Լեհական մշակույթի օրեր Հայաստանում

                                    

 

 

Դեկտեմբերի 7-9-ը Հայաստանում կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը՝ նվիրված  1920 թվականին  Վարշավայում տեղի ունեցած ճակատամարտի 100-ամյակին: Այն  իրականացվում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Róbmy swoje dla kultury հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի դեսպանության համագործակցությամբ:

Ինչպես հայտնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից՝ նախագծի շրջանակում կկայանան կինոցուցադրություններ, կբացվի ֆոտոցուցահանդես, տեղի կունենա գրքի շնորհանդես և լեհական դասական երաժշտության համերգ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ կլինի:

 

Ֆոտոցուցահանդես/շնորհանդես

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19։00-ին «Դալան» ցուցասրահում տեղի կունենա «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և Royal Łazienki Museum-ի կողմից տրամադրված «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Կցուցադրվի Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ»  ֆիլմը, ինչպես նաև կկայանա Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։

 

Կինոցուցադրություններ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, և դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կցուցադրվեն Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը»  ֆիլմերը՝ հայերեն թարգմանությամբ:

Դարիուշ Գաժևսկու՝ 2019թ-ին արտադրված, 140 րոպե տևողությամբ «Լեգիոններ» ֆիլմը դրամա է՝ հիմնված իրական իրադարձությունների վրա: Այն ներկայացնում է Ժոզեֆ Պիլսուդսկու կողմից ստեղծված լեհական լեգիոնները և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստանի անկախության համար մղվող պայքարը՝ ցարական Ռուսաստանից անկախություն ստանալու համար: Այս ֆոնին ծավալվում է նաև սիրո եռանկյունու պատմություն։ Կինոցուցադրությունից հետո կներկայացվի ձայնագրված հարցազրույց ֆիլմի պրոդյուսեր Մաջեյ Պավլիցկու հետ:

Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարը լրտեսական դրամա է՝ հիմնված Յան Նովակի «Սուրհանդակը» իրական պատմության վրա: 1944-ի օգոստոսին Վարշավայի ապստամբության բռնկումից ակնթարթներ առաջ Լեհաստանի աքսորի կառավարությունը Յանին խնդրում է գաղտնի տեղեկատվություն փոխանցել Վարշավայի ցամաքային բանակի հրամանատարությանը...ֆիլմը ներկայացնում է Լեհաստանի՝ նացիստական և խորհրդային ուժերի կողմից օկուպացիայի մութ ժամանակները, երբ հերոսը միայնակ որոշում է պատերազմի ճակատագիրը: Կինոցուցադրությունից հետո տեղի կունենա հարցուպատասխան դերասանուհի Պատրիցա Վոլնիի հետ:

 

Լեհական դասական երաժշտության համերգ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կանցկացվի լեհական դասական երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Արմենիա» լարային քառյակը, իսկ քառյակի ընկեր-երաժիշտները կկատարեն Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։ Կհնչեն նաև Շոպենի, Լուտոսլավսկու և այլոց ստեղծագործությունները:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1849

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: