«Նախագիծը ներդրում էր մեր ամբողջ ապագայի համար». Ամփոփվեց «Young Film Change-Makers» նախագիծը

«Կինոկետ փրոդաքշնս» ընկերությունը Նիդերլանդների «Արքայազն Կլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամի» աջակցությամբ ամիսներ շարունակ իրականացնում էր երիտասարդ ռեժիսոր Անի Հակոբյանի «Young Film Change-Makers» նախագիծը: Նպատակը կինոոլորտում նոր խոսք ունեցող երիտասարդ կինոգործիչներին մի հարթակի շուրջ համախմբելն ու աջակցելն էր՝ ստեղծելու սեփական ֆիլմերը:

Ապրիլի 29-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի ունեցավ նախագծի փակման հանդիսավոր արարողությունն ու «Young Film Change-Makers» նախագծի շրջանակում ստեղծված կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերան։

181023533 1884460585042570 8101187897381824120 n«Նախագիծը ներդրում էր մեր ամբողջ ապագայի համար, որովհետև առաջին անգամ պրոֆեսիանալ տեխնիկայով աշխատելու հնարավորություն ունեցանք, ինչը շատ դժվար է տրվում ուսանողներին կամ սկսնակ երիտասարդ ռեժիսորներին՝ առաջին ֆիլմերի ստեղծման ժամանակ: Մեծ փորձ էր նաև թիմային աշխատանքի իրականացման առումով, քանի որ իմ ֆիլմի դեպքում կային և՛ փոքրահասակ, և՛ հասուն դերասաններ և սկզբում վախեցնող էր՝ ինչպես եմ կարողանալու աշխատել նկարահանման հրապարակում: Մեծ մոտիվացիա է, որ կարողանում ես քո առջև դրված խնդիրը լուծել»,-ասում է «Մեր օրերի սև թուղթ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարիստ, ռեժիսոր Արմիկ Իսրայելյանը, որի հեղինակած ֆիլմը նվիրված էր արցախյան վերջին պատերազմին: Ըստ հեղինակի՝ սցենարը և՛ երևակայական էր, և՛ հիմնված իրական պատմությունների վրա, որոնք ինքը լսել է հենց պատերազմի ժամանակ՝ ընկերներից, այն լուսաբանողներից:

Ռեժիսոր Լուսինե Առուշանյանի համար իր «Արտացոլում» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը ևս դեբյուտային էր: Ըստ նրա՝ նախկինում իրականացրել է փոքր նախագծեր, բայց այս նախագծի շնորհիվ հնարավորություն ունեցավ կինոարտադրության ոլորտում մեծ փորձ ունեցող  մարդկանց հետ աշխատելու, համագործակցության հեռանկարներ ուրվագծելու:

«Մենք ցանկանում էինք ոչ թե զուտ կինոգործիչներ կրթել, այլ ծանոթանալ, ընկերանալ, փոխանակվել փորձով ու մտքերով: Ու դա ստացվեց: Ես և «Կինոկետ» ընկերության ողջ թիմը առաջնահերթություններ էինք դրել, հաշվի առել, ընդգծել կինոոլորտում գոյություն ունեցող խնդիրներն ու ամբողջ նախագիծը կառուցել ըստ դրա: Այդ խնդիրները մի նախագծի կոնտեքստում, բնականաբար, ամբողջությամբ չվերացան, բայց մենք ցույց տվեցինք լուծման ճանապարհը, իսկ լուծումը՝ կրթությունը, երիտասարդին հնարավորություն տալը, փորձն է: Այս առումով ծրագիրը միանշանակ հասավ իր նպատակին»,- ասում է «Young Film Change-Makers» նախագծի ղեկավար, ռեժիսոր Անի Հակոբյանը:

180269324 1884460568375905 4090769993463250024 nԸստ նրա դիտարկումների՝ ծրագրի մասշտաբները փոքրն են, բայց, որպես հետազոտող, «երրորդ աչք»՝ նայելով արդեն արված աշխատանքներին, նկատում է երիտասարդ գործընկերների մասնագիտական աճը: «Հիմա պատկերացրեք այդ մասշտաբները հարյուր անգամ ավելի մեծ՝ ֆանտաստիկ կլինի: Մեր խնդիրը սա էր ու մեզ հաջողվեց լուծել այն: Ես ուզում եմ՝ ձևավորվի նաև այն մտածողությունը, որ կինոն դիտարկենք որպես ռեսուրս և ներդրում անենք, որպեսզի մեր տնտեսությունը նաև կինոյով զարգանա: Ի վերջո կինոն արտադրություն է, պարզապես պետք է այդ ռեսուրսը ճիշտ ձևով մշակել»:

Նախագծի ղեկավարը դժվարանում է ասել՝ այն շարունակական կլինի, թե ոչ: «Նախորդ տարվա իրադարձություններն ինձ ցույց տվեցին, որ ոչինչ պետք չէ խոստանալ: Բայց մենք պատրաստ ենք ստեղծել այսպիսի հարթակներ ու իրականացնել նոր նախագծեր՝ ներդնելով մեր փորձը, հմտությունները, էնտուզիազմը»:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, որը բարձր գնահատեց արված աշխատանքն ու դրա արդյունքը:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 132

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: