Զավեն Խաչիկյան․ Մենք շատ ենք անլրջացել

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակը վերջինիս համար դարձավ պատերազմի և համավարակի օրերի վավերագրման տարածք: Հենց այդ օրերին լուսանկարիչը Իսահակյան փողոցի բազմահարկ շենքի իր պատուհանից սկսել է լուսանկարել գրեթե անշարժացած կյանքից դրվագները:

Լուսանկարների շարքը ներկայացված է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում: Ցուցահանդեսը, որ կրում է «Վերաբերմունք» խորագիրը, այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը: Խորագրի անվանումը գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառից է:

Զավեն Խաչիկյանի համար սա հայացք էր դեպի ներս և դեպի ինքն իրեն նայելու ձև էր: «Մենք փակվում էինք տանը, դեպի ներս էինք նայում, բացում էինք վարագույները դեպի դուրս էինք նայում: Դուրսը բան չկար. պարտադրված համավարակ և պարտադրված պատերազմ»,-ասաց լուսանկարիչը և շարունակեց պատմել, թե ինչպես է ստացել լուսանկարները:

«Երեխաներից ոգևորված` իրենց գունավոր թղթերն էի վերցնում կպցնում լուսանկարներին, փորձում էի ոչ մի բան չտեսնել: Պատերազմի օրերին սկսում ես ներս նայել. կարծես հողը ոտքերիդ տակից գնում է, նորից հետ ես նայում, նորից հին նկարներին ես գալիս, շարժումներ, հեղափոխություններ, ընկերների նկարեր: Այս ամենը մի պահ անիմաստ է դառնում, և սկսում ես իմաստ որոնել: Մտածում եմ` եթե ամեն ինչ այսքան անիմաստ է, այդքան զոհերը ինչո՞ւ ենք տվել, ի՞նչ վերնագրի տակ ենք դրել»:

Ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից: Առաջին տաղավարում ներկայացված են Զավեն Խաչիկյանի նոր աշխատանքները, հաջորդում տեղ են գտել իր ընկերների արված նկարները, երրորդը հիշողության պատն է` տարբեր տարիների հեղափոխության, զինվորների լուսանկարներով: Կարելի է հանդիպել պաստառների` Կոստան Զարյանի խոսքերով: Լուսանկարիչն ասում է, որ բարդ իրավիճակ է, և դրա համար դիմել է մեծերի, ընկերների օգնությանը:

«Մենք շատ ենք անլրջացել ու խնդիրներ ունենք, որ պիտի նկատենք: Ես դա ինձ եմ ասում: Մեզ գնահատելու, հարգելու, ոչ թե օտարին դուր գալու խնդիրների առաջ ենք կանգնած: Հավաքական մտքի մեջ հայտնվելու, պարզվելու մաքրվելու, երեխայանալու երեխաներով ոգևորվելու կարիք ունենք»:

Զավեն Խաչիկյանը նոր փորձ է նաև բերում դաշտ։ Նրա խոսքով, քիչ է գունավոր լուսանկարներ անում, և սա էլ մի խնդիր է իր համար: Փոխում է ինքն իրեն, քանի որ աշխարհը յուրաքանչյուրի փոխվելով է փոխվում:

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 1304

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: