ՑՈՒԿԵՐՄԱՆ․ «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՑԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ»

Անվանի ջութակահար Պինկաս Ցուկերմանի ելույթով մարտի 26-ին կտրվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնի մեկնարկը:
Երաժիշտն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա իր կնոջ՝ թավջութակահար Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Կհնչեն Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար և 4-րդ սիմֆոնիան:
Կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը երեք տարի ուսանել է հանրահայտ ջութակահար Իվան Ղալամյանի մոտ։
«Ղալամյանն անցած դարաշրջանի մեծագույն ուսուցիչներից է: Նա ջութակահարների փառահեղ սերունդ է տվել: Հանճարեղ ձևով էր իր աշակերտներին ներկայացնում ամենաբարդ բաները:
Թվում է՝ աղեղն աջ ձեռքում շարժելը շատ հեշտ է, բայց 2-4 տարի է տևում, մինչև ուղեղն ընկալում է այդ շարժումը: Ղալամյանը մատչելի էր դարձնում այդ տեխնոլոգիան այնպես, որ մի օր արթնանում ես և հասկանում, որ գտել ես: Հույզերն ամբողջությամբ մի կողմ էր դնում, «չոր» սովորեցնում էր ձեռքի ճիշտ աշխատանք: Նրա խորհուրդներից օգտվել ու օգտվում են ոչ միայն շատ հայտնի ջութակահարներ, այլ նաև թավջութակահարներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց նա։
Ջութակահարն իր կողմից ղեկավարվող Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի «Կադոգան» համերգասրահում նվագել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող «Քեզ համար, Հայաստան» համերգաշարի ընթացքում:
Հարցին՝ այդյո՞ք իր մասնակցությունը նշանակում էր, որ ինքն էլ համերգաշարի շրջանակում ելույթ ունեցած մոտ երկու տասնյակ հայտնի երաժիշտների նման դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, Ցուկերմանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կարևոր է միշտ հիշել, որ երաժշտությունը ցանկացած դեպքում սպեղանի է՝ լինի ցեղասպանություն, մահացու հիվանդություն, թե պարզապես ցավ: Յուրաքանչյուր ցավի դեպքում մարդիկ դիմում են երաժշտությանը: Կարծում եմ՝ քաղաքական գործիչներն ու երաժիշտները պետք է իրարից շատ հեռու մնան, միմյանց չթելադրեն իրենց կամքը, չասեն՝ ով ինչպես վարվի:
Աշխարհում այսօր 20 միլիոնից ավելի փախստական կա, դա մեծագույն ցավերից մեկն է: Երևի պետք է փորձենք արվեստի, մեծագույն մարդկանց խոսքի միջոցով լուծում տալ այդ խնդիրներին»:
«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակներում այս տարի Հայաստան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը՝ մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, 8 անգամ Գրեմմի մրցանակի արժանացած «Էմերսոն» լարային քառյակը: Փառատոնային տարին կեզրափակի անվանի դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ Բյուրականի արվեստի ակադեմիայում և համերգներ մարզերում:
Սիրանուշ Հայրապետյան
- Created on .
- Hits: 2983