Հայկ Մելիքյանը «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգը նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 

 

 

Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ մենահամերգով։ Այն կրում էր «Շշունջս քամուն» խորագիրը, որը Սկարլատիի «Տիգրան» օպերայի համանուն արիայից էր վերցված: Արիայի դաշնամուրային փոխադրումը Հայկ Մելիքյանի կողմից իր իսկ կատարմամբ հնչեց առաջին անգամ․ «Այս տարի որոշեցի միստիկ որևէ բան ներկայացնել։ Ծրագիրը ընդհանուր առմամբ փոխադրումներից էր կազմված, նաև իմ կատարած։ Շատ ստեղծագործություններ առաջին անգամ էի կատարում, մյուսները տարիներ առաջ կատարել էի, բայց այսօրվա համար որոշեցի միավորել»,- ասաց դաշնակահարը։

Համերգը նվիրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ «Իմ ստեղծագործական գործունեության ընթացքում, կարծում եմ, չի եղել տարի, որ չանդրադառնամ մեր պատմության այս ողբերգական էջին՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Թեմային համահունչ կազմել եմ հատուկ ծրագիր՝ Գուրջիևի միստիկ երաժշտությամբ, բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպես նաև ներկայացրի դաշնամուրային մի քանի փոխադրումներս»,-նշեց Հայկ Մելիքյանը։

Համերգին կայացավ նաև երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարե» պիեսի առաջին կատարումը․

«Արեգը շատ հետաքրքիր, տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտոր է։ Անմիջապես սիրեցի այդ ստեղծագործությունը և համագործակցեցինք։ Գործը առնչություն ունի արցախյան վերջին պատերազմի հետ․ աղջիկը պատերազմում կորցնում է իր սիրած տղային։ Ես շատ եմ կարևորում նաև ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Շատերը տաղանդավոր են, սակայն քիչ են հնչում, լսվում ու տարածվում։ Իսկ նրանց թևեր տալը շատ կարևոր է»,-ասաց Հայկ Մելիքյանը։

Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը ներկայացրեց նաև իտալացի կոմպոզիտոր Բերգոլետտիի «Ստաբաթ Մատերից» հատված, որը փոխադրել է անցած տարի։ Հնչեցին բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ․ Ֆրեսկոբալդիի, Ջ․ Պերգոլեզիի, ինչպես նաև Կոմիտասի, Գ․ Նարեկացու ստեղծագործություններից։ Մենահամերգը բարեգործական էր, համերգի ողջ հասույթը պետք է տրամադրվի SOAR-ի՝ արցախյան վերջին պատերազմում նահատակված զինվորների ընտանիքների աջակցության կենտրոնին։

 

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 78

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: