ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԹԵՀՐԱՆԻ ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

 Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսին, որն անցկացվեց մայիսի 4-ից 14-ը, Հայաստանը ներկայացավ առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:

     Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ 300 գիրք: Առանձին բաժնով ներկայացված էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, ալբոմային, գեղարվեստական և մանկապատանեկան գրականությունը: Ալբոմային հատվածն ընդգրկում էր Հայաստանի պատմությունը և մշակույթը, իսկ գեղարվեստականը՝ դասական, ժամանակակից և թարգմանական գրականություն: Հայկական տաղավարի այցելուները հատկապես հետաքրքրված էին ալբոմային գրականությամբ` Ա. Գորկի, Վ. Սուրենյանց, Ռ. Էլիբեկյան, Փ. Միրզոյան, Յու. Յակուլով, Թերլեմեզյաններ, Հովնաթանյաններ, ինչպես նաև «Հայկական հուշարձանները կերպարվեստում», «Կինը հայ կերպարվեստում», «1915+100» կերպարվեստի ու տոնածիսական մշակույթը ներկայացնող ալբոմներով: Այցելուների ուշադրության առանցքում էր նաև քարտեզագրական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնող գրականությունը:

     Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի պարսկերեն թարգմանությունը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում այցելուների շրջանում:

     Հատկանշական է, որ ռուսական հրատարակչությունների տաղավարներում ցուցադրված էին հայկական Կարմրավոր եկեղեցու ստվարաթղթե կառույցները, իրանականում՝ պարսկերեն-հայերեն բառարաններ, Իրանի մշակութային գունապնակն արտացոլող գիրք-ալբոմներ՝ հայերի մշակութային-կրոնական հետքերով:

     ԻԻՀ մշակույթի նախարարության հրավերով՝ Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր ավստրալաբնակ հայ լուսանկարիչ Նուրան Զորլուն: Ցուցահանդեսի շրջանակում իրանական տաղավարում տեղի ունեցավ Ն. Զորլուի «Պարսկաստանից Իրան» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Լուսանկարչի աշխատանքը մասնակի անդրադարձ էր նաև իրանահայերի կենցաղին և մշակույթին:     Շնորհանդեսին հեղինակը նշեց, որ նախաձեռնել է տարբեր երկրներում հայկական հետքը ներկայացնող՝ նմանատիպ գրքերի շարք:

     Ցուցահանդեսի ավարտին հայկական տաղավարում ցուցադրված գրքերը կնվիրաբերվեն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության գրադարանին և «Արտակ Արք. Մանուկեան» թանգարանին:

  • Created on .
  • Hits: 2725

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: