«Արցախ` իմ տուն» ցուցահանդես. Արցախը երեխաների աչքերով

Արցախյան տարազով կանայք, Արցախի փողոցներ, շենքեր, մշակութային կոթողներ, մի խոսքով` Արցախի նիստուկացը երեխաների աչքերով ներկայացված է լինելու «Արցախ` իմ տուն» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը, որ կայանալու է փետրվարի 25-ին Ազգային պատկերասրահի մասնաճյուղ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, նպատակ ունի ամրագրել այն գաղափարը, որ Արցախը հայկական հող է:

«Խորագիրը պատահական չէ ընտրված, այն խորհրդանշական է մեզ համար: Մենք նպատակ ունենք շեշտել, որ Արցախը մեր տունն է, մեր հայրենինքն է: Նկարներում պատկերված եկեղեցիները վանքերը, Արցախի նիստուկացը, կենցաղը, այդ ամենը հայկական է»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Անի Նազարյանը:

19 Lich

Մրցույթը սկսվել էր համացանցում, իսկ հետո այն վերածվեց այսպիսի նախագծի: Ստացած 134 աշխատանքներից ընտրվել է 50-ը: Կազմակերպիչը նշում է, որ նկարների ընտրությունը չափազանց բարդ է եղել: Ընտրել են ամբողջ թիմով` խորհրդակցելով միմյանց հետ: Աշխարհագրությունն էլ բավական լայն է եղել. նկարներ ունեն Հայաստանի տարբեր մարզերից, Ռուսաստանից, Արցախից։

Արցախի երեխաների նկարները տարբերվում են: «Ունեինք մասնակիցներ Բերձորից, Շուշիից Ստեփանակերտից, որ պատկերել էին իրենց տունը, տեսարանը բակից, այսպիսով ավելի իմաստային էր դարձել «Արցախ` իմ տուն» խորագիրը»,- ասում է կազմակերպիչն ու հավելում, որ այն երեխաները, ովքեր չէին եղել Արցախում, սկսեցին նայել բնապատկերներ, վանքեր և նկարել-ուղարկել, և սա, ըստ էության, նաև Արցախը ճանաչելու և բացահայտելու նախագիծ եղավ երեխաների համար: 

received 693506664662066

Երեխաների ընտրած գունապնակը հարուստ է արևոտ, պայծառ գույներով, բայց նրանց նկարներում էլ պատերազմն իր հետքը թողել է: «Երեխաների պատկերներից շատերում մենք կտեսնենք զինվորներ: Իհարկե, պատերազմական տեսարաններ չկային, բայց երեխաները, որպես Արցախի խորհրդանիշ, ընտրել էին զինվորին: Հնարավոր չէր, որ պատերազմն ինչ-որ կերպ իր հետքը չթողներ»,- նշում է Անի Նազարյանը:

Այս ցուցահանդեսը մեծ հետարքրություն է առաջացրել ուսանողների և դպրոցականների մոտ, և նրանք մասնակցել են կազմակերպչական աշխատանքներին` օգնելով համադրել նկարները:

Ցուցահանդեսի օրը ներկա են գտնվելու նաև նկարների հեղինակները և պատմելու են իրենց նկարի ու իրենց մասին։ Մուտքն ազատ է:

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 434

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: