«Երաժշտությունն Արցախի համար». Բարեգործական համերգ Մոսկվայում
Հոկտեմբերի 21-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում տեղի ունեցավ «Երաժշտությունն Արցախի համար» խորագրով առցանց բարեգործական համերգ-մարաթոն: Այն կազմակերպվել էր Մոսկվայի «Ապրիորի» արվեստի գործակալության հետ համագործակցությամբ:
Մինչ համերգը, «Նիկո» պատկերասրահի ներկայացուցիչ, բարեգործական համերգի կազմակերպիչ Գայանե Նիկողոսյանը Cultural.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գլխավոր նպատակը մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելն է՝ հույս հայտնելով, որ Արցախին օգնելու համար միջոցներ կհավաքագրվեն:
«Պատերազմ է, մարդիկ ամեն օր մահանում ու տառապում են: Շատերն այս ողբերգությունը համարում են իրենց սեփականը՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից: Շատ էի ուզում աջակցել արցախցիներին, փոխանցել նրանց իմ ջերմությունը... իսկ երաժշտությունն ավելի արտահայտիչ և հասկանալի կարող է լինել, քան բառը... ուստի պրոդյուսեր Ելենա Խարակիդզյանին («Ապրիորի» արվեստի գործակալության ղեկավար) առաջարկեցի համատեղ այսպիսի ակցիա իրականացնել: Նա անմիջապես համաձայնեց, և «անիվը պտտվեց»- պատմեց Գայանե Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ այս նախագծին և Արցախի ժողովրդին իրենց աջակցությունն են հայտնել հայ և օտարազգի երաժիշտներ: «Անկեղծ ասած, մենք ինքներս չէինք սպասում, որ այսքան շատ երաժիշտ կաջակցի մեր նախաձեռնությանը: Անսահման երախտապարտ ենք նրանց: Սա ոչ թե քաղաքական քայլ է, այլ խաղաղության կոչ»:
Ըստ զրուցակցիս ոչ միայն հայ, այլև օտարերկրացի մասնակիցներին իրենք չեն ընտրել: Գաղափարը կիսել են երաժիշտների հետ, և նրանք, ովքեր անմիջապես արձագանքել են՝ ներգրավվել են:
Արդեն երեկոյան, միջոցառմանը հանդես եկան մոսկվացի երաժիշտներ Քրիստինա և Դիանա Ավանեսյանները, ջութակահար Հայկ Կազազյանը, դաշնակահարներ Պոլինա Օսետինսկայան, Յակով Կացնելսոնը, Ալեքսեյ Կուրբատովը և այլք:
Հայաստանից առցանց տարբերակով հանդես եկան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանը:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կարող է արվեստը, երաժշտությունը, անկախ տարածաշրջանից, դիմադրել պատերազմին, Գայանե Նիկողոսյանն ասում է. «Դասական երաժշտությունը, արվեստը, ցավոք, չի կարող դադարեցնել պատերազմը, բայց այն կարող է աջակցել մարդկանց, փոքր-ինչ շեղել նրանց և, միևնույն ժամանակ, համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այս հակամարտության վրա՝ նպաստելով խաղաղության ավելի արագ հաստատմանը»:
Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Բախի, Լեոնիդ Դեսյատնիկովի, Ջորջ Գերշվինի, Կամիլ Սենտ-Սանսի, Ջակոմո Պուչինիի, Միխայիլ Կուրբատովի և այլոց ստեղծագործություններ:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 2557