«Սողոմոն և Սողոմոն». գոհաբանության երեկո` նվիրված երկու հայի, որ վերապրեցին Եղեռնը

 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության կայացավ տանը գոհաբանության երեկո` նվիրված Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակին և Կոմիտաս Վարդապետի տարեդարձին:

Ինչպես նշում է «Սողոմոն և Սողոմոն» նախագծի հեղինակ Էռնա Ռևազովան, այս երկու հայ նշանավոր անձանց, որ վերապրել են եղեռնը, համեմատելու, զուգահեռներ անցկացնելու գաղափարը դեռ 10 տարի առաջ կար, որ պետք է կենդանություն ստանար ֆիլմի ձևով: 

«Վարդապետի լռությունը և Սողոմոն Թեհլերյանի վրեժ լուծելը. այդ տարբերությունը զգալ, հասկանալ և դրա շուրջը կառուցել ֆիլմ, սակայն որոշ պատճառներով դա չստացվեց: Մենք որոշեցինք այլ ձևաչափով ներկայացնել այդ միտքը: Փորձեցինք ստանալ երաժշտական և գրական կոմպոզիացիա: Մենք ուզում ենք երախտագիտություն հայտնել և մեծարել նրանց և հարգանքի տուրք ենք մատուցում մեր տղաներին, ովքեր Սողոմոն Թեհլերյանի պես պատրաստ են հայրենիքի ու ժողովրդի համար կյանքը տալ».- մեզ հետ զրույցում պատմեց նախագծի հեղինակը: 

«Սողոմոն և Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը ներկայացրեց Կոմիտասի երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը ընթերցեց հատվածներ` Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլերյանի գործով դատական լսումների սղագրությունից։

Հատվածներն ընտրել է Էռնա Ռևազովան, իսկ երաժշտության հարցը վստահել է Հայկ Մելիքյանին:

Դաշնակահարը ստեղծագործություններն ընտրել է մեկ շնչով` ուղղակի հենց սցենարն ընթերցելիս։

«Թեման ուսումնասիրելիս, պարզապես ցանկություններս, զգացողություններս շատ արագ առարկայացել են նվագացանկի տեսքով։ Ես պարզապես ցանկանում էի ներդաշնակություն, ակադեմիականություն ու երախտագիտություն հաղորդել իմ կատարումների միջոցով։ Հետահայաց կարող եմ ասել, որ նվագացանկը կազմելուց հետո հասկացա, որ բոլորին կապող կարմիր թելը «Հայրենիք» հասկացությունն է, որը և երկու Սողոմոններին է այս համատեքստում միավորում»,-նշեց է Հայկ Մելիքյանը։

Բաբկեն Չոբանյանը, որ ներկայացնում է Սողոմոն Թեհլերյանի դատավարության վկաների և պաշտպանների արձանագրությունները, ասաց, որ սա ևս մեկ անգամ մարդկանց հիշեցում է, թե ինչպես եղավ, որ արդարացրին Թեհլերյանին, ինչը նախադեպ էր և այդ առումով իր համար պատասխանատու երեկո է:

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես Կոմիտասի ստեղծագործությունները, այնպես էլ Արթուր Ավանեսովի, Տաթև Ամիրյանի, Հարություն Դելլալյանի, Հայկ Մելիքյանի ստեղծագործություններն ու մշակումները:

 

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 1073

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: