Երկարատև դադարից հետո «Սպարտակը» կրկին Օպերային թատրոնի խաղացանկում է

 

Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը տևական դադարից հետո կրկին վերաբեմադրվել է ու ներառվել թատրոնի խաղացանկում:

Ներկայացման երաժշտական ղեկավարը դիրիժոր, Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն է, բեմադրիչը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը, նկարիչը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սիմոն Վիրսալաձեն: Գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի օպերայի և բալետի առաջատար մենակատարները:

Սպասվող իրադարձությանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալԱրա Խզմալյանի խոսքով՝ փետրվարի 5-ին, պատերազմական շրջանից հետո, Օպերային  թատրոնի գեղարվեստական խորհրդի հետ քննարկվել է, թե օպերային թատրոնը ինչ ծրագրեր  պիտի իրականանցնի և առաջարկվել է, որ հենց «Սպարտակ»-ը վերականգնվի:

«Այս ներկայացման ընտրությունը երկու կարևոր նպատակ էր հետապնդում: Նախ սա այն բացառիկ ներկայացումն է, որը կարող  է մոբիլիզացնել ամբողջ թատերախումբը և փորձերի, ներկայացումների արդյունքում միանգամից մարզական վիճակի բերել, վերականգնել կոլեկտիվի աշխատանքային վիճակը: Երկրորդ՝ հետպատերազմական շրջանում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք կոչված են վերականգնելու հանրության բարոյահոգեբանական վիճակը, վերադարձնելու հերոսական, հաղթական ապրումները և այս տեսակետից դժվար էր պատկերացնել ավելի մեծ գործ, քան «Սպարտակ»-ն է: Եվ, ըստ էության, այս երկու նպատակների տեսակետից «Սպարտակ»-ի վերականգնումը գալիս է լուծելու նշված կարևորագույն խնդիրները: Եվ ի վերջո, բոլորս երևի ընդունում ենք, որ Օպերային թատրոնն իր խաղացանկում չի կարող չունենալ «Սպարտակ»:

Փոխնախարարն անդրադարձավ նաև մեկ այլ կարևոր հանգամանքի. «Մենք խնդիր ունենք մեր կրթական հաստատությունները կապելու պետական կառույցների հետ: «Կոնսերվատորիան և ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբերը, պարարվեստի պետական քոլեջը և օպերային թատրոնը պիտի լինեն մշտական կապի մեջ: Եվ, ըստ էության, հենց պետական մշակութային կազմակերպությունները պիտի պատվեր իջեցնեն կրթական հաստատություններին, թե ինչ գործիքների, ինչ պարողների անհրաժեշտություն ու պակասորդ կա»: Վերջինիս խոսքով՝ այս առումով լուրջ համագործակցություն է ծավալվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի խորեոգրաֆիայի ստուդիայի հետ, որի սաները ընդգրկված են ոչ միայն «Սպարտակ»-ի, այլև մյուս ներկայացումների աշխատանքներում:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ներկայացման բեմադրիչ Յ. Գրիգորովիչի հորդորով որոշակի փոփոխություններ են արվել վերջինիս կողմից ղեկավարված «Սպարտակ»-ի նախորդ՝ 2009թ-ի բեմադրության մեջ: Փոխոխություններն են արվել ներկայացման միզանսցենում, դեկորացիաներում, լուսային ձևավորման հարցում, թարմացվել են նաև բեմական զգեստները: Գրիգորովիչը նաև արտիստական, տեխնիկական խումբ է բերել:

Քանի որ նվագախմբի հետ աշխատում է մաեստրո Դուրգարյանը՝ բանախոսները հավատացնում են՝ որակական փոփոխությունները զգալի կլինեն հենց ներկայացման ժամանակ:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 39

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: