Մեկնարկեց Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը

 

 

Նոյեմբերի 15-ին մեկնարկեց Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը՝ Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս) ներկայացմամբ։

«Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն «Համլետ», «Մակբեթ», «12-րդ գիշեր կամ կամ ինչպես կամենանք» և այլ ներկայացումներ:

Բալյանի փոխանցմամբ՝ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են:

«Շատ կարևոր ծրագիր է, որի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, ժյուրիի անդամներն են թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը և դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը։ Հաղթողին սպասվում է մրցանակ»,- հավելեց Բալյանը։

Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ) նշեց, որ իրենց թատերախումբը հասցրել է լինել տարածաշրջանում, սակայն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, ինչի համար շատ ուրախ են:

«Բազմիցս լսել եմ այս փառատոնի մասին, որն իսկապես կարևոր իրադարձություն է: Վերջերս Տալինում էի: Երբ այնտեղ իմացան, որ մասնակցելու ենք Երևանի Շեքսպիրյան փառատոնին, ինձ խնդրեցին պայմանավորվել Կարո Բալյանի հետ այստեղ գալու համար: Ավաղ, փառատոնն անսահմանափակ հնարավորություններ չունի»:

Ֆեդոտովի խոսքով՝ իր երիտասարդության ամենատպավորիչ պահերից մեկն այն է եղել, երբ Մոսկվայում դիտել է Հայաստանի մայր թատրոնի «Կորեոլանը», որի գլխավոր դերակատարը հանճարեղ դերասան Խորեն Աբրահամյանն է եղել: Ֆեդոտովը մինչ օրս չի կարողանում մոռանալ ներկայացումն ու իր ստացած ցնցող տպավորությունը:

Ֆրանսիացի դերասանուհի Աուրելիա Իմբերտը նշեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում. «Փառատոնի շրջանակում ներկայանալու եմ «Տանտիրուհու երազանքը» մոնոներկայացմամբ։ Իմ հերոսուհին երիտասարդ լեհուհի է։ Նա աշխատում է թատրոնում, որտեղ փորձում են Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից: Նա զայրացած է իր գործընկերների վրա, քանի որ ամենապատասխանատու պահին նրանք լքում են թատրոնը։ Եվ նա պետք է ամեն գիշեր սեփական ձեռքերով դասավորի բեմական իրերը, արկղերը։ Այդ ժամանակ է, որ թատրոնի կախարդանքը գործում է, և երիտասարդ կինը զգեստների միջոցով նրբորեն ներթափանցում է Շեքսպիրի կերպարների մեջ։ Նա դառնում է Ռիչարդ III, Լեդի Մակբեթ, Օֆելիա»։

Արվեստաբան, թատերագետ Հասմիկ Սեյմորը կարևորեց այն փաստը, որ Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է։

«Սա շատ կարևոր նվաճում է, և դա հպարտանալու առիթ է տալիս։ Շեքսպիրյան փառատոնն ունի միջազգային մեծ համբավ, և դա փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանի ձեռքբերումն է, որի գործը հրաշալի շարունակում է Կարո Բալյանը» ։

Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 20-ը:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1326

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: