Ֆրանկոֆոնիայի մշակութային օրեր Հայաստանում

Մարտի 20-ին նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: 2012թ-ից Հայաստանը անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և ինչպես դրա անդամ հանդիսացող հինգ տասնյակից ավելի երկրներում, այնպես էլ Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անց են կացվում մշակութային տարատեսակ միջոցառումներ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարվա ծրագիրը ևս բազմաժանր է՝ նվիրված Ֆրանսերեն լեզվին, ֆրանսիական լուսանկարչությանը, կինոյին, թատրոնին ու երաժշտությանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնում է, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում՝ մարտի 20-ից ապրիլի 20-ը, անց են կացվելու մրցույթներ, հայ և ֆրանսիացի լուսանկարիչների ցուցահանդեսներ, համերգներ, կինոցուցադրություններ, թատերական ներկայացումներ:
Ֆրանկոֆոնիայի մրցույթներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մեկնարկը տրվելու է Ֆրանկոֆոնիայի մրցույթներով, որոնք տեղի կունենան մարտի 20-ից ապրիլի 13-ը: Դրանց կարող են մասնակցել 15-ից 25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդներ, ովքեր մրցույթի թեմայի «Dis-moi dix mots qui (ne) manquent pas d’air» (Ասա տասը բառ, որտեղ օդի պակաս չ/կա) շուրջ պիտի պատրաստեն 3 րոպեանոց տեսանյութեր: Հաղթողների համար նախատեսվում է կազմակերպել ուղևորություն դեպի Ֆրանսիա:
Լուսանկարների ցուցահանդես
Մարտի 23-ից ապրիլի 18-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կգործի «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ֆրանսիական և հայկակակ ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «FETART» գեղարվեստական կոլեկտիվի կողմից իրականացվող «CIRCULATION(S)» ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսում կներկայացվեն ֆրանսիացի և հայ երիտասարդ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որտեղ արտացոլվում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին։
Հայ երիտասարդ լուսանկարիչների համար անց են կացվելու նաև մասնագիտական սեմինարներ:
Ֆրանսիական երաժշտություն
Մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Pour la France - avec amour» (Ֆրանսիայի համար՝ սիրով) համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի, Ժյուլ Մասնեի և Շառլ Գունոյի օպերաներից:
Մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկայանա «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախումբի մասնակցությամբ:
Ապրիլի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ, որի ընթացում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Ֆրանկոֆոն կինոյի փառատոն
Ապրիլի 6-ից 13-ը տեղի կունենա Ֆրանկոֆոն կինոյի 4-րդ փառատոնը: Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ՝ Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվեն վերջին տասը տարիների ընթացքում նկարահանված վավերագրական, դրամատիկ, անիմացիոն և այլ ժանրերի ֆիլմեր: Փառատոնի ծրագրում ներառված են Ալեքսի Միխալիկի «Էդմոն», Մարտեն Տալբոյի «Անրի, Անրի», Ֆիլիպ Ֆալարդոյի «Պարոն Լազար», Ռեմի Բըզանսոնի «Անրի Պիկի առեղծվածը», Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում», Վենսան Սորելի «Կինոգործիչը տիեզերագնաց է», Յակոբ Բերժեի «Դիմակազերծվածները», Գիյոմ Սենեզի «Մեր մարտերը», Անտուան Ռուսբախի «Աշխատողները », Նիկոլա Բեդոսի «Հիանալի դարաշրջան» ֆիլմերը:
Նշենք, որ կինոփառատոնի առիթով ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու հռչակավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող «Կինոգործիչը տիեզերագնաց է» վավերագրական ֆիլմը և մասնակցելու ֆիլմի նախադիտմանը։
Ապրիլի 10-ին, ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։
Նույն օրը, Միշել Օսելլոյի «Դիլիլին Փարիզում» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի «Կազա» կենտրոնում:
Թատերական ներկայացումներ
Ապրիլի 9-21-ը ֆրանսիական «Saté-Âtre» թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Գորիսում, Գյումրիում և Գավառում՝ ներկայացնելով «Սասնա ծռեր» հայկական էպոսի հիման վրա բեմականացված երաժշտական ներկայացումը, որում ներգրավված են տարբեր ծագում ունեցող դերասաններ, հեքիաթասացներ, երաժիշտներ: Ներկայացումը կլինի ֆրանսերեն՝ ուղեկցվելով հայերեն ենթագրերով։
Նշված միջոցառումների մուտքն ազատ է:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1728