«ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՔԱՂՑ ԿԱ»․ ՉԵՔԻՋՅԱՆ

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Գյումրիում կայացավ ՀՀ ազգային պետական ակադեմիական երգչախմբի համերգը:
80-ամյա երաժշտական կոլեկտիվին գյումրեցի երաժշտասերներն ընդունեցին հոտնկայս ծափողջույններով: Դասական երգարվեստի սիրահարների համար երգի իսկական հրավառություն էր, իսկ ոմանց համար՝ բացառիկ հնարավորություն՝ առաջին անգամ լսելու երգչախմբային կենդանի կատարումներ:
Կապելլայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը նշեց, որ Գյումրի այցելել էին 9 տարի առաջ, իսկ անցած տարիների ընթացքում համերգ չի կազմակերպվել, քանի որ երգչախմբին չեն հրավիրել, այլապես միշտ էլ պատրաստ են հյուր գալ։
«Գյումրին մեզ համար սիրելի քաղաք է, միշտ շատ ջերմ է ընդունել, երգչախումբն էլ սիրով է այցելում այս երաժշտական քաղաք»,- ասաց մաեստրոն և կեսլուրջ-կեսկատակ հավելեց, որ «Մշակութային կանգառները» կարևոր են, թե չէ ևս 9 տարի պետք է սպասեին:
Դահլիճը լեփ-լեցուն էր: Իսկ ջերմացնելու համար երգչախումբը ջանում էր ամեն կերպ. չէ՞ որ Գյումրու դրամատիկականի դահլիճը չի համապատասխանում երգչախմբային երաժշտության պահանջներին: Հովհաննես Չեքիջյանի բնորոշմամբ՝ դահլիճն ապերախտ է, շատ վատ ակուստիկա ունի, խմբերգային երաժշտության համար հարմար չէ, երգիչն իր ձայնը չի լսում:
Բայց այս պայմաններում էլ կապելլայի ելույթը հաջողված էր:
Ինչ վերաբերում է համերգի ծրագրին, այն բազմազան էր, գունեղ` թե´ ընտրված գործերի, թե´ դինամիկայի առումով, ինչի շնորհիվ շուրջ մեկ ժամ ունկնդիրը վայելում էր` ընդհատելով երկար ծափահարություններով ու բրավոներով:
Հնչեցին Եկմալյանի, Կոմիտասի, Վերդիի, Գունոյի, Ռոսսինիի, Օրֆի, Տիգրանյանի, Չուխաջյանի ստեղծագործություններից:
«Դասական երաժշտության քաղց կար, գոնե երկու տարին մեկ պետք է լինեն նման համերգներ մարզերում: Դաստիարակելու, ճաշակ ձևավորելու խնդիր կա, թե չէ կընկնենք ռաբիսների ձեռքը: Մենք Նարեկացի, Կոմիտաս ունենք: Բայց ես հավատացած եմ, որ շատ բան դեռ կարելի է փոխել:
Երբ 1961 թվականին եկա Երևան, բոլորի բաց լուսամուտներից լսվում էր Բաքվի երաժշտություն: Փառք Աստծո, դա վերացավ: Ժողովուրդը հասկացավ, որ դա իրենը չէ, ու հեռացավ դրանից: Հուսով եմ՝ մեր երիտասարդներն էլ կվերադառնան իրենց ակունքներին, եթե հաճախ մասնակցեն նման համերգների»,- նշեց կապելլայի գլխավոր դիրիժորը։
Անահիտ Հարությունյան
- Created on .
- Hits: 4546