ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Գյումրիում հանդիսավոր համերգով մեկնարկեց երաժիշտ կատարողների միջազգային «Վերածնունդ» փառատոնը: Համերգի ընթացքում ներկայացվեց փառատոնի անցած ուղին: «Վերածնունդն» առաջին տարում ընդամենը 5 երկրների մասնակիցների էր հյուրընկալել, իսկ այս տարի 19 անվանակարգերում ելույթ կունենան ավելի քան 35 պետություններից ժամանած բազմաթիվ երաժիշտներ:
«Անչափ շատ եմ կարևորում «Վերածնունդ» փառատոնը, քանի որ արդեն իններորդ անգամ այն կարողանում է Գյումրի բերել բազմաթիվ երաժիշտների, նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի իր հետ տանում է Հայաստանից մի մասնիկ` դառնալով մեր մշակույթի դեսպանը: Մեր աջակցությունն այս տարի փառատոնին ավելին էր ոչ միայն նրա համար, որ այն անցկացվում է Գյումրիում, այլև, որ իսկապես լուրջ արժեք է ներկայացնում մեր մշակութային կյանքում»,-նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` վստահեցնելով, որ այսուհետ առավել մեծ աջակցություն է ցուցաբերվելու մարզերում իրականացվող ծրագրերին:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ արդեն մեկնարկել է մի ծրագիր, ըստ որի` մշակութային բուհերի այն շրջանավարտները, ովքեր պատրաստ են վերադառնալ իրենց հայրենի քաղաք, գյուղ և ստեղծել մշակութային օջախներ, կստանան ֆինանսավորում:
«Վերածնունդ» փառատոնի հանդիսավոր բացման միջոցառումների շրջանակներում Գյումրու արվեստների ակադեմիայի նախասրահում բացվեց ռուս հայտնի դաշնակահար Էմիլ Գիլելսի կիսանդրին: Կիսանդրին ռուս հայտնի քանդակագործ Գրիգորի Պատոցկու նվերն է Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին:
«Սա մեծ նվեր է մեր կոնսերվատորիայի համար բուհի կազմավորման 20-ամյակի առթիվ: Էմիլ Գիլելսը 20-րդ դարի հայտնի դաշնակահար է, և մենք շատ հպարտ ենք, որ հենց այս արվեստագետի կիսանդրին է ամեն օր «ողջունելու» մեր կոնսերվատորիայի ուսանողներին»,- կիսանդրու բացման ժամանակ նշեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը:
«Սա մեծ նվեր է մեր կոնսերվատորիայի համար բուհի կազմավորման 20-ամյակի առթիվ: Էմիլ Գիլելսը 20-րդ դարի հայտնի դաշնակահար է, և մենք շատ հպարտ ենք, որ հենց այս արվեստագետի կիսանդրին է ամեն օր «ողջունելու» մեր կոնսերվատորիայի ուսանողներին»,- կիսանդրու բացման ժամանակ նշեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը:
Փառատոնի շրջանակներում ավանդաբար անցկացվում է նաև «Մշակույթների երկխոսություն» խորագրով միջազգային գիտաժողով: Այս տարի այն նվիրված է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 50 գիտնականներ, արվեստաբաններ, երաժշտագետներ Հայաստանի և արտասահմանյան մի շարք բուհերից և գիտական այլ հաստատություններից:
«Եթե Երևանում այսօր մենք ունենք երեք սիմֆոնիկ նվագախումբ, կամերային նվագախումբ, Գյումրիում ունենք սիմֆոնիկ նվագախումբ, մեզնից մեծ երկրներ կան, որ նույնիսկ մեկ սիմֆոնիկ նվագախումբ չունեն: Եթե չլինեն նմանատիպ փառատոները, չխթանենք երաժշտական դպրոցների աշխատանքը, բնականաբար մենք կադրեր չենք ունենա, որպեսզի պահենք այդքան կոլեկտիվներ»,- ասաց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Արդեն 9-րդ անգամ է Գյումրին հյուրընկալում արտերկրից ժամանած երաժիշտների, և ամեն անգամ երաժիշտները դժգոհում են, որ չկան բավարար պահանջներ ապահովող երաժշտական գործիքներ, մասնավորապես՝ գերխնդիր է ռոյալի հարցը: Ոչ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, ոչ էլ դրամատիկական թատրոնում եղած ռոյալները լավ վիճակում չեն: Հաճախ երաժիշտները դժգոհ են մնում իրենց կատարումներից, ոմանք նաև հրաժարվում մենահամերգով հանդես գալուց: Այս հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Մշակույթի նախարարից, ով նշեց. «Երևանում էլ կա այդ խնդիրը: Շատ համերգասրահներում չկան ռոյալներ` պատշաճ մակարդակով համերգներ կազմակերպելու համար: Ես չեմ ուզում վերադասել կամ ստորադասել Գյումրու և Երևանի խնդիրները, բայց մենք հիմա մտածում ենք այդ մասին, այդ հարցը քննարկել ենք նույնիսկ նախագահի հետ: Լուծումներ նշմարվում են»:
Անահիտ Հարությունյան
Գյումրի
Անահիտ Հարությունյան
Գյումրի
- Created on .
- Hits: 11345