«Արմմոնո» միջազգային փառատոնը մեկնարկեց նոր ձևաչափով

             

    

«Արմմոնո» միջազգային 18-րդ թատերական փառատոնը նվիրված է արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փառատոնի ծրագիրն այս տարի որոշակի փոփոխությունների է ենթարկվել՝ որոշ ներկայացումներ չեն ցուցադրվի, օտարերկրացի դերասաններ չեն հյուրընկալվի, հանդիսատեսի թույլատրելի քանակը փոքր կլինի, իսկ մոնոներկայացումները կլինեն բացօդյա: Փոխարենը արվեստասերները մինչև օգոստոսի 10-ը հնարավորություն կունենան առցանց հետևել հայ և օտարերկրացի արտիստների երկու տասնյակից ավելի ներկայացումներին:

gomesh

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի կարծիքով այսօր մարդիկ մշակութային քաղց են ապրում և սա կարևոր էր ոչ միայն արտիստների, այլև՝ հանրության համար: «Նման փառատոնների շարունակականությունը ցույց է տալիս, որ կյանքը կանգ չի առել, մարդիկ գործում են և այն բարդությունները, որոնք մեզ շրջապատել են, ժամանակավոր են: Դրանց հաղթահարման լավագույն ձևը՝ շարունակել աշխատել, շարունակել ստեղծագործել և կոչ անել մարդկանց՝ չկորցնել լավատեսությունը»:

Փառատոնի առաջին՝ «Գոմեշը» մոնոներկայացմամբ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում հանդես եկավ Հայաստանի  վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը:

Առաջիկա տասն օրերին ելույթ կունենան նաև Զարուհի Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Նարեկ Բաղդասարյանը, Արամ Հայրապետյանն ու այլ դերասաններ: Կլինեն նաև օնլայն ներկայացումներ՝ Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից, Ռոսաստանից, Ֆրանսիայից:

Օգոստոսի 8-ին փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձոր քաղաքում: Այստեղ Հ.Աբելյանի  անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենան «Մատյան ողբերգություն» և «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացումները ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ու ՀՀ վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանի դերակատարմամբ:

qaranzavi

Քանի որ առցանց ներկայացումները նոր երևույթ են ինչպես թատերասերների, այնպես էլ արտիստների համար Cultural.am-ը հետաքրքրվեց՝ սրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի հենց փառատոնում ներգրաված արտիստը: 

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանը, որ «Թիվ 15 սրճարանում» հանդես է գալու «Քարանձավի մարդը» ներկայացմամբ, ասում է՝ այն ամերիկյան ամենաերկարակյաց մոնոնեկայացնումներից է (խմբ.-տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մասին է): Եվ մեր հարցին՝ այդպիսի թեման, մարդկային փոխհարաբերությունները սրճարանային, բացօթդյա, օնլայն միջավայրում ներկայանցնելուն ինչպե՞ս է վերաբերվում, պարզաբանում է.

«Ինձ համար սա շատ հետաքրքիր, յուրօրինակ փորձություն է, որովհետև երբեք չեմ խաղացել բաց երկնքի տակ: Ճիշտ է, բացօդյա թատրոնը աշխարհում տարածված է, բայց Հայաստանում հավանաբար մի քանի օրինակ է եղել: Ու այս համավարակը հնարավորություն տվեց, որ այդ ժանրը զարգանա»:

Արվեստի ու նոր տեխնոլոգիաների այսօրինակ համադրության ու փոխակերպումների մասին խոսելիս ասում է. « Օնլայն հարթակում թատրոնը չի կարող գոյատևել մի պարզ պատճառով՝ այն կենդանի արվեստ է ու անմիջապես կայանում է հանդիսատեսի և դերասանի միջև: Բայց այսպիսի պայմաններում մարդու երևակայությունը սկսում է ավելի լավ աշխատել: Համավարակի շրջանը, հավանաբար, նոր գույներ է տալու, երբ վերադառնանք մեր բնականոն կյանքին, միգուցե նաև նոր, հետաքրքիր մտքեր ծնվեն»:

 

 

Մարջան Չոբանյան

Լուսանկարները՝ «Արմմոնո ֆեստ»-ի պաշտոնական էջից

  • Created on .
  • Hits: 3438

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: