ԱՐՄՄՈՆՈ. 14-ՐԴ ԱՆԳԱՄ, ԲԱՅՑ ՆՈՐՈՎԻ
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի բեմադրած «Եթե ես լինեի Պապա» ներկայացմամբ ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, Տիկնիկային թատրոնում կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը։ Ներկայացման առաջնախաղը կայացել է այս տարվա մարտին։ «Եթե ես լինեի Պապա»-ն կատակերգական ներկայացում է: Դերասանը խոսում է իր ապագա երեխայի հետ, սակայն երեխային ուղղված խոսքի հասցեատերը հանդիսատեսն է։
Փառատոնի շրջանակներում թատերասերները կտեսնեն ներկայացման փոփոխված տարբերակը, իսկ թե ինչու՝ պարզաբանում է դերասան-բեմադրիչը. «Ապրիլի 1-ին քնեցինք, 2-ին արթնացանք այլ իրականության մեջ։ Իմ հեղինակած ներկայացումն է, բեմի վրա Հայկն է, ոչ թե ինչ-որ կերպար, այդ պատճառով էլ իմ ապրումները, իմ զգացածը, իմ ցավը չէի կարող չներկայացնել»։
Փառատոնային հինգ օրերի ընթացքում կցուցադրվի 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան)։ Մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ․ ներկայացումները բազմատեսակ են։ Արդեն հայտնի «Արմմոնո-Տրիումֆ» և «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրերի կողքին ավելացել է ևս մեկը՝ «Մեկ հեղինակի թատրոն»։ Ծրագրի առաջին հեղինակը Կարինե Խոդիկյանն է («Կույրը», «Լույսը կբացվի»)։
Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ «Արմմոնոյի» շրջանակներում կցուցադրվի երկու լեհական մոնոներկայացում։ Հայ-լեհական համատեղ մոնոներկայացման բեմադրությամբ կներկայացվի Տադեուշ Ռուժևիչի «Զվարճալի ծերունին»։ Ներկայացման այս տարբերակը մասնակցելու է նաև Վրոցլավում կայանալիք «Վրոցլավը՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք» նախագծին։ Դերակատար Արա Ասատուրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հպարտ է, որ այս դերը հենց իրեն է վստահվել․ «Զվարճալի ծերունին մտածում է տարբեր թեմաների, խնդիրների մասին։ Միայնակ մարդ, ով փորձում է այս տարօրինակ աշխարհում պահպանել իր հոգու մաքրությունն ու մտքի պարզությունը։ Ինչպե՞ս»։
Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին առանձնացրեց Մատեուշ Նովակի «Առջևից և ետևից» ներկայացումը։
«18-րդ դարի Լեհաստանն է՝ անմիջապես անկումից առաջ։ Կարծում եմ՝ արվեստում ներկայացված Լեհաստանի անկման դարաշրջանը կարևորագույն թեմաներից է, որ մինչ օրս արդիական է, քննարկվում է Եվրոպայի ներկայիս իրավիճակի համատեքստում»,-ասաց դեսպանը։
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ չնայած սահմանային լարվածությանը՝ հյուրերից ոչ ոք չի հրաժարվել Հայաստան գալուց․ «Ամեն տարի նոր մարդիկ են գալիս, սիրահարվում են Հայաստանին, դառնում են մեր դեսպաններն իրենց երկրում»։
Անդրադառնալով «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրին՝ Մխիթարյանը կարևորեց մասնակից երիտասարդ դերասանների կողմից գրական ստեղծագործությունների ճիշտ ընտրությունը։
«Հետաքրքիր հեղինակներ են ընտրում մեր երիտասարդները՝ Բուլգակով, Սարոյան։ Նրանց համար կարևոր է այն գրական նյութը, որի հետ աշխատում են, ինչը նշանակում է, որ ձգտում են լինել հետաքրքիր, դառնալ արհեստավարժ»,- նշեց փառատոնի տնօրենը։
Փառատոնային օրերին սպասվում են ոչ միայն ներկայացումներ, այլև վարպետության դասեր։ Արդի թատրոնի զարգացման նոր ուղղությունները կներկայացնի Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի ռեժիսուրայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Վյաչեսլավ Տերեշենկոն։
Փառատոնն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ։ Ներկայացումների մուտքն ազատ է։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2905