ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՊԱՏԱՍԽԱՆ՝ 100 ՏԱՐԻ ԱՆՑ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը: Պատրաստվել է նաև 2015 թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը:
«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ և 100 տարի անց դրանց ուղղված պատասխան-արձագանքներ` հայ և օտարազգի անվանի գործիչների կողմից` նամակներ, կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ։ Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը` ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները: Պատկերագրքում ընդգրկվել են մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ` թեմատիկ հոդվածներ և մտորումներ: «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի գաղափարի և «Մենք կգանք» ստեղծագործության հեղինակը` համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանն է:
Առանձին ելույթներից բացի՝ շնորհանդեսի ժամանակ անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը կարդաց Հայոց ցեղասպանության նահատակ հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին` անխուսափելի մահապատժից առաջ: Այնուհետև տեղի ունեցավ պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողություն, որից հետո էլ ցուցադրվեց «Մենք կգանք» տեսաֆիլմը:
Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվեց նաև «Անցյալը` ներկայում» խորագրով կերպարվեստի մրցույթի մասնակիցների` Արևմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը ներառված է «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում:
- Created on .
- Hits: 2881