ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ

Գառնի, Նորավանք, Հաղպատ․Հայաստանում իր սիրելի վայրերն է թվարկում գերմանացի նկարիչ Շտեֆան Շվարցերը։ Շվարցերը ավտոմեքենայով և զբոսավարի ուղեկցությամբ շուրջ 1600 կմ ճանապարհ է անցել մեր երկրում։ Ճանապարհին հանդիպած բնապատկերները գծանկարներ են դարձել, շարժման ընթացքում արված գծանկարներն էլ հետագայում գույն են ստացել և փոխադրվել թղթերի վրա։

Երիտասարդ նկարչի բնապատկերների մի մասն այժմ զարդարում է  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան սրահներից մեկը։

Շտեֆան Շվարցերը  ծանոթ է ոչ միայն մեր բնությանն ու տեսարժան վայրերին, այլև մշակութային օջախներին։ Տարիներ առաջ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ եղել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որտեղ հայ և գերմանացի նկարիչների հետ մասնակցել է ցուցահանդեսի։

2015թ. հոկտեմբերին նկարչին ավելի հետաքրքիր ճամփորդություն էր սպասվում։ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և  Գերմանիայի արտգործնախարարության տրամադրած կրթաթոշակով Շվարցերը բացահայտեց այն Հայաստանը, որ դեռևս 19-րդ դարի սկզբին որպես գիտարշավի մասնակից տեսել էր գերմանացի նկարիչ Հայնրիխ Թեոդոր Վեհլեն։

Վեհլեի հետքերով անցած ճանապարհը Շվարցերի համար բացահայտումների ուղի է եղել։

«Ամեն օր դուրս էի գալիս նոր բացահայտումներ անելու, բացահայտում էի մարդկանց, քաղաքը, երկիրը։ Շարժման մեջ էի նկարում, ինչն ինձ դուր էր գալիս։ Ափսոս ժամանակ չունեի այդ վայրերում կանգ առնելու, տեղում նկարելու, բնակիչների հետ զրուցելու համար»,- պատմում է նա` հավելելով,- «սիրեցի Երևանը, կոնտրաստը Երևանի և քաղաքից դուրս ընկած տարածքների միջև, մարդկանց։ Մարդիկ ագրեսիվ չեն, ընկերական են: Ռուսերեն խոսել չգիտեմ, բայց նրանց հետ շփվում էի այնպես, ինչպես կարողանում էի՝ ձեռքերով, ժպիտով։ Վայելել եմ այստեղ անցկացրածս ժամանակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նկարիչը։

Շտեֆան Շվարցերի հետ հանդիպելու և նրա վավերագրած բնապատկերները տեսնելու հնարավորություն կունենա նաև լայն հանրությունը․Եվրոպայի օրերի շրջանակներում այսօր դեսպանատանը կազմակերպվել է բաց դռների օր։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2961

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: