«Լեհական մշակույթի օրեր»՝ Երևանում

                                      

 

 

Առաջիկա օրերին Երևանում կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» մշակութային ծրագիրը: Այն իրականացնում են լեհական «Our Beat for Culture Foundation» կազմակերպությունը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը նշեց, որ ինչպես անցած տարիներին, նույնկերպ էլ այս տարի, ծրագրում լինելու են տարաբնույթ միջոցառումներ, կինոցուցադրություններ, այդ թվում՝ Լեհաստանի կողմից պարգևատրված հայերի և հայկական ծագում ունեցող լեհերին նվիրված: Ըստ նրա՝ մինչ Հայաստանում լեհական մշակույթի օրեր անցկացնելը, նույնանման միջոցառումներ իրականացվել են նաև Լեհաստանում:

 «Ծրագիրը կսկսվի հոկտեմբերի 21-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ շարունակվելով մինչև հոկտեմբերի 30-ը: Այս տարի ավելի լայն մասշտաբով ենք կազմակերպում Հայաստանում լեհական օրերը: Ծրագրում կա երեք ֆիլմ, երեք ցուցահանդես, վարպետության դասեր՝ աշակերտների և ուսանողների համար, լեհական դասական երաժշտության համերգ, որով էլ կեզրափակենք Հայաստանում լեհական մշակութային օրերը: Ուրախ եմ հայտնել, որ համերգի ընթացքում տեղի կունենա նաև Ցիպրիան Կամիլ Նորվիդի բանաստեղծությունների գրքի  շնորհանդեսը, որում տեղ են գտել նաև նրա գրչով ստեղծված գրաֆիկաներն ու պատկերները»,-նշեց նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը: Նա ընդգծեց, որ հեղինակի բանաստեղծությունները Հայաստանում առաջին անգամ են թարգմանվում և այն իրականցրել է  Գագիկ Դավթյանը, իսկ գրքի ստեղծման գաղափարը պատկանում է դեսպան Պավել Չեպլակին: «Ի դեպ, այս տարի աշխարհի լեհերը նշում են Ցիպրիան Կամիլ Նորվիդի ծննդյան 200-ամյակը և շատ ուրախ ենք, որ այդ իրադարձությունը կարող ենք կիսել Հայաստանի հետ»:

Անդադառնալով մշակութային ծրագրի օրակարգին տիկին Լաբենցը մանրամասնեց՝ հոկտեմբերի 21-22-ին լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ կլինեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում և Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Հոկտեմբերի 22-ին ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդեսը։

Հոկտեմբերի 24-26-ը կինոցուցադրություններ կլինեն «Մոսկվա» կինոթատրոնում: Հոկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները», հոկտեմբերի 25-ին, նույն ժամին՝ «Ժեյա» և հոկտեմբերի 26-ին` ժամը 16:00 և 18:00-ին,  «Օրեր և գիշերներ» ֆիլմերը:

Հոկտեմբերի 28-ին`ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։

Հոկտեմբերի 30-ին` ժամը 19:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի ամփոփիչ դասական համերգը: Ելույթ կունենան լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչ և Ռոշկո եղբայրները, կհնչեն նաև Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։

Ծրագրի շրջանակում անցկացվելիք բոլոր միջոցառումների մուտքը կլինի անվճար:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1092

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: