Մեկնարկել է «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

          

 

Մայիսի 30-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) մեկնարկել է «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը: Այն կընթանա մինչև հունիսի 15-ը՝ Երևանում, Գյումրիում, Արտաշատում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Արմմոնո» 19-րդ փառատոնն այս անգամ ուշադրությունը բևեռել է բացառապես հայ հեղինակների գործերի վրա՝ աշխատանքներ տանելով Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման, ինչպես նաև երիտասարդ դրամատուրգներին, դերասաններին ու բեմադրիչներին հարթակ տրամադրելու ուղղությամբ: Փառատոնը բացվել է Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանի «Կարմիր ծաղիկ» բեմադրությամբ:

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարի կցուցադրվի քսանից ավելի ներկայացում, կլինեն նաև առաջնախաղեր: «Արմմոնո-Plus» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ՝ մարզային թատրոնների դերասանների կատարմամբ: Բայց ինչպես նախորդ տարի այս տարի ևս, համավարակի պատճառով, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, թեպետ առցանց տիրույթում կներկայացվեն Անտոն Մոզգալյովի «Դահիճը», Վիկտոր Բուգակովի «Սեկտոր գազա», Մարինա Կորոբեյնիկովայի «Մայրական ծովերի հետքերը» (ՌԴ), Յուլիա Դյուսեբովայի՝ «Մեկին, ով գիտի» (Ղազախստան), Գալինա Լոբանոկի «Առանց դիմափոշի» (Բելառուս), Ամիր Մեյ-Թալի «Եռապատկեր» (Իսրայել) ներկայացումները:

Ըստ Մխիթարյանի՝ անցյալ տարի, համավարակի ու սահամանափակումների պատճառով, փառատոնի շրջանակում բացօդյա ներկայացվեց Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» ներկայացումը, որը, սակայն, քչերը կարողացան տեսնել: Այս տարի այն կրկին ներառվել է փառատոնի ծրագրում:

Փառատոնի շրջանակում «Դրամատուրգիա» հանդեսի և «tatron-drama.am» կայքի հետ համագործակցությամբ կիրականացվի նոր նախագիծ. կներկայացվի «Պատմություններ պատերազմի մասին» խորագիրը: Հայ դերասանները կներկայացնեն վեց դրամատուրգի ստեղծագործություն՝ թատերականացված ընթերցմամբ: Իսկ փառատոնի ավարտին, հունիսի 14-ին՝ հանդիսատեսը կտեսնի սիրո պատմություններ: Մարիաննա Մխիթարյանի կարծիքով՝ կյանքը, սերը, այո, պիտի լինեն և շատ ավելի մեծ տեղ ունենան մեր կյանքում:

Փառատոնի ծրագիրը կփակվի ՀԹԳՄ-ում՝ հայ դրամատուրգ Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» պիեսով՝ Գոռ Համաբարձումյանի ներկայացմամբ:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1149

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: