ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՆԿՆԴԻՐԸ ՎԱՅԵԼԵՑ ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ

Ապրիլի 24-ին Եվրոպայի մի շարք քաղաքներում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան: Եկեղեցիներում մատուցվեցին պատարագներ, կազմակերպվեցին բազմաբնույթ համերգներ:
Հայերիս համար այդ կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, Մյունխենի բնակիչները Allerheiligen Hofkirche-ում էին, Մյունխենի ամենատպավորիչ եկեղեցիներից մեկում, որն այսօր համերգասրահի է վերածվել: Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը՝ Երևանից, դաշնակահարուհի Լիլիան Ակոպովան՝ Մյունխենից և թավջութակահար Լևոն Մուրադյանը՝ Լիսաբոնից, ելույթ ունեցան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ կազմակերպված համերգի ժամանակ: Իսկ համերգի ծրագիրը, ինչ խոսք, տպավորիչ էր: Այն մեկնարկեց Ֆ. Մենդելսոնի N1 Դաշնամուրային տրիոյով (d-moll, op.49), որը կատարման բարդության աստիճանի պատճառով «վտանգավոր» գործ է համարվում, սակայն հայ երաժիշտները այն կատարեցին նուրբ ներդաշնակությամբ:
Արժի նշել, որ թե Անուշ Նիկողոսյանը և թե Լիլիան Ակոպովան առավել հաճախ հանդես են գալիս որպես մենակատարներ և հազվադեպ կամերային անսամբլի հետ: Մեզ հետ զրույցում Անուշ Նիկողոսյանը նշեց, որ չնայած մենակատարի բուռն համերգային կյանքին, նա միշտ մեծ պատրաստակամությամբ և հաճույքով է կամերային երաժշտություն կատարում: Համերգի ընթացքում նկատեցինք, որ տրիոյին համախմբողը և «կապելմայստերը» այս ձևաչափում արդեն մեծ փորձ ունեցող թավջութակահար Լևոն Մուրադյանն էր, ով համերգի վերջում շնորհակալական խոսք ուղղեց կազմակերպիչներին և ներկաներին՝ հիշեցնելով համերգի շարժառիթը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը:
Համերգի ընթացքում հնչեց նաև Սերգեյ Ռախմանինովի հայտնի Վոկալիզը (op. 34), որը եվրոպացի ունկնդրի սիրելի գործերից է և ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից:
Ինչ խոսք, համերգի հայկական բաժինը, որտեղ հնչեցին Կոմիտաս Վարդապետի «Քելե քելե», «Ալ Այլուղս» և «Չինար ես» երգերը՝ տրիոյի կազմի համար վերամշակված և Առնո Բաբաջանյանի Դաշնամուրային Տրիոն, ամենսպասվածն էր, ինչը հաստատում էր կատարողների առավել զգացմունքային և պատասխանատու վերաբերմունքը: Հետաքրքիր էր հետևել ունկնդիրների դեմքի արտահայտություններին, քանի որ հենց դա է պատմում, թե ինչ են զգում վերջիններս: Իսկ գերմանացի ունկնդիրը, որը դասական երաժշտության ամենապատրաստված և պրոֆեսիոնալ ունկնդիրն է համարվում, հաճելիորեն զարմացած էր:
Նշենք, որ համերգի կազմակերպիչների թվում էր նաև դաշնակահարուհի Լիլիան Ակոպովան, ով արդեն մի քանի տարի է, ինչ հիմնել է Լիլիան-Ակոպովա հիմնադրամը, որը մի շարք բարեգործների օժանդակությամբ օգնում է հիվանդ երեխաներին:
Համերգին առանձնահատուկ նշանակություն և կարևորություն էին հաղորդել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պրոֆ. Նորբերտ Լամերտի և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքերը, որտեղ նշվում էր Հայոց Ցեղասպանության հիշատակի կարևորության և նման չարիքներից ապագայում խուսափելու մասին: Նորբերտ Լամերտի խոսքում մասնավորաես ասված էր. «Մենք՝ գերմանացիներս, մեր անցյալից ելնելով, իրավունք չունենք ուրիշներին ուսուցանել, բայց մենք կարող ենք մեր սեփական փորձի միջոցով մյուսներին քաջալերել սեփական պատմությանը առերեսվելու»:
Ինչ վերաբերվում է համերգի հայ ունկնդիրներին, ապա բոլորի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր պրոֆեսիոնալ երաժիշտներին՝ նման գեղեցիկ երաժշտական երեկո պարգևելու համար:
Սոնա Հայկազուն, երաժշտագետ
Մյունխեն
- Created on .
- Hits: 3494