«Հնագիտական մասունքներ Շուշիից». Նոր ցուցադրություն

 

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով: 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից գորգեր և կարպետներ, հնագիտական այլ առարկաներ։

Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, ավագանու անդամներ, մշակույթի գործիչներ: Հնագետների խոսքով ներկայացված ցուցանմուշների մեծ մասը պատկանում է հայկական լեռնաշխարհի էթիունյան մշակույթին:

«Ֆենոմենն այն է, որ ուշ բրոնզ- երկաթեդարյան ժամանակաշրջանում, ի դեմս էթիունյան մշակույթի, կարող ենք փաստել, որ Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը մշակութային առումով եղել է միատարր»,- ընդգծել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 29-ը:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

  • Created on .
  • Hits: 854

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: