«ՍՊԵՂԱՆԻՆ» ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Մայիսի 3-ին «Սպեղանի» երգչախումբը նշեց ստեղծման 20-ամյակը: Այս առիթով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահը նախօրեին լեփ-լեցուն էր: Հոբելյանական համերգին երաժիշտները կատարեցին Կոմիտասի, Երվանդ Երկանյանի խմբերգերը:

Հանդիսատեսը ներկա եղավ նաև պրեմիերայի՝ առաջին անգամ հնչեցին Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգերը՝ գրված Կոմիտաս բանաստեղծությունների հիման վրա. «Սեր ու ջեր», «Հունձ», «Խորունկ ու մուգ», «Օրհնություն», «Աղոթք»:

Երկու տասնամյակ առաջ խմբերգային արվեստն իր շուրջը համախմբեց ղարաբաղյան պատերազմում իրենց հայրերին կորցրած երեխաներին: Երգչախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Մարինա Ավթանդիլյանն այդ ազատամարտում կորցրել է ամուսնուն: Ընտրված անունն այս դեպքում պատահական չէր . «սպեղանի» գրաբարում նշանակում է դեղամիջոց:

Իգական երգչախումը, որն ստեղծման առաջին շրջանում ելույթ էր ունենում միայն զորամասերում՝ կատարելով հայրենասիրական երգեր, 2011 թ.-ից համալրվեց նաև տղաներով՝ դառնալով երկսեռ:

Նարեն, որ 9 տարեկանից երգչախմբի անդամներից մեկն է եղել, ասում է. «Այս համերգին շատ երկար էինք սպասում: Բացի հոբելյանական լինելուց ինձ համար այն առանձնահատուկ էր նաև նրանով, որ բավականին երկար ընդմիջումից հետո վերադարձի հրավեր ստացա ու սիրով ընդունեցի»:

«Սպեղանինին» մեծ համբավ ու ճանաչում է վայելում նաև համաշխարհային բեմերում: Իսկ այս տարվա ամռանը երգչախումբը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին: Մի առիթով Տիգրան Մանսուրյանն այս երգչախմբի ամսին ասել է. ««Սպեղանի» երգչախումբն ինձ հիացնում է իր կատարողական արվեստով: Սիրում եմ լսել այս երգչախմբին, քանի որ նրա երգեցողության մեջ ներկա է խոստովանանքի, ներհայաց երգեցողության երանգը, որն այնքան բնորոշ է հայ երգին»:


Լառա Հակոբյան
  • Created on .
  • Hits: 3242

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: