Դասական երաժշտությունն Արցախի երեխաների համար․ «Արտկոնցեպտ»-ի նոր նախաձեռնությունը

Հուլիսի 7-ից աշխարահռչակ երաժիշտներ ու նվագախմբեր համախմբվել են մեկ ընդհանուր նպատակի համար:  «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան մեկնարկել է դասական երաժշտության առցանց հեռարձակումների շարք: Այն հնարավորություն է ընձեռնում մասնակցելու բարեգործական դրամահավաքին, որն ուղղված է Արցախի երեխաների համար իրականացվելիք Regeneration կրթական ծրագրին։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի արտ տնօրեն, կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը այս նախաձեռնության գաղափարն առաջացել էր դեռևս պատերազմի օրերին։ Նրա խոսքով պատերազմի օրերին տարբեր հանգանակություններ նախաձեռնվեցին։  Որպես կանոն, գումարները փոխանցվում էին մեկ-երկու հիմնադրամների, ինչը շատ տրամաբանական է այդ ժամանակաշրջանի համար։ Հրադադարից հետո որոշվեց, որ հեռարձակումներից գոյացած գումարը պետք է տրամադրվի որևէ կոնկրետ ծրագրի։

«Բազմաթիվ տարբերակներ քննարկելուց հետո որոշեցինք աջակցել Regeneration կրթական և զարգացման ծրագրին։ Այն արդեն կայացած և վստահելի նախագիծ էր՝ կազմակերպված «ՀայԱրմատ» և «Օգնենք Հայ Մանուկներին» ՀԿ-ների կողմից։ Regeneration-ը իրենից ներկայացնում է 8-ամսյա կրթական ծրագիր 10-14 տարեկան երեխաների համար, որի ընթացքում երեխաները մասնակցում են լեզուների, գրականության դասընթացների, զարգացնում վերլուծական մտածողությունը, ստանում անհրաժեշտ գիտելիքներ մասնագիտական կողմնորոշման հարցրում՝ ունենալով հանդիպումներ և այցելություններ տարբեր ոլորտներում հաջողության հասած անձանց ու կազմակերպությունների հետ։ Այս նախաձեռնությունը լիովին համապատասխանում էր «Արտկոնցեպտ»-ի թիմի նախընտրություններին, քանզի մեր ցանկությունն էր գումարն ուղղել որևէ շարունակական ծրագրի, որի արդյունքներն ավելի երկարաժամկետ ապագայում օգուտ կտան։ Այսպիսով, Regeneration ծրագրի հետ համատեղ որոշվեց նոր փուլ սկսել՝ այս անգամ Արցախի երեխանների համար։ Եվ ուրախ եմ, որ համագործակցությունը ստացվեց։ Կուզենայի նաև հավելել, որ Stand with Artsakh նախագծի շուրջ թե՛ «Արտոկցեպտ»-ի և թե՛«ՀայԱրմատ»-ի և «Օգնենք Հայ Մանուկներին» թիմերն աշխատում են կամավորական սկզբունքով, նմանապես՝ նաև 8-ամսյա կրթական ծրագրի բոլոր կազմակերպիչներն ու դասավանդողները»,-ասաց Արսեն Բաբաջանյանն ու հավելեց, որ հանգանակված միջոցները հարկավոր են բացառապես տեխնիկական և սպասարկման ծախսերի համար։

Հինգ շաբաթ շարունակ` ամեն չորեքշաբթի, «Արտկոնցեպտ»-ի սոցիալական ցանցերին հետևող մարդիկ կարող են վայելել դասական երաժշտության առցանց հեռարձակումները:

«Այս նախագծով մենք երկու նպատակ ենք հետապնդում. մեկը՝ մշակութային դաշտում արցախյան հիմնախնդրի շուրջ ուշադրության հրավիրելը և անվանի երաժիշտների կոչը լայն հանրությանը հասանելի դարձնելը, և երկրորդը՝ կոնկրետ նյութական աջակցությունը՝ Regenaration ծրագրին ֆինանսական օժանդակություն ապահովելով»,-զրույցի ժամանակ նշեց  կոմպոզիտորն ու հավելեց, որ իրենց կոչին արձագանքեցին անվանի երաժիշտներ աշխարհի ամենատարբեր անկյուններից և այս տեսանկյունից ամենաօպերատիվ և մատչելի ձևաչափը այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար առնցանց տարբերակն էր։

Որոշ տեսագրություններ կատարվել են «Արտկոնցեպտ»-ի թիմի կողմից, որոշ երաժիշտներ իրենց ունեցած տեխնիկական հնարավորությունների շրջանակներում անձամբ են կատարել ձայնագրությունները, ոմանք էլ տրամադրել են արդեն իսկ ունեցած ձայնագրությունները։

«Դեռևս պատերազմի օրերից սկսած դիմեցինք երաժիշտներին տեսագրություններ տրամադրելու համար և այդպիսով իրենց աջակցությունը հայտնելու նախագծին»,-հավելեց Արսեն Բաբաջանյանը և նշեց, որ երաժիշտներին և նվագախմբերին ընտրելիս չեն առաջնորդվել ազգությամբ։

«Նախագիծն, ի սկզբանե, որպես միջազգային միջոցառում էր մտահղացված և սրանով է պայմանավորված մի շարք այլազգի երաժիշտների և համույթների մասնակցությունը։ Իհարկե, տրամաբանական էր նաև արտերկրում և Հայաստանում ընդարձակ գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչներ ներգրավածությունը նախաձեռնությանը, ինչը մեզ համար շատ կարևոր էր: Շատ շնորհակալ ենք նրանց ակտիվ աջակցելու համար: Այստեղ հատուկ պետք է նշեմ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակարուհի Մարիաննա Շիրինյանի նախագծին անփոխարինելի օժանդակությունը»,-նշում է կոմպոզիտորը։

Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաև արձագանքներին և Արսեն Բաբաջանյանը ուրախությամբ փաստեց, որ արձագանքները դրական են:

«Regenaration ծրագրի մեկ երեխայի 8-ամսյա մասնակցության համար հարկավոր է ընդամենը 50 եվրո։ Յուրաքանչյուր խմբում ներգրավված են 10-ից 14 երեխա։ Ուրախ եմ նշել, որ արդեն կայացած երկու հեռարձակումների ընթացքում մեկ խմբի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը արդեն հավաքվել է։ Եվ որքան շատ գումար հանգանակվի, այդքան ավելի շատ երեխա հնարավորություն կունենա մասնակցել այս ծրագրին»,-նշեց կոմպոզիտորը։

 

Ծրագրի մասին

Երեխաները մասնակցում են անգլերեն լեզվի խորացված դասընթացների, գլոբալ և լոկալ թեմաներով միջոցառումների և հանդիպումների, որոնց նպատակն է ընդլայնել երեխաների աշխարհայացքը, զարգացնել վերլուծական մտածելակերպը: Երեխաներին նաև հնարավորություն է տրվում ծանոթանալ արդի մասնագիտութուններին՝ այցելելով տարբեր կազմակերպութոյւններ և հանդիպել տվյալ ոլորտի մասնագետների հետ: Խորացված ծրագրի շրջանակներում երեխաները նաև հնարավորություն են ստանում փորձել իրենց ուժերը տվյալ ոլորտում:

Դրամահավաքը կատարվում է միջազգային GoFundme հարթակի միջոցով։ Բոլոր ցանկացողները կարող են https://gofund.me/b4de4c99 հղումով հանգանակություններ կատարել։

 

Մերի Հովհաննիսյան

 

  • Created on .
  • Hits: 95

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: