Գերմանիայում կայացավ «Ցտեսություն, Ծիտ» կամերային օպերայի պրեմիերան

 

 

 

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Մյունխենում կացավ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի «Ցտեսություն, Ծիտ» կամերային օպերայի պրեմիերան, որ գրվել է Արամ Պաչյանի համանուն վեպի հիման վրա: Պրեմիերային ներկա էր նաեւ վեպի հեղինակը։ Cultural.am-ի հարցին, թե պատկերացնում էր արդյոք, որ վեպը երաժշտական ստեղծագործության հիմք կարող է դառնալ, Պաչյանը պատասխանեց․ «Գիտեի, որ ինչ-որ հնարավորություններ ունի, բայց նաեւ հասկանում էի, որ դժվար է լիենլու․ տեքստի բազմաշերտությունը, ինչ-որ առումով խրթինությունը ինձ վախեցնում էր, կարծում էի, որ դժվար հնարավոր լինի մաքուր մի բան ստանալ, բայց փաստորեն ստացվեց»։

Գրողը մշտապես հետեւել է կամերային օպերայի ստեղծման աշխատանքների ընթացքին։ Բացի այդ 2019 թվականին նախագծի շրջանակներում կրթաթոշակ է ստացել եւ ապրել Վիլա Վալդբերտա արվեստագետների կացարանում՝ միաժամանակ ներկա լինելով օպերայի ստեղծագործական խմբի աշխատանքային առաջին փուլին։

Կոմպոզիտոր Արսեն Բաբաջայնաը պրեմիերայից գոհ է․«Բոլորը մեծ աշխատանք են կատարել, երաժիշտները, պարողները, դիրիժորը, իմ ընկերները, ովքեր որ օգնում էին։ Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթ անցավ»։

Տենոր Լուկաս Զիբերթը խոստովանում է, որ բարդ էր հատկապես ուժերը առաջին, երկրորդ ակտերի եւ պրոլոգի մեջ այնպես բաժանելը, որ ոչ մի մասում իր հերոսը չտուժի, բայց համարում է, որ դա իրեն հաջողվել է, քանի որ իր կերտած կերպարն իրականում շատ նման է իրեն․

«Շատ բան ստիպված չէի խաղալ դասական իմաստով, որովեհտեւ հերոսը այնքնան նման է ինձ։ Հսկայական նյութ էր ինձ համար, բայց հենց սա էր նաեւ ոգեւորողը, որոհետեւ այնքան գունեղ ու այնքան խիտ էր տեքստը ու այնքան բացահայտելու բան կա դեռ այս գործում, կարծում եմ դեռ դրա պահը կգա ինձ համար»,- նշեց նա մեզ հետ զրույցում։

Նվագախումբը պրեմիերայի ընթացքում ղեկավարեց Մյունխենի եւ Նյուրենբերգի սիմֆոնիկ նվագախմբերը ղեկավարած Հենրի Բոնամին։ Բացի հիմնական երաժիշտներից, կամերային օպերայի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են նաեւ «Խազեր» (խմբավար՝ Անի Նավասարդյան) եւ «Դիվիսի» (խմբավար՝ Մարինա Ալավերդյան) երգչախմբերը Հայաստանից։

Նշենք, որ նախագծի իրականացմանն աջակցել են Մյունխենի քաղաքապետարանը, Գերմանիայի դաշնությունում Հայաստանի դեսպանատունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Նախագծի կազմակերպիչն ու իրագործողն է ARTCONCEPT միջազգային ասոցիացիան։

DSC01732DSC01770

DSC01780DSC01799

DSC01834DSC01849

DSC01857DSC01875

 

 

Լուսանկարները՝ Մարիա Մատինյանի

  • Created on .
  • Hits: 492

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: