«Կինոն բեմի վրա». Հայկական ֆիլմերը կրկին մեծ էկրան են բարձրանում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ այս օրերին իրականացնում է «Կինոն բեմի վրա» խորագրով կինոցուցադրությունների շարքը: Ծրագրի շրջանակում նախորդ դարի երկրորդ կեսին նկարահանված հայկական երաժշտական ու կատակերգական մի շարք ֆիլմեր կրկին մեծ էկրան են բարձրանում:
Նախաձեռնությունն ուղղված է հանրությանը մշակութային կյանքի դադարից դուրս բերելուն, ինչպես նաև համավարակի հետևանքների վերացմանն ու կինոթատրոնի ամառային դահլիճի վերագործարկմանը՝ հաշվի առնելով, որ շուտով ավարտվում է բացօդյա դահլիճի շահագործման ժամանակաշրջանը:
Արդեն իսկ ցուցադրվել են ծրագրում ներառված «Կարինե», «Երգում է Գոհար Գասպարյանը» «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմերը, իսկ սեպտեմբերի 27-ին կցուցադրվի Հ.Մալյանի «Մի կաթիլ մեղրը» ֆիլմը:
1963 թվականին Երևանի կրկեսում նկարահանված «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը ստեղծվել է Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով և հենց նա էլ կատարել է գլխավոր դերը: Ֆիլմը ներկայացնում է վերջինիս՝ կրկեսում աշխատելու ձախողված առաջին փորձերն ու դրանց հաղթահարումը։
1982 թվականին նկարահանված «Մի կաթիլ մեղրը» ֆիլմը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հյուսված ներկայացման կինոտարբերակն է:
«Սրանք իրար հետ կապ չունեցող ֆիլմեր են, բայց բոլորը մեր մեծանուն ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերն են, որոնք շատ հարթակներում, այդ թվում՝ օնլայն, անհնար է դիտելը»-հայտնում է կինոթատրոնի աշխատակից Անահիտ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կինոյի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց մարդիկ, հաշվի առնելով կարանտինային պայմանները, դեռևս զգուշանում են հանրային վայրեր գնալուց: «Նախորդ շաբաթվա ցուցադրությունները կայացել են, բայց չեմ կարող ասել, որ, գոնե մինչև տարեվերջ կունենանք այն այցելությունները, որոնք մշտապես են եղել»:
Զրուցակիցս, անդրադառնալով կինոթատրոնի հետագա գործունեությանն ու աշխատանքային ձևաչափին, նշում է, որ համավարակի պատճառով բազմաթիվ միջոցառումներ չեղարկվել են, քանի որ գարնան և ամռան ամիսներին նկարահանման աշխատանքներ չեն իրականացվել, հետևաբար աշնանային պրեմերիաները ևս հետաձգվել են:
«Շատ սպասված ֆիլմի դեպքում հնարավոր է հանդիսատեսի բավականին մեծ հոսք ունենանք, բայց առաջիկա ամիսների համար կանխատեսումները, կարծես թե, լավը չեն: Առաջացել է նաև կինոնյութի խնդիր, որովհետև և՛ տեղական, և՛ արտասահմանյան նշանավոր բոլոր կինոպրեմերիաները տեղափոխվեցին 2021 թվական»:
Այսուհանդերձ, կինոթատրոնը կվերաբացվի հոկտեմբերի 1-ից՝ պահպանելով կարանտինային սանիտարահիգիենիկ կանոնները, և կինո սիրող հանրությունը հնարավորություն կունենա կրկին մեծ դահլիճում ֆիլմեր դիտելու ու աստիճանաբար փոքր էկրաններից մեծ էկրան տեղափոխվելու:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 2328