• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Կարևոր է հասկանալը՝ ժամանակակից արվեստագետը որտեղ է տեսնում իրեն»․ Ընթանում է «Ալտերնատիվ արվեստի փառատոն»-ը

«Կարևոր է հասկանալը՝ ժամանակակից արվեստագետը որտեղ է տեսնում իրեն»․ Ընթանում է «Ալտերնատիվ արվեստի փառատոն»-ը

Նախորդ ամիս մեկնարկել է «Ալտերնատիվ արվեստի ամենամյա փառատոն»-ը, որը Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) ամենահին ավանդույթներից է: Արվեստի դաշտում նոր քայլեր անող անձանց և նրանց աշխատանքները մասնագիտական ​​միջավայրում ներկայացնելուն ուղղված այս նախագիծն անց է կացվում արդեն 25-րդ անգամ: Փառատոնի շրջանակում բացվել է ցուցահանդես, զուգահեռաբար տեղի են ունենում  նաև կինոցուցադրություններ, արվեստագետների հետ հանդիպում-քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 19-ը:

Հատկանշական է, որ միջոցառման իրականացման համար հիմնականում ընտրվում են երիտասարդ համադրողներ, ովքեր որոշում են փառատոնի շրջանակում անցկացվող ցուցահանդեսի կոնցեպտը: Այս տարվա համադրողները բանասեր, միջմշակութային հաղորդակցության մասնագետ Մարիամ Ալեքսանյանն ու քանդակագործ Գրիգոր Մուրադյանն են, ովքեր արվեստագետների առաջ խնդիր են դրել՝ սեփական գործերի միջոցով անդրադառնալ արվեստագետի կողմից ստեղծված իրականությանը, ժամանակակից իրականության մեջ վերջինիս ունեցած դերին:180412677 1372901153085901 2757753691559412612 n

Ըստ Մարիամի՝ ցուցահանդեսի մասնակցության 75 հայտ է ստացվել: Կազմակերպիչները ոչ ոքի չեն մերժել, և ընտրություն, որպես այդպիսին, չի եղել: Սակայն յուրաքանչյուր արվեստագետի հետ տեղի են ունեցել հանդիպումներ, զրույցներ և վերջնարդյունքում ցուցադրության է ներկայացվել 70 գործ:

Բերելով «մի քիչ ուրիշ» մտածողություն

«Ալտերնատիվ արվեստի ամենամյա փառատոնի նպատակը արվեստի ոլորտում նոր քայլեր անող մարդկանց որևէ թեմայի շուրջ մտածելու հրավիրելն է: Այստեղ տարիքային խմբի մասին չենք խոսում, այլ նորահայտ արվեստագետների, ովքեր գալիս ու իրենց հետ բերում են «մի քիչ ուրիշ», ալտերնատիվ, ակադեմիայից ու ընդհանուր դաշտից տարբերվող մտածողություն, և դրա ցուցադրման լավագույն տեղը փաստացի դառնում է ՆՓԱԿ-ը: Այս փառատոնը նպատակը ունի ցուցադրելու հենց այդ արվեստագետների գործերը»,-ներկայացնում է Մարիամը:

Ցուցահանդեսի կոնցեպտը. «Զրույց՝ իրականության մասին»

Մարիամն ասում է՝ վերջին մեկ տարում Հայաստանում շատ տարբեր իրադարձություններ եղան և կարևոր է հասկանալը՝ ժամանակակից արվեստագետը որտեղ է տեսնում, դիրքավորում իրեն, և առհասարակ, ինչի մասին է մտածում: Փառատոնի, ցուցահանդեսի գաղափարախոսությունը հենց արվեստագետի ու նրան շրջապատող իրականության հարաբերության, բախումների, հակադրությունների շուրջ է կառուցված:

«Մեր ուսումնասիրության արդյունքում հասկացանք նաև, որ կարող է լինել նաև փախուստ իրականությունից, չէ՞ որ արվեստը այդ հնարավորությունը տալիս է: Երբ դու լուրեր չես նայում, պատերազմին չես հետևում, կորոնավիրուսի թվերը չես նայում, այլ արվեստանոցում նստած մտածում ես, կամ քեզ համար մաքուր արվեստ ես ստեղծում՝ դա նույնպես իրականության հետ հարաբերություն է: Փախուստը նույնպես որոշակի երկխոսություն է»:

Արվեստագետի դերը՝ ոչ խաղաղ պայմաններում

«Արվեստագետը, գուցե, հենց ինքն է որոշում իր դերը»-ասում է Մարիամը: «Ուրիշ հարց է, թե նա ոնց է դիրքավորում իրեն տվյալ իրականության մեջ: Կարծում եմ՝ արվեստագետը պիտի իրեն դիրքավորի որպես արվեստագետ և արվեստ ստեղխի՝բոլոր հնարավոր և անհնար ժամանակներում ու վայրերում»:

Արվեստագետ-իրականություն երկխոսություն

«Իմ ներկայացրած նախագիծը Ճամբարակ քաղաքի լքված տների մասին է, որտեղ հայերի հետ ապրող գրեթե ողջ ռուս բնակչությունը 1992-1994 թվականներին, տնտեսական անկման պատճառով, Ճամբարակից տեղափոխվել է Ռուսաստան»,- իր ստեղծագործության մասին պատմում է փառատոնի մասնակից Մարգարիտա Ղազարյանը:180295011 875924389937618 8946367538413378777 n

«Լքված տներում, որտեղ ապրել են ռուսները, ժամանակը կարծես կանգ է առել. ամեն ինչ իր տեղում է՝ իրերը, որ թողել են, տների կահավորանքը, անգամ՝ հագուստը։ Այդ տների լուսանկարների վրա մարդկանց սիլուետներ են ասեղնագործված, որ կարծես բնակիչների ներկայության կետերն են։ Նախագծի խորքում, իհարկե, պատերազմն է, որն էլ ի վերջո բերել է այնպիսի հետևանքների, որ մարդիկ լքեն տները։ Չնայած նախագիծը սկսել եմ դեռևս 2018 թվականին֊, բայց այժմ այն առավել ակտուալ է։ Հաղթանակ֊-պարտության դիսկուրսում դուրս են մնում մարդկային, անհատական պատմությունները։ Դա, կարծում եմ, հենց այն կետն է, որտեղ պիտի ներկա լինի արվեստագետը»,-նկատում է Մարգարիտան:

«Կոմֆորտ զոնայից» դուրս

«Մեր խնդիրը արվեստի ոլորտի մարդկանց հարց տալն էր՝ ուր եք, ինչի մասին եք մտածում: Եվ մեր նպատակն էր արվեստի գործերի միջոցով ուսումնասիրել այդ պատասխանները: Բոլոր տեսակի հավանական պատասխանները, որ կարող էին լինել՝ մենք փաստացի ստացանք: Ասեմ, որ ցուցահանդեսին ներկայացված շատ գործեր տարբեր ձևերով անդրադառնում են թե՛պատերազմին, թե՛ համավարակին, բայց մեր արվեստագետներին հիմնականում դեռևս մտածելու տեղ է տալիս կռիվը ակադեմիայի և կռիվը այն սովորական բաների դեմ, որ իրենք տեսնում են իրենց իրականության մեջ. օրինակ՝ ծնողների, սոցիումի հետ հարաբերություններ, նկարչության հետ հարաբերություններ, կտավի տարածքից դուրս գալ և այլն: Բավական հետաքրքիր էր գեղանկարչություն սովորող և հիմնականում գեղանկարներ անող մարդուն տեսնել օրինակ ինստալացիաներ անելիս: Ինչպես մեր համադրող Գրիգոր Մուրադյանն է ասում, արվեստագետին պիտի դուրս բերես իր «կոմֆորտ զոնայից», որպեսզի նա ինչ-որ նոր, հետաքրքիր բան ստեղծի: Եվ, փաստացի, մենք հասանք մեր գլխավոր նպատակին»,-նշում է Մարիամը:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 176

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: