Գրքի երևանյան փառատոնն ամփոփվեց

 

 

Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Գրքի երևանյան 4-րդ փառատոնի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ էլ հայտարարվեցին գրական մրցույթի հաղթողների անունները։ Գրական մրցույթը հայտարարվել էր երկու անվանակարգերում՝ «Արձակ» և «Պոեզիա»։ Շուրջ 70 հայտ ներկայացվել էր «Արձակ» անվանակարգում, որում հաղթող ճանաչվեց երիտասարդ արձակագիր Հովիկ Աֆյանը, որին իր մրցանակը հանձնեցին փառատոնի ժյուրիի անդամ, գրող, թարգմանիչ և դրամատուրդ Գուրգեն Խանջյանը և փառատոնի նախորդ տարվա «Արձակ» անվանակարգի հաղթող Աննա Դավթյանը։ Աֆյանը հայ ընթերցողին հայտնի է իր «Միս ուտողները», «Չաստվածաշունչ», «Կարմիր» գրքերով։

Մոտ 76 հայտ էլ ներկայացվել էր «Պոեզիա» անվանակարգում, որտեղ հաղթող է ճանաչվել բանաստեղծուհի Լուսինե Եղյանը։ Նա հրատարակել է «Մագմա», «Ինքնահոսի» բանաստեղծական ժողովածուները։  Եղյանին մրցանակը հանձնեցին ժյուրիի անդամ Քրիստինե Հովհաննիսյանը և փառատոնի 2020 թվականի գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգի հաղթող Անահիտ Հայրապետյանը։

Ինչպես գիտենք, Գրքի երևանյան փառատոն 2021-ը նվիրված էր Ե․ Չարեցնի ծննդյան 125-ամյակին ընդառաջ։ Գրական մրցույթի հաղթողները նաև պարգևատրվեցին «Եղիշե Չարենց» հուշամեդալով, որը նրանց հանձնեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Հիշեցնենք, որ գրական մրցույցից զատ՝  Գրքի երևանյան 4-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ հայաստանյան հրատարակչությունները զեղչերով ներկայացրին իրենց գրքերը, տեղի ունեցան տարբեր գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, եղան հանդիպումներ գրական-մշակութային ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ և այլն։ Իսկ փառատոնի հաղթողներ Լուսինե Եղյանի և Հովիկ Աֆյանի հետ Cultural.am-ի հարցազրույցները կարդացեք հետևյալ հղումներով՝

«Զգացողություն ունեի, որ շարունակ ինքս ինձ եմ վերադառնում». Լուսինե Եղյանը գրականության ու «Ինքնահոսի» մասին

«Պատերազմի ժամանակ, ի տարբերություն սիրո, կեղծիք չկա․․․». Հովիկ Աֆյան

  • Created on .
  • Hits: 1300

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: