Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-21 համերգաշրջանն ամփոփում է հոբելյանական համերգով

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանը կփակի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգով, որը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա ազգությամբ հայ դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի երրորդ կոնցերտը։ Համերգային ծրագրում կհնչեն նաև Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։

«Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է նվագախմբի կարևորագույն անդամներից մեկի՝ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 100-ամյակը՝ նվագախումը կատարելու է նրա սիմֆոնիան, որն առաջին անգամ կատարվել է Բեռլինում և ինչից հետո որոշվել է`նվագախումբը դարձնել պետական»-ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը, որ միջազգային մրցույթների դափնեկիր է,  հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, հավելում է՝ բախտ է ունեցել փոքր տարիքում անձամբ տեսնել մաեստրո Էդվարդ Միրզոյանին, նույնիսկ լուսանկարն է պահպանվել:

Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 համերգաշրջանը, կարծիք հայտնեց, որ դիրիժոների համար այս տարվա ամենակարևոր երևույթը Ա.Խաչատրյանի անվան միջազգային 17-րդ մրցույթի անցկացումն էր, քանի որ դիրիժորների համար նախատեսված մրցույթներ շատ չեն լինում, իսկ այս մրցույթի շնորհիվ արդեն իսկ շատ տաղանդավոր դիրիժորներ են բացահայտվել:

Նրա խոսքով` այս ընթացքում արվել են մի շարք հատուկ նախագծեր: Անց են կացվել բարեգործական համերգներ, ձայնագրվել  Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից և այլն, սակայն Սմբատյանը հատկապես առանձնացրեց հունվարին՝ Արցախում անցկացրած հոգևոր երաժշտության համերգը:

Նա մեծագույն ձեռքբերում է համարում ԱՄՆ-ում հայտնի ստարտափ, ՏՏ ընկերության հետ նվագախմբի համագործակցությունը:

«Քանի որ անցյալ տարի համավարակի պատճառով Ա.Խաչատրյանի անվան մրցույթը անցկացրեցինք առցանց տարբերակով, ներկայացրեցինք անհավանական մի նորություն, որ նվագախումբը կարող է հետևել մենակատարին, նույնիսկ կյանքի ոչ ռեալ պայմաններում: «Մետամյուզիք»-ը, որն արել է շատ հետաքրքիր կոնցեպտներ, ոգեշնչվել է մեր նորարարությունից և նորարարական դաշտում առաջինը, ինչի մասին կարելի է խոսել`Ա.Խաչատրյանի ջութակի կոնցերտն է, որի շրջանակում հայտարարել ենք նաև ջութակահարների միջազգային մրցույթ, որտեղ վերջիններս նվագում են Խաչատրյանի կոնցերտը, իսկ նվագախումբը նվագակցում է ռեալ պայմաններում»:

Անդրադառնալով նվագախմբի առաջիկա ծրագրերին՝ դիրիժորը շատ մանրամասներ չհայտնեց, պարզապես նշելով, որ  նվագախմբի նոր համերգաշրջանի բացումը կլինի սեպտեմբերին:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1103

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: