ճիշտ ժամանակին կյանքի կոչելու կարևորությունը: Նա նշեց, որ վերջին տարիներին Իտալիայում հայ մշակույթի հանրահռչակման շնորհիվ «ԱմԷն» նախագծի իրականացման համար ամուր հիմքեր են ապահովվել: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ 2011 թվականին Հռոմի Բրասկի թանգարանում «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև», 2012 թվականին Վենետիկի Կոռեր թանգարանում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» և 2015 թվականին Հռոմի Վիտտորիանո թանգարանում «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրերով հայկական քաղաքակրթական ցուցահանդեսների կազմակերպմանը: Նախարարը հավելեց նաև, որ Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի ներկայացվածությունն ու «Ոսկե առյուծ» մրցանակին արժանանալու հանգամանքը հայ ժամանակակից արվեստի նկատմամբ ձևավորված բարձր գնահատականի փայլուն երաշխիքն է:
   Այնուհետև, կողմերը քննարկեցին ծրագրին առնչվող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր:
  • Created on .
  • Hits: 2703

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: