Աշխարհի հետ` աշխարհի լեզվով. ՀԱՖՆ-ն կձայանգրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ տեսաձայանգրում է Բեթհովենի 9-ը սիմֆոնիաները: Նման նախագիծ իրականացնելու պատճառը կորոնավիրուսն էր, երբ 2020 թվականին Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումների մեծ մասը չեղարկվեցին:

ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, մամուլի ասուլիսին անդրադառնալով իր առջև դրված գլխավոր նպատակի` նվագախումբն ամողջ աշախարհում ճանաչելիություն ձեռք բերելու մասին, նշեց, որ այս ծրագիրը բացառիկ է. Հայաստանը միլինավոր դժվարությունների մեջ ձայնագրում է Բեթհովեն: Նրա կարծիքով պետք է աշխարհի հետ աշխարհի լեզվով խոսել:

«Սիմֆոնիկ, դասական երաժշտությունը եվրոպական արվեստ է: Եթե մենք ուզում ենք այդ արվեստում ինչ-որ բանի հասնել, մենք պետք է այդ լեզվով խոսենք: Մենք ունենք հրաշալի հայ կոմպոզիտորներ, բայց մինչև աշխարհին կասենք նրանց մասին, մենք պետք է աշխարհի լեզվով խոսենք»,- նշեց Էդուարդ Թոփչյանը` այս նախագիծը բնորոշելով հանդուգն քայլ:

ՀԱՖՆ-ի հետ այս նախագծի վրա աշխատում են Ռուսաստանից ժամանած 14 մասնագետներ, որոնց մեծ մասը` Սանկտ-Պետերբուրգի Մարինյանի թատրոնի աշխատակազմից են:

Նախագծի հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը, խոսելով թիմի հետ աշխատելու մասին, շեշտեց, որ հիանալի երաժիշտների և թիմի հետ է աշխատում:  

«Ես հաճույք եմ ստանում այս թիմի հետ աշխատանքից: Ցանկացած բան իրականություն է դառնում: Հենց նրա համար, որ կա փոխըմբռնում, մենք մեծ հաջողությունների կհասնենք»,- նշեց Իլյա Պետրովը։

Իսկ բեմադրող ռեժիսորի Դմիտրի Կազակովի խոսքով եթե պետք է արտագաղթել, ուրեմն պետք է Հայաստան գալ: Նա նշեց, որ տպավորություն ունի, որ երաժիշտները ոչ թե աշխատանքի են գալիս, այլ մի բան ստեղծելու, իրենց արածից բավականություն ստանալու:

Աշխատանքերի չորս փուլերից երկուսն արդեն ավրարտված են: Երկու փուլերի արդյունքում տեսաձայնագրվել են Բեթհովենի 1, 2, 4, 5, 6, 7 սիմֆոնիաները: Կատարված տեսաձայանգրությունները հետարտադրական փուլում են: Այս նախագծի շրջանակում կթողարկվի 5 CD և 5 DVD-ներից կազմված հավաքածու: Սակայն, ըստ ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի, այսքանով չեն սահմանափակվի, այլ կներառվեն նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:  

«Մենք ստեղծում ենք կոնտենտ, որը, հույս ունենք, համաշխարհային ճանաչում կունենա: Այս հավաքածուն առաջինը չէ, բայց եզակիներից է ողջ նախկին Խորհրդային Միության երկրների մասշտաբով»,- իր խոսքում նշեց Պադարյանը:

Բեմադրող օպերատոր և տեխնիկական տնօրեն Արսենի Նիկոլայևն էլ նշեց տեխնիկական մասն ապահովող աշխատակազմի պատրաստակամության և գործի դժվարությունների մասին՝ ասելով, որ աշխատակազմն իրենց շատ է օգնում: Նկարահանումներն իրականանում են 4k ֆորմատով, որն ունի իր բարդությունները, բայց իրենք հաղթահարում են և անցնում առաջ:

ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորն անդրադարձավ Բեթհովենի առանձնահատկություններին` նշելով, որ ժամանակին Բեթհովենը սխալ կերպ է մատուցվել և ընկալվել:

«Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայի 2-րդ մասը, մինչև վերջերս, մարդիկ դանդաղ էին նվագում, և լրիվ այլ երաժշտություն էր ստացվում: Այս նախագծում ամեն ինչ արված է որակապես ամենաբարձր մակարդակով, պահպանված է Բեթհովենի խոսքը, նշումը, ցանկությունը: Մենք նվագում ենք` մի քիչ աուտենտիկ ոճը խառնած ժամանակիցի հետ, բայց շատ թեթև: Ուսումնասիրել ենք յուրաքանչյուր ստեղծագործություն մանրակրկիտ, փորձել ենք հասկանալ, բայց արել ենք մեր տարբերակը, որը տարբեր է և նորովի»,- նշեց Էդուարդ Թոփչյանը՝ ասելով, որ Բեթհովենի երաժշտությունը կենսուրախ, ճկուն, ու փայլուն է, ոչ թե հերոսական ու ծանր:

Մամուլի ասուլիսի ժամանակ խոսվեց ևս մեկ նախագծի մասին, որի փակագծերը որոշեցին չբացել:

 

Մերի Հովհաննիսյան

 

  • Created on .
  • Hits: 205

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: