«Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ:

Աշխատության մեջ առաջին անգամ ներկայացվում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում պահվող ժողովրդական հոգևոր երգերի և եկեղեցական տարբեր արարողություններում հնչող կանոնական երգերի ժողովրդականացված տարբերակների գիտարշավային ձայնագրությունների (1927-1999 թթ․) երաժշտագիտական քննությունը։

Ժողովածուն ներառում է 20-րդ դարում ջավախահայերի կենցաղում լայնորեն տարածված հոգևոր տաղերի, շարականների, Սբ․ Պատարագի երգային հատվածների, ժամագրոց երգերի, Սբ․ Ծննդյան և Հարության ավետիսների, երգվող աղոթքների և աշուղական հոգևոր երգերի նոտային ու բանաստեղծական տեքստերի վերծանությունները՝ զուգահեռաբար համադրելով ու վերլուծելով ժողովրդական և կանոնական հոգևոր երգերի տարբերակները։

Էլեկտրոնային գրքի խմբագիրն է պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Հռիփսիմե Պիկիչյանը, գրքի գրախոսը` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

Գիրքը հասցեագրված է Ջավախքի մշակութային ժառանգությամբ հետաքրքրված անձանց, երաժշտագետներին և բանագետներին:

  • Created on .
  • Hits: 1167

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: