Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝   Կամերային տան բեմին

    

 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոն։ Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։

«Ինձ վաղուց էին առաջարկում նման ծրագրեր իրականացնել։Ես հարյուրավոր հայ կոմպոզիտորների գործեր եմ ղեկավարել և հյուրախաղերի մեկնելիս էլ իմ պայմանը հետևյալն է՝ գոնե մեկ հայ կոմպոզիտոր պետք է լինի ծրագրում»,- նշեց Ռուբեն Ասատրյանը։ 

Այս երեկոն նշանակալի էր նաև նրանով, որ ներկայացվեցին միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ընդ որում՝ երեք սերունդ։

«Ներկայացնելու ենք Լորիս Ճգնավորյանի «Սերենադ»-ը՝ յոթ մասից բաղկացած, բավականին բարդ ստեղծագործություն է։ Ոգևորված զանգում էր ինձ արտասահմանից։ 27 տարի առաջ մեկ անգամ հնչել է Երևանում, դարձյալ իմ նախաձեռնությամբ։ Հաջորդը Միխայիլ Կոկժաևն է, հնչելու է «Կոնցերտինո»-ն բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար։Այս տարի լրանում է հեղինակի 75 ամյակը, մայիսի 22-ին էլ պետք է մեկ սիմֆոնիկ ստեղծագործություն հնչեցնենք նվիրված նրա հոբելյանին։ Կնչի Ստեփան Շաքարյանի «На волнах блюза» (Բլյուզի ալիքների վրա) ստեղծագործությունը, աստված հոգին լուսավորի, մեզ հետ չէ մեր վարպետը»,- ասաց դիրիժորը։

Հնչեց նաև Էդուարդ Հայրապետյանի «Պոստլյուդ»-ը որը կարելի է ասել արձագանք է տասը տարի անց

«Ի՞նչ է «Պոստլյուդ»-ը, այն ինչ ավարտվում է․ կա և՛ սկիզբ, և՛ ավարտ։ Այն ինձ համար շարունակության հնարավորություն էր, փորձ։ Այս համերգը շատ նշանակալի է, քանի որ այսօր կա պահանջ մեր արվեստին հնարավորոթյուն տալու, մարդիկ ուզում են լսել ուրիշ բան։ Այս համերգը հենց դրա համար է։ Այն առանձնահատուկ է սրանով նաև նրանով, որ ներկայացվում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ»,-նշեց Էդուարդ Հայրապետյանը։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Տաթև Ամիրյանի «The Birth of the Eternal» (Հավերժականի ծնունդը) Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։

Որպես մենակատարներ հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։

Նշենք, որ Կամերային նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալ ժամանակակից ստեղծագործողներին ու նրանց արվեստին։

                        

 

 Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 1269

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: