SCHOLARS' PRESS-Ը ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է «ԱՐՑԱԽԻ ԳՈՐԳԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հունիսի 4-ին կայացավ պատմաբան, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի անգլալեզու «Արցախի գորգագործական մշակույթը» գրքի շնորհանդեսը:
Գիտական աշխարհում լայն ճանաչում ունեցող գերմանական Scholars' Press հրատարակչության կողմից հրատարակված արցախի գորգագործական մշակույթի վերաբերյալ օտարալեզու պատմա-ազգագրական այս ուսումնասիրությունը հեղինակի խոսքով նորույթ է:
«Իհարկե կան ալբոմներ, կատալոգներ, բայց ամբողջ աշխարհում ոչ միայն Արցախի, այլ առհասարակ հայոց գորգագործական մշակույթին նվիրված նման բովանդակության ուսումնասիրություն չկա: Գրքի առանձնահատկություններից է նաև այն, որ օտարերկրացի մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալ Արցախի տարածքի պատմությանը, հասկանալ պատմա-ազգագրական բնութագիրը: Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ թուրքերը ներկայացնում են, որ այդ տարածքներում հայեր չեն ապրել»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Աշխունջ Պողոսյանը:
Ի սկզբանե պատմական փաստեր ավելացնելու կամ առավել ևս կեղծելու խնդիր չունեցող հեղինակի «Արցախի գորգագործական մշակույթը» գրքի համար հիմք են ծառայել ինչպես հենց գորգերը, այնպես էլ գրավոր սկզբնաղբյուրները: Գիրքն ընդգրկում է վաղ շրջանից մինչև մեր ժամանակների գորգագործության պատմությունը:
«Հատկապես ուշադրություն եմ դարձրել այն հանգամանքի վրա, որ արցախյան գորգագործությունը մեծ ազդեցություն է թողել այլ կենտրոնների գորգագործության վրա: Շատ ուրախ եմ, որ այդ հանգամանքը հաստատող փաստեր եմ նաև գտել»,- ասաց Աշխունջ Պողոսյանը:
Աշխունջ Պողոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1972 թ. աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում, 1978-2005 թթ.՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: Ներկայումս աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես գլխավոր մանագետ: Հայոց գորգագործական մշակույթի ծագումնաբանությանն ու առանձնահատկություններին վերաբերող շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ է:
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 2959